Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի պետական գործիչների բառապաշարում իր ուրույն տեղը գրավեց «տնտեսության դիվերսիֆիկացիա» արտահայտությունը։
Ընդ որում, ճգնաժամի ընթացքում եւ դրա ավարտից հետո (եթե այն, իհարկե, ավարտվել է) ասում էին, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, հարկավոր է դիվերսիֆիկացվել, ապա այսօր արդեն հպարտությամբ նշվում է, որ դիվերսիֆիկացվել ենք։ Այդ մասին օրերս ասաց վարչապետը՝ հավաստիացնելով, որ մենք այլեւս տնտեսության մեկ ճյուղի անկման պատճառով չենք ունենա 14%-անոց անկում։
Նախ՝ ի՞նչ ասել է տնտեսության դիվերսիֆիկացիա։ Եթե հասկանալի լեզվով ասենք, ապա դա նշանակում է, որ տնտեսությունը չպետք է հիմնված լինի մեկ կամ երկու ճյուղի վրա, այլ պետք է հնարավորության սահմաններում զարգացնել բոլոր ճյուղերը, որպեսզի ցնցումների ժամանակ տնտեսությունը խոցելի չլինի։ Եթե, օրինակ, կրպակի տերը վաճառի միայն մեկ ապրանք (ասենք՝ ոգելից խմիչք), ապա խմիչքի չսպասված արգելքի դեպքում կհայտնվի շատ ծանր վիճակում։ Ի դեպ, դիվերսիֆիկացիայի շատ լավ օրինակ են «Հայմամուլի» կրպակները, որոնք միայն թերթ ու ամսագիր վաճառելու փոխարեն` անցան ծխախոտների վաճառքի եւ բջջային հեռախոսների լիցքավորման։
Իսկ ինչի՞ հիման վրա է մեր կառավարությունը պնդում, որ տնտեսությունը դիվերսիֆիկացվել է։ Հիմնական փաստարկը շինարարության ոլորտի անկումն է եւ արդյունաբերության աճը։ Դրա արդյունքում՝ շինարարության տեսակարար կշիռը մի քիչ նվազել է, իսկ արդյունաբերությանը՝ աճել։ Իսկ արդյո՞ք մենք դրանից ավելի ամուր ենք դարձել եւ այսուհետ կարող ենք ավելի լավ դիմանալ ցնցումներին։ Այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում արդյունաբերության աճը։ Բանն այն է, որ գոյությունի ունի ոչ միայն տնտեսության դիվերսիֆիկացիա հասկացություն, այլ «արդյունաբերության դիվերսիֆիկացիա»։ Եթե արդյունաբերությունը հիմնված է մեկ-երկու ճյուղի վրա, ապա չի կարելի խոսել ոչ արդյունաբերության դիվերսիֆիկացիայի, ոչ էլ՝ ընդհանրապես տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։ Շատ ավելի վատ է, երբ այդ «շարժիչ» ճյուղն ամենեւին էլ չի մտնում տնտեսական առաջնահերթությունների մեջ։ Իսկ մեր դեպքում ամեն ինչ հենց այդպես է։
Յուրաքանչյուր ամսվա կեսերին, երբ հրապարակվում են նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, մեր պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով` գովերգում են արդյունաբերության աճը։
Նախ նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը կարծես դիտավորյալ այս տարի ցուցանիշներն այնպես է ներկայացնում, որ լրացուցիչ դժվարություններ են ծագում հաշվարկներ անելու համար։ Օրինակ՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-հուլիսի» հաշվետվության մեջ, արդյունաբերության ցուցանիշները ներկայացված են միայն ամսվա կտրվածքով (հուլիսը՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ)։ Այնպես որ, տարվա առաջին 7 ամիսների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելու համար հարկավոր է բացել նախորդ ամիսների զեկույցները եւ գումարել։ Աղյուսակի մեջ ներկայացված են հենց այդ թվաբանության արդյունքները։
Ինչպես տեսնում եք՝ արդյունաբերության ոլորտը մինչեւ ճգնաժամին նախորդող երկու տարիներին (հունվար-հուլիս ժամանակահատվածում) չնչին աճ է ունեցել։ Ճգնաժամի տարում գրանցել է 12% անկում։ Սակայն 2010-ին այս ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ։ Այս տարի նույնպես տպավորիչ աճը շարունակվում է։ Օրինակ՝ եթե նախորդ տարվա առաջին 7 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել էր 434.5 միլիարդ դրամ, ապա այս տարի 532.1 միլիարդ է։
Սակայն մյուս թվերը արդեն մտահոգվելու տեղիք են տալիս։ Մեր արդյունաբերության շուրջ 1/5 մասը բաժին է ընկնում «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» կոչվածին։ Սա բավականին մեծ կշիռ է, եւ, կարելի է ասել, վտանգավոր։ Բանն այն է, որ շինարարության պես, այս ճյուղի արտադրանքն էլ խիստ զգայուն է ցնցումների նկատմամբ։ Հանքահումքային ոլորտի արտադրանքի նկատմամբ համաշխարհային գների անկումը կործանարար ազդեցություն է թողնում թե՛ այս ոլորտի, թե՛ ողջ տնտեսության վրա։ Ճգնաժամային 2009թ. հունվար-հուլիսին հանքագործական արտադրանքը նվազեց 6.8 տոկոսով։ Այսինքն՝ սա ինքն իրենով արդեն խոցելի ոլորտ է։ Սակայն ամենավատն այն է, որ հանքագործության տեսակարար կշիռը ընդհանուր արդյունաբերության մեջ այսօր ավելի բարձր է (18.5%), քան 2007 եւ 2008թթ. (15.7%)։ Եթե 2007թ.հունվար-հուլիսին հանքագործական արտադրանքը 60.9 միլիարդ էր, ապա այսօր մոտենում է 100 միլիարդին։ Ստացվում է, որ շինարարության դերի կրճատմանը զուգահեռ` ավելացել է մեկ այլ «վտանգավոր» ճյուղի դերը։
Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա այստեղ էլ պակաս «թույլ» կետեր չկան։ Այսպես, 2011թ. հունվար-հուլիսին մշակող արդյունաբերության արտադրանքը կազմել է 326.1 միլիարդ դրամ, որից 90.5 միլիարդը (շուրջ մեկ երրորդը) բաժին է ընկնում հիմնային մետաղների արտադրությանը։ Դա հանքագործության հետ անմիջականորեն կապված եւ ոչ պակաս խոցելի ոլորտ է։ Իսկ առյուծի բաժինը մշակող արդյունաբերության մեջ պատկանում է սննդամթերքի արտադրությանը (38.3%), որը, ճիշտ է, խոցելի ճյուղ չէ, սակայն դրանով դժվար է դառնալ տարածաշրջանային կենտրոն։
Ավելացնենք, որ մեր տնտեսության «դիվերսիֆիկացման» մասին վկայում են նաեւ ՊԵԿ մաքսային տվյալները՝ արտաքին առեւտրի վերաբերյալ։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը կազմել է 595 միլիոն դոլար։ Այդ գումարի կեսը բաժին է ընկնում ընդամենը 4 անուն ապրանքների՝ պղնձի հանքաքար եւ խտահանք (130 մլն դոլար), երկաթահամահալվածք (64.4 մլն դոլար), չզտած պղինձ (59.3 մլն) եւ ալյումինե նրբաթիթեղ։ Եթե այս ամենին գումարենք «հայ-թեք» մյուս ապրանքները՝ ոսկի, մոլիբդեն, սեւ մետաղի ջարդոն եւ այլն, որոնց արժեքը արտահանման մեջ կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար, պատկերը կամբողջանա։ Իսկ այդ պատկերը ամեն ինչի հետ կարելի է ասոցիացնել, բացի «դիվերսիֆիկացիա» կոչվածից։