Ջազ-ակումբի տերերն ապօրինի քայլեր են ձեռնարկում

02/10/2011

Օրերս «168 Ժամը» տպագրել էր Երեւանի Պուշկինի 52 շենքի բնակիչների բաց նամակն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Բնակիչներն ահազանգել էին նույն հասցեում գործող Ջազ-ակումբի սեփականատերերի անօրինական քայլերի դեմ. «Այն օրվանից, երբ առաջին հարկի բնակիչն իր տարածքը սկսեց օգտագործել որպես ջազ-ակումբ, այդ օրից սկսվեցին բոլոր խառնաշփոթները, խաթարվեց բնակիչներիս հանգիստը: Ջազ-ակումբի սեփականատերերը նախ քանդեցին ամբողջ բակը, այդ փոքրիկ բակի հաշվին մեծացրեցին իրենց տարածքը: Այժմ էլ նրանք կրկին ցանկանում են ընդլայնել իրենց ակումբի տարածքը` կրկին բակի հաշվին` փակելով ընդհանուր մուտքը փողոցից, որտեղից ելումուտ են անում բնակիչները: Այդ կամարաձեւ մուտքը ծառայում է ոչ միայն Պուշկին 52 շենքի, այլեւ հարակից շենքի բնակիչների համար: Այն միջանցիկ դալան է բոլորիս համար, որը շենքի ճակատային մասն է»: Ըստ նամակագիրների` ջազ-ակումբի սեփականատերերը հարեւաններին պարտադրում են իրենց տալ բնակչին պատկանող բնակարանի սեփականության վկայականի եւ անձնագրի պատճենները եւ իրենց ստորագրությունները` պնդելով, թե իբր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը թույլատրել է նրանց այդ կամարաձեւ դալանի հաշվին ընդլայնել իրենց ջազ ակումբը: «Պուշկինի 52 շենքի բնակիչների անունից խնդրում ենք դադարեցնել այդ գործընթացըգ Տարիներ առաջ առանց բնակիչներիս համաձայնությունը հարցնելու, կեղծելով մեր ստորագրությունները` այդ ջազ-ակումբի սեփականատերերը նույն այդ կամարաձեւ դալանը նեղացրեցին` առաջ տալով իրենց պատը: Արդյունքում, արդեն շուրջ 10 տարի ապրում ենք այդ աղմուկի մեջ, որը հանգիստ չի տալիս մեզ օրուգիշեր: Իսկ նրանց այս վերջին քայլը, որով ցանկանում են փակել մուտքը` այլեւս հնարավոր չէ հանդուրժել»,- գրել էին բնակիչները:

Սեպտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում ստացանք, որում ասվում էր. «Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի սեպտեմբերի 29-30-ի թիվ 91(851) համարում տպագրված Պուշկին 52 հասցեի շենքի բնակիչների «Այլեւս չենք հանդուրժի» վերտառությամբ բաց նամակի առնչությամբ տեղեկացնում ենք, որ նշված հասցեից Երեւանի քաղաքապետարանը կառուցապատման որեւէ հայտ կամ դիմում չի ստացել եւ, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանը տվյալ տարածքի ընդլայնման կամ շինարարական որեւէ այլ գործառույթ իրականացնելու թույլտվություն չի տրամադրել»:

Հ.Գ. Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի այս պարզաբանումն ուղղակի զարմացրեց մեզ: Նախ` արձագանքման օպերատիվության առումով: Եվ, երկրորդ, սովորաբար քաղաքապետարանը մեր հրապարակումներին պատասխան կամ «հերքող» հրապարակումներով է հանդես գալիս այլ լրատվամիջոցներով: