Աթեիստները դատապարտված են ինքնասպանությա՞ն

29/09/2011

Քահանա Բաբկեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մարդուն ինքնասպանության մղող պատճառները տարբեր են, սակայն դրանց շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում տարբեր կրոնական կազմակերպությունների եւ աղանդների ազդեցությունը: Նրա խոսքով, շատ մարդիկ, ընկնելով Արմագեդոն կանխատեսող եւ այլ սարսափներով վախեցնող աղանդների ազդեցության տակ, անելանելի վիճակից գնում են ինքնասպանության: «Երբեմն, այս կամ այն կրոնական կազմակերպության շարքերն ընդգրկվող մարդը, ժամանակի ընթացքում գիտակցում է, որ կորցրել է ոչ միայն ընկերներին եւ հարազատներին, այլեւ գոյության միջոցները եւ, որպես հետեւանք, կյանքն ավարտում է ինքնասպանությամբ»,- ասել է քահանան: Նաեւ հավելել է. «Մարդը գնում է ինքնասպանության, երբ իր մեջ սպանում է Աստծուն, դադարեցնելով ի վերուստ տրված կյանքը: Մոգերին ու գուշակներին դիմող մարդիկ, սեփական կամքով դիմում են չարին, եւ շատ հաճախ, հետեւանքը կրկին ինքնասպանությունն է լինում, որպես չարդարացված հույսերի ու անելանելի վիճակի հետեւանք: Ինքնասպանության են դատապարտված նաեւ աթեիստները, որոնք ապրում են իրենց կյանքը` վազելով նյութական արժեքների հետեւից եւ կորցնելով դրանք, կորցնում են կյանքի իմաստը»: Միաժամանակ քահանա Հայրապետյանն ասել է, թե Հայաստանում ինքնասպանությունների թիվը չի աճել, թեեւ հասարակության մեջ որպես «Տրոյական ձի` գործում են աղանդներն ու կրոնական կազմակերպությունները»: Հարցին, թե Հայաստանում կա՞ն կրոնական կազմակերպություններ, որոնք դրդում են ինքնասպանության, նա պատասխանել է. «Նման կրոնական կազմակերպություններ Հայաստանում չկան, բացի էմոներից, որոնք իրենց կազմակերպության անդամներին դրդում են ինքնասպանության, ասելով. «Դու ի՞նչ էմո ես, որ կյանքիդ մեջ գոնե մեկ անգամ չի փորձել վերջ տալ իր կյանքին»»: Դիտարկմանը, թե էմոն ոչ թե կրոնական կազմակերպություն է, այլ ենթամշակույթ, քահանան պատասխանել է. «Էմո-ն դեռ չգրանցված կրոնական կազմակերպություն է»: