Նոր ոլորտի հին զբաղմունքը

29/09/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այսօր արդեն դժվար է հիշել, թե ե՞րբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) հայտարարեց գերակա ոլորտ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ հայտարարությունը իրական (նշանակալի) արդյունք չտվեց: Չնայած, որ մեր վերջին գոնե երեք վարչապետները ՏՏ ոլորտի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկումներ են կազմակերպում: Քննարկում ու հասարակությանը համոզում են, որ ոլորտը պատշաճ տեմպերով է զարգանում: Ինտերնետ կապի արագությունից, որակից ու գնից Հայաստանում հիմա համարյա չեն բողոքում: Հետեւաբար կարելի էր ենթադրել, որ ոլորտում իրական առաջընթաց կա: Բայց օրերս հրապարակվեց հերթական միջազգային զեկույցը, որում մեր երկիրը դրական գնահատական չուներ: Economist intelligence Unit-ը 4 անգամ հրապարակվող 66 երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության վարկանիշային աղյուսակում Հայաստանը չէր ներառել: Միջազգային կառույցը փաստորեն արձագրում է, որ ՏՏ ոլորտի զարգացման համար մեր երկրում տնտեսական բարենպաստ պայմաններ չկան: ՏՏ ոլորտը Հայաստանում որոշակի իմաստով առանձնահատուկ է: Հեռահաղորդակցման ոլորտից բացի, ՏՏ-ով խոշոր կապիտալը հետաքրքրված չէ: 90-ական թվականներին մեր օլիգարխներից մեկը փորձեց մտնել այս ոլորտ: Նա բուհերից մեկի հետ պայմանագիր կնքեց իր հիմնած ծրագրավորման գրասենյակի համար կադրեր պատրաստելու համար: Փորձը հավանաբար իրեն չարդարացրեց, եւ այդ ծրագիրը երկու-երեք տարվա կյանք ունեցավ: Ի սկզբանե պարզ էր, որ իրավական թույլ դաշտ ունեցող երկրում հնարավոր չէր նման խնդիր լուծել: Պայմանագիրը, որ ուսանողը բուհն ավարտելուց հետո մի քանի տարի պիտի աշխատի կոնկրետ գրասենյակում` իրավական ուժ չուներ: Հատկապես, որ ՏՏ տեխնոլոգիաների նորավարտ մասնագետներին այդ գրասենյակում պատշաճ աշխատավարձ չէր վճարվում: Այսպես թե այնպես, սա ՏՏ ոլորտում խոշոր գործարարների կողմից կատարած եզակի քայլ էր: Խոշոր գործարարների անտարբերությունը ոլորտի նկատմամբ պարզ բացատրություն ունի: Ըստ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների` օլիգարխների համար ՏՏ-ն անհասկանալի ոլորտ է: Իսկապես, այն դժվար է համեմատել ձեթ-կարագ ներմուծելու կամ ծիրան արտահանելու հետ: Մեր խոշոր գործարարները կապիտալ ներդրումներ կատարում են միայն այն ոլորտներում, որտեղ հնարավոր է մենաշնորհ հաստատել եւ նվազագույնի հասցնել բիզնես ռիսկերը: Իսկ դրանք առաջին հերթին հնարավոր են լայն սպառման ապրանքների արտադրության կամ ներմուծման ոլորտում: Մի քիչ կոպիտ ասած՝ բնամթերային տնտեսության մակարդակում: Իսկ ՏՏ ոլորտը կրթության որոշակի մակարդակ է պահանջում: Նաեւ՝ կրթության որակ: Հիմա մենք բոլորս նեղացած ենք: Թե որքանով ենք արդարացի այդ վերաբերմունքի մեջ՝ այլ հարց է: Մեր հասարակությունը շահախնդիր չէր կրթական ոլորտում կատարվող բարեփոխումների նկատմամբ: Բարեփոխումներ, որ հակառակ արդյունք տվեցին: Մեր բարձրագույն դպրոցի դիպլոմն արդեն ասիական երկրները չեն ճանաչում: Իսկ դա մեր ինքնասիրությանը չէր կպնում: Բայց հիմա էլ, երբ տնտեսության ժամանակակից (ու ամենապոպուլյար) ոլորտում մենք տեղ չունենք 66 երկրների շարքում, էլի չէինք նեղանա: Ավելին՝ չէինք էլ նկատի, եթե այդ երկրների ցանկում ընդգրկված չլիներ Ադրբեջանը: Այ դա վիրավորել է մեզ: Դժվար է ասելը` իշխանությունները կզայրանա՞ն այս փաստից, թե՞ ոչ: Մեր իշխանությունները սովորաբար հերքում են միջազգային բոլոր վերլուծությունները: Բայց այն ժամանակ, երբ այդ վերլուծություններն իրենց դեմ են: Այս անգամ հերքումն իսկապես օրիգինալ էր: Քնքշության աստիճան նուրբ ու անուղղակի: Զեկույցի հրապարակումից հետո իր առաջին իսկ ելույթում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ կառավարության կայքում կարելի է առցանց հետեւել Ֆինանսների նախարարության բոլոր ծախսերին: Ավելին, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` քաղաքացիները ՏՏ-ի շնորհիվ կարող են հետեւել կառավարություն առաքած իրենց դիմումների քննարկման ընթացքին: Ընդունեք, որ ասվածը նուրբ ակնարկ է, թե Հայաստանում ՏՏ-ն առկա է եւ դրան գումարած` որոշակի կիրառական նշանակություն ունի կառավարման ոլորտում: Որովհետեւ այն դեռ տարիներ առաջ է հայտնվել մեր իշխանությունների հետաքրքրության ոլորտում: Բայց գերակա շահ հայտարարելը մի բան է, աջակցելը՝ մի այլ: Դա ցանկացած գյուղացի կհաստատի: Որովհետեւ մենք առնվազն երկու գերակա ոլորտ ունենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը: Բայց իրական ներդրումներ անում ենք միայն առեւտրի ոլորտում: Երեկ, օրինակ, հայտարարվեց, որ Հայաստան են հրավիրել հիպերմարկետների համաշխարհային ցանցերից մեկի ներկայացուցիչներին: Հիմա սուպերմարկետներից կշտացած` արդեն հիպերմարկետներ ենք կառուցելու: Սա երկակի նպատակ ունի: Մի կողմից` այն կբարելավի շինարարության ցուցանիշը, որ վերջին տարիներին անկում է ապրում: Մյուս կողմից` կխրախուսի ՏՏ ոլորտը: Երեւի հենց հիպերմարկետների առեւտրի ոլորտում էլ համակարգիչների ու դրանց ծրագրերի ներդրումը կներկայացվի` որպես ՏՏ ոլորտի լրջագույն առաջընթաց: Կներկայացվի` որպես ներքին օգտագործման քարոզ: Ափսոս, որ այն չի ազդի միջազգային կազմակերպությունների վարկանշման վրա: Իսկ ՏՏ ոլորտի բուն զբաղմունքը Հայաստանում կմնա փող հաշվելը: Սուպեր, հիպեր ու մնացած բոլոր խանութներում ու դուքաններում: