Մշակույթ եւ քաղաքականություն

29/09/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում մասնակցել է Շառլ Ազնավուրի համերգին: Այն նվիրված է եղել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին, ինչը կրկնակի արժեւորում է այդ` չափազանց արժեքավոր մշակութային իրադարձությունը: Խնդիրը սակայն այն է, որ անցած քսան տարիների ընթացքում (գուցե նաեւ դրանից առաջ) մենք այդպես էլ չկարողացանք տարբերակել մշակութային եւ քաղաքական հարթությունները: Արդյունքում` նույն Ազնավուրին հայ ժողովուրդը ճանաչում եւ գնահատում է ոչ թե որպես տաղանդավոր երաժշտի, այլ` որպես աշխարհում ճանաչված հայի: Եվ հենց վերջին հանգամանքն էլ հաշվի առնելով` Ազնավուրն այսօր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Ընդ որում, մի տեսակ տաբու է դարձել այս պաշտոններում Ազնավուրի գործունեությանը գնահատական տալը, քանի որ նա Ազնավուրն է: Իրականում, ոչ Շվեյցարիայում, ոչ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ազնավուրը, մեղմ ասած, դիվանագիտական աշխատանքով չի զբաղվում: Ավելին, հավաստի աղբյուրների համաձայն, անգամ նրա դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներն օգտագործվում են նրա որդու կողմից (ասում են` Ազնավուրը գրեթե չի լինում նաեւ դեսպանատանը): Այն դեպքում, երբ, ասենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը գրեթե «իրենով է արել» նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչի շնորհիվ այս կառույցն արձագանքում է ադրբեջանական ցանկացած նախաձեռնության: Տվյալ դեպքում խնդիրն ամենեւին Շառլ Ազնավուրի անձի մեջ չէ. ավելին, վերջինս եւ հրապարակավ, եւ մասնավոր զրույցներում դժկամություն է հայտնել այս պաշտոնները ստանձնելու առիթներով: Խնդիրն այն դերակատարության, այն գործառույթների մեջ է, որոնք Հայաստանը` որպես պետություն, վերապահում է նման` ծագումով հայ մարդկանց: Այն դեպքում, երբ հայկական ծագումը Ազնավուրին չի ստիպում աջակցել անգամ հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ինչպես վարվում է, ասենք, արաբների կամ հրեաների պարագայում: Սակայն նույնիսկ դա չէ էականը: Խնդիրը մշակույթի, արվեստի մեր ընկալման մեջ է, որը հասնում է ծիծաղելիորեն պարզունակության մակարդակի: Օրինակ` երեկ Երեւանում կայացել է, ավելի ճիշտ, ձախողվել է աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի մամուլի ասուլիսը: Այն բանից հետո, երբ հայ լրագրողները, սովորության համաձայն, իտալացի երգչին հարցրել են, թե ինչ գիտի Հայոց ցեղասպանության մասին, Սաֆինան լքել է դահլիճը` ասելով` «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»: Քանի դեռ աշխարհի հետ հաղորդակցվում ենք համազգային այս բարդույթով, դա, բառի բուն իմաստով, «դեմ տալով» յուրաքանչյուրին, աշխարհը շարունակելու է Հայաստանը ճանաչել ընդամենը մի քանի հռչակավոր հայերով` Քիմ Քարդաշյանով կամ, լավագույն դեպքում, Շառլ Ազնավուրով: