Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` ՌԴ-ում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձությունները «ռուսական պետության կենսունակության ապացույցն են», որովհետեւ Ռուսաստանի բոլոր թշնամիները` «ապագայի հարցում ինչ-ինչ բացասական ակնկալիքներ ունեցող շրջանակները» հույսեր ունեին, որ Ռուսաստանում կոշտ հակամարտություն տեղի կունենա իշխանության բուրգի գագաթին կանգնած երկու անձանց միջեւ, եւ դրա արդյունքում Ռուսաստանը կհայտնվի Խորհրդային Միության կարգավիճակում: Անդրադառնալով Պուտին-Մեդվեդեւ փոխատեղումներին, մասնավորապես դրա ազդեցությանը Հայաստանի քաղաքական կյանքում, Հ.Հովհաննիսյանն ասել է. «Եթե ՀԱԿ-ն իր քաղաքական հեռանկարը կապի այն տեսակետի հետ, որ ինքը կարող է պահանջված լինել Սերժ Սարգսյանի համար որպես գործոն, որը կչեզոքացնի Քոչարյանի ակտիվացումը, եւ դրա հաշվին կարողանա ակտիվացնել իր դերակատարությունը ՀՀ քաղաքական կյանքում, կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ վիճակում հայտնվեցին Ռուսաստանի լիբերալները, որոնք հույս ունեին Պուտին-Մեդվեդեւ հակամարտության արդյունքում ակտիվանալ»: Նրա համոզմամբ` ՌԴ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ստիպելու են կողմնորոշվել։ «Այսօր Հայաստանում կա երկու գիծ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գիծը, այլ գիծ չկա, եւ դա կապված է ԼՂ հարցի հետ, որը ձեւավորվեց հաղթանակից անմիջապես հետո»,- ասել է Հ. Հովհաննիսյանը: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանն ընտրի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզը Ղարաբաղի հարցով, Քոչարյանը կդառնա երկրի առանցքային ընդդիմությունը: Երկրորդ տարբերակը, Հովհաննիսյանի խոսքով, կլինի այն, որ Ս.Սարգսյանը հայտարարի, որ ինքը հետեւում է Ռ.Քոչարյանի որդեգրած կուրսին: «Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման եւ բաց սահմանների Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ: Քոչարյանն, ընդհակառակը` պնդել է, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանին. աճում է հավանականությունը, որ դա մի օր պաշտոնապես ամրագրվի: Այդ հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը դեռ կարծիք չի հայտնել: Սակայն իշխանությունն ընտրության առաջ է: Ինչո՞վ բացատրել վերջին 3 տարիների տնտեսական փլուզումը: Կամ` իշխանության անգործությամբ, կամ էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանի` փակ սահմանների մասին փաստարկումներով: Եթե Սերժ Սարգսյանն ընտրի երկրորդ տարբերակը, ապա գլխավոր ընդդիմադիր ուժը կդառնա Ռոբերտ Քոչարյանը»,- հայտարարել է Հ. Հովհաննիսյանը: Իսկ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշել է, թե պետք չէ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը կապել Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին հավանական վերադարձի հետ: «Եթե նա որոշի վերադառնալ` ապա ավելի լավ, եթե ոչ` դա նրա ընտրությունն է»,- ասել է ՀՀԿ-ական Հ. Սահակյանը:
Խոսելով ՀԱԿ-կոալիցիա երկխոսության մասին, Հ. Հովհաննիսյանն ասել է, թե նրանց երկխոսության գլխավոր թեման պետք է դառնա ոչ թե արտահերթ ընտրությունները, այլ` մարտի 1-ի զոհերի հարցը: Նրա խոսքով` այդ թեման պետք է ՀԱԿ-ը առաջնային ներկայացներ, քանի որ պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի զոհերի համար: «Մարտյան դեպքերի 10 զոհերի մեղքն ընկած է` իշխանությունների, իսկ պատասխանատվությունը` ընդդիմության վրա: Հենց նրա կոչով մարդիկ հավաքվեցին: Պետք չէ մոռանալ, որ այդ 10 զոհերն անկուսակցական են եղել եւ ներքաղաքական բախումներին չէին պատրաստվում մասնակցել: Այդ մասին պետք չէ մոռանալ: Այդ պատճառով օրակարգի գլխավոր խնդիրը պետք է դառնան ոչ թե արտահերթ ընտրությունները, այլ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը»,- ասել է Հովհաննիսյանը: Ավելին, ըստ Հ. Հովհաննիսյանի` ընդդիմությունն ի սկզբանե լուրջ հույսեր չպետք է կապեր երկխոսության հետ. «Իշխանությունը երկխոսություն սկսեց, քանի որ դա նրան ձեռնտու էր, եւ այն ժամանակ, երբ նրան ձեռք էր տալիս: Նույն կերպ նա վարվեց քաղբանտարկյալների հետ»,- ասել է նա` վստահեցնելով, թե ՀԱԿ-ը դուրս եկավ երկխոսությունից` հասկանալով, որ սխալ խաղադրույքներ էր կատարել: