Վերջապես կկառուցապատվի

29/09/2011

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին: Ըստ քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության` Կ. Կարապետյանը ներկայացրել է նաեւ ներդրումային այն ծրագրերն ու ոլորտները, որտեղ հնարավոր է փոխշահավետ համագործակցություն իրականացնել: «Վ. Մանուկյանը գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարը` կարեւորել է քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը ներդրումային դաշտին նպաստելու գործում եւ առաջարկել է գործակցության ծրագրեր քննարկել»,- ասված է հաղորդագրության մեջ: Մեր տեղեկություններով` Վ. Մանուկյանն այս անգամ կարճատեւ այցով ՀՀ էր եկել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր ընտանիքի հովանավորությամբ կառուցվող Մատենադարանի կառուցապատման վերջնական աշխատանքները տեսնելու նպատակով: Քաղաքապետ Կ. Կարապետյանի հրավերով կայացած հանդիպման ժամանակ Վ. Մանուկյանն իր նախաձեռնությամբ խոսել է նաեւ Երեւանի նախկին «Սեւան» հյուրանոցի հետագա ճակատագրի մասին: Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է` սեփականաշնորհելուց հետո Վ. Մանուկյանը դադարեցրել էր Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցի կառուցապատման նախագիծը: Որպես նախագծի դադարեցման պատճառ` նշվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած որոշակի տարաձայնությունները: Մանուկյանը խորհրդակցել է քաղաքապետի հետ` հյուրանոցի տարածքում Երեւանի համար ֆունկցիոնալ առումով ճիշտ եւ անհրաժեշտ նախագիծ մշակելու մասին: Առայժմ հայտնի չէ` նախկին «Սեւան» հյուրանոցի տեղում դարձյալ հյուրանո՞ց կկառուցվի, թե՞ բիզնես կամ մշակութային կենտրոն: Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպման ժամանակ հստակեցնել առաջարկները, նախագիծը: Վ. Մանուկյանը նկատել է, որ ինչպիսի նախագիծ էլ արվի` այն կլինի շատ գեղեցիկ եւ կծառայի երկրին: Առավոտյան Վ. Մանուկյանը կմեկնի Բեյրութ: Առաջիկայում նա Հայաստան կգա Էջմիածնի Մատենադարանի բացման արարողությանը մասնակցելու: