Բուժիչ նամակներ

02/10/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Խաղող

Խաղողազգիների ընտանիքին պատկանող բույսերը երեքն են։ Խաղող անտառայինը հայտնի է Նոյի ժամանակներից։ Երբ տապանը հասել է Արարատ լեռը` մարդկության նախահայրը տեսել է այնտեղ խաղողի թփեր եւ սկսել է մշակել այն։ Խաղողի այս տեսակը հանդիպում է Հայաստանի ստորին անտառային գոտում, դրանից պատրաստում են գինի, օղի, հյութեր։ Բույսը վաղուց ի վեր գրանցված է Կարմիր գրքում։

Հայտնի է կուսախաղողի երկու տեսակ` Ampelopsis veitchic, որի հայրենիքը Կենտրոնական Չինաստանը կամ Ճապոնիան է եւ Parthenocissus inseria, որի հարենիքը Հյուսիսային Ամերիկան է։

Vitis silvestris-ը (խաղող անտառային) երկտուն բույս է, արական եւ իգական ծաղիկները գտնվում են առանձին բույսերի վրա, ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Կա կարծիք, որ այս բույսի հայրենիքը Այսրկովկասն է։ Անտառային խաղողի մշակովի տեսակները հայտնվել են այն օրվանից, երբ մարդը սկսել է մշակել հողը` նորաքարի ժամանակաշրջանում։ Խաղողից գինի ստանալու հմտությունը նախահայկական ցեղերը յուրացրել են դեռեւս ուշ ենթահնաքարի ժամանակաշրջանում։ Երկար պատմական ժամանակաշրջանի ընթացքում ստացվել են մշակովի խաղողի (Vitis vinifera) ժամանակակից տեսակները։ Խաղողի պտուղները (սերմի հետ) եւ տերեւները հարուստ են օգտակար նյութերով` կարոտին, B1, B2, B6, B9, նույնիսկ B12, C, P, PP, այլ վիտամիններ, հակաօքսիդանտ նյութ րեսվեռատրոլ, քոլին, բետաին, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կալիում, կալցիում, բազմաթիվ օրգանական թթուներ, մրգաշաքար, խաղողաշաքար, ֆերմենտներ, դաբաղանյութ, ներկանյութ, լեցիտին, ճարպայուղ, վանիլին։

Խաղողի բուժիչ հատկությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ 19-րդ դարի կեսերից խաղողաբուժությունը սկսում է դիտվել որպես բժշկության առանձին ճյուղ. «ամպելոթերապիա»։ Հատուկ տաղավարներում հիվանդները ճաշակում էին խաղողի պտուղները։ Խաղողի պտուղները եւ հյութը ունեն միզամուղ, քրտնամուղ, թույլ լուծողական, հիպոտենզիվ, աշխուժացնող հատկություն, խորհուրդ է տրվում որպես դիետիկ սնունդ աղեստամոքսային տրակտի (ստամոքսահյութի ցածր թթվայնության), լյարդի հիվանդությունների, թութքի դեպքում։ Որպես օրգանիզմը ամրապնդող միջոց` խաղողը եւ դրա հյութը կիրառում են անեմիայի, բրոնխների ասթմայի, թոքախտի, ասթենիայի դեպքում։ Մոլդովայի մասնագետներն ապացուցել են, որ 24 օրվա ընթացքում 0,5-ական կգ խաղողի օգտագործումը (կորիզով) զգալիորեն լավացնում է ինֆարկտ տարած հիվանդների վիճակը։ Խաղողի կարմիր տեսակները նպաստում են հեմոգլոբինի մակարդակի կարգավորմանը, ունեն արյունաստեղծ հատկություն, լավացնում են արյան շրջանառությունը։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են. խաղողի կամ դրա հյութի ամենօրյա օգտագործումը լավացնում է հիշողությունը, իսկ խաղողի կորիզներն օգնում են պայքարելու լեյկեմիայի դեմ։ Փորձի ժամանակ քաղցկեղի բջիջների 75 տոկոսը ոչնչացրել են 24 ժամվա ընթացքում։ Փորձի նման դրական արդյունքը բացատրվում է րեսվեռատրոլի դրական ազդեցությամբ։ Այս նյութի անհրաժեշտ չափաքանակը ստանալու համար անհրաժեշտ է ուտել 300-500 գրամ խաղող` նախընտրելի են մուգ տեսակները։

Հակացուցումներ։ Խաղողաբուժությունը հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում` շաքարային դիաբետ, թոքախտի վերջին փուլ, օնկոլոգիական հիվանդություններ, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոց, լյարդի ցիռոզ եւ դեղնախտ, երիկամային քրոնիկ հիվանդություններ, կարիես, ստոմատիտ։

Օրգանիզմը մաքրող միջոց. Խաղողի մանրացրած տերեւների 3-4 ճ/գ-ն 15-20 րոպե թրմեք մեկ լիտր եռջրում։ Քամեք։ Խմեք մեկ օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը` 10-15 օր։

Գլխացավի դեպքում. 5 գրամ չորացրած ժենշենի արմատափոշին 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք թանզիֆի օգնությամբ, խառնեք խաղողի հյութի հետ (1։10)։ Պահեք սառնարանում։ Խմեք 100-ական մլ, սնվելուց 30 րոպե առաջ։ Բուժումը շարունակեք մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 ամիս անց։ Բուժումը երկարատեւ է։

Դիզենտերիա. 100 մլ չհասունացած խաղողի հյութին ավելացրեք 50 մլ սեւ թեյի թունդ թուրմ։ Խառնուրդի մեջ լուծեք 4 թ/գ շաքարավազ։ Խմեք մեկական ճաշի գդալ 1,5-2 ժամը մեկ։ Վիճակը կթեթեւանա, կկայունանա։

Լարինգիտ. Սպիտակ չամիչի 2 թ/գ-ն 5 րոպե եփեք 200 մլ եռջրում, ավելացրեք 1 ճ/գ սոխի հյութ։ Խմեք 60-ական մլ, օրը 3-4 անգամ` գոլ վիճակում, քաղցրացրեք 1 թ/գ մեղրով։

Արգանդային արյունահոսություն. Փոշիացրեք խաղողի չորացրած տերեւները, խմեք 1-2 գրամ, օրը 3 անգամ։

Այտուց. Վառեք խաղողի ճյուղերը (արքատ) առաջացած մոխրափոշու 2-3 ճ/գ-ն եփեք 500 մլ եռջրի մեջ` մինչեւ մնա 350 մլ։ Խմեք 100-ական մլ ճաշից առաջ։ Շարունակեք 15-20 օր։

Անգինա, պարոդոնտոզ. 1 ճ/գ չամիչը 2 ժամ թրջեք 200 մլ եռջրում։ Կատարեք ողողումներ։

Չիբան, խոց, վնասվածք. Մանր կտրատեք խաղողի թարմ տերեւները, տրորեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Լցրեք այն թանզիֆե պարկիկի մեջ եւ տեղադրեք ցավոտ հատվածին, մեկ ժամ անց լվացեք բուժվող մասը տաք ջրով։ Կրկնեք օրը 10 անգամ, շարունակեք, մինչեւ վերքն ապաքինվի։

Բալասան սեւ խաղողի կորիզներից

Խաղողի հյութը քամելուց հետո մնացած կորիզները չորացրեք օդափոխվող տեղում, ծածկի տակ, պարբերաբար խառնեք, 6 թ/գ կորիզը խառնեք 4 թ/գ փոշիացրած սոճու մատղաշ կեղեւի հետ։ Ստացված խառնուրդը պահեք փայտե տարայի մեջ, ավելացրեք 1 թ/գ ուրց։ Հումքի կես թեյի գդալը 10 ժամ թրմեք 500 մլ եռջրով ջերմապահում։ Խմեք 100-ական մլ, սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 3 շաբաթ։ Այս խառնուրդը լավացնում է հիշողությունը, ունի բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։

Յուղամզվածք

Կարմիր խաղողի հյութը քամելուց հետո առաջացած կեղեւը եւ կորիզը չորացրեք։ Աղացեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք զտված արեւածաղկի յուղ այնքան, որ լինի 2-3 սմ բարձր հումքից։ Լավ խառնեք։ Տարայի տակ դրեք ստվարաթուղթ եւ 2 ժամ տաքացրեք թույլ ջրային բաղնիքի վրա։ Պարբերաբար խառնեք փայտե գդալով։ Յուղն օգտագործեք գեղարարական նպատակներով։

Գեղարարություն

Լոսյոններ

– Չոր մաշկի համար. Ճզմեք 350 գրամ խաղողի հատիկները, 10-15 րոպե տաքացրեք (37-38 աստիճան) ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 2 ժամ։ Քամեք հյութը, ավելացրեք 1 ճ/գ մեղր, կես թ/գ աղ, ստացված խառնուրդը հարեք։ Քամեք, ավելացրեք 100 մլ օղի։ Տեղավորեք մուգ շշի մեջ, պահեք սառնարանում։ Պահպանման ժամկետը չորս ամիս է։ Դեմքը մշակելուց հետո լվացեք 2 ժամ անց։

– Չորացրած, մանրացրած դաղձի տերեւի 2 թ/գ-ն 2-3 րոպե եռացրեք 500 մլ խաղողի քացախի մեջ։ Հովանալուց հետո ավելացրեք 2 ճ/գ վարդի ծաղկաթերթերից պատրաստված եփուկը (1 ճ/գ 200 մլ եռջուր)։ Քամեք, լցրեք շշի մեջ, պահեք սառնարանում։

Թառամող մաշկի համար. Խառնեք 50-ական մլ խաղողի հյութ եւ հում կաթ։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք։

Երիտասարդացնող քսուք. Խառնեք հավասար քանակությամբ խաղողի փոշիացրած սերմը եւ մեղրը։ Քսեք բարակ շերտով նախապես խոնավացրած դեմքին։ Պահեք 5 րոպե, լվացեք դեմքը սառը ջրով։ Միջոցն օգտագործեք բաղնիքից հետո։

Դիմակներ ճարպոտ մաշկի համար. 4 ճ/գ ճզմած սպիտակ խաղողի կորիզը խառնեք կես թ/գ կիտրոնի հյութի հետ։ Պահեք դեմքին 20 րոպե։

Չոր մաշկի համար. Խառնեք մեկական թ/գ կաթնաշոռն եւ հեղուկ մեղրը, ավելացրեք 2 թ/գ խաղողի հյութ։ Քսեք դեմքին խիտ շերտով, 10 րոպեից լվացեք սառը ջրով։

Նորմալ մաշկի համար. Վարդագույն կամ կարմիր խաղողի 2 ճ/գ տրորած հատիկները խառնեք 1 ձվի դեղնուցի եւ 1 գրամ կարտոֆիլի օսլայի հետ։ Պահեք դեմքին 15-20 րոպե։ Լվացվելուց հետո դեմքը ցամաքեցրեք սրբիչով եւ քսեք ձիթապտղի յուղ։

Կոպերի համար. Մանրացրած խաղողի 5-6 տերեւը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրմեք թուրմի մեջ եւ դրեք փակ կոպերին։ Պահեք 5-7 րոպե, լվացեք գոլ ջրով։