Նորատ Տեր-Գրիգորյանց. «Մեկընդմիշտ հանգիստ թողնել Արցախը»

29/09/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցի բոլոր շքանշանների թվարկումը, Հայրենիքի հանդեպ նրա հսկայական վաստակի մասին խոսելը շատ տեղ կգրավի: Տեղը չենք ափսոսում, պարզապես իր բոլոր արժանիքներով հանդերձ` նա չափազանց համեստ մարդ է: Ընդգծեմ միայն, որ Նորատ Տեր-Գրիգորյանը ներկայիս հայոց բանակի հիմնադիրն է: Հայաստանի անկախության տոնակատարությունների այս օրերին տեղին է հիշել, թե ինչպես էր ստեղծվում անկախ պետության կարեւորագույն բաղադրիչը` Զինված ուժերը: Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ մեր զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին` Ստեփանակերտի ճանապարհին, ուր մեկնում էինք Երեւանից` մասնակցելու մյուս հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումներին: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ դրանից երեք շաբաթ անց մեր զրույցը «կվերածվի» հարցազրույցի «168 ԺԱՄ»-ի համար:

– Դատելով Ձեր կենսագրությունից` աշխատանքի բերումով Հայաստանի հետ անմիջական կապ չեք ունեցել: Ինչպե՞ս եղավ, որ Դուք փաստորեն գլխավորեցիք հանրապետության ռազմական գերատեսչությունը, այն էլ այդքան ծանր ժամանակաշրջանում:

– Ժամանակները ոչ թե ծանր էին, այլ դժվարագույն: Հայաստանի բանակը ստեղծվում էր ռազմաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում. Ադրբեջանի հետ պատերազմ էր, երկիրը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, էներգետիկան զրոյական մակարդակում էր, չկար գազ ու լույս, դեռ թարմ էին երկրաշարժի վերքերը: Եվ այդ ծանր ժամանակ ես հրավեր ստացա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի կողմից` մասնակցելու զինված ուժերի ստեղծմանը եւ օգնելու: Ես խոսեցի Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ, բացատրեցի իրավիճակը: Նա ըմբռնումով մոտեցավ, եւ ազատվելով ՌԴ Զինված ուժերում աշխատանքից, որտեղ կարող էի եւս մոտ հինգ տարի ծառայել, եկա Հայաստան: Դա 1992թ. ամռանն էր: Իրավիճակը չափազանց ծանր էր: ԼՂ-ում մարտեր էին ընթանում, եւ երկրամասը փաստացի պաշտպանում էին կամավորական ջոկատներն ու Հայաստանից մեկնած ֆիդայիները: Ադրբեջանը ռմբակոծում ու հրետակոծում էր, ռեակտիվ համակարգերի համազարկեր էր կիրառում Հայաստանի արեւելյան ողջ սահմանի երկարությամբ` ընդհուպ մինչեւ Մեղրի: Մի քիչ էլ, ու աղետն անխուսափելի կլիներ: Այդ պայմաններում ես խնդրեցի ինձ հնարավորություն տալ անմիջապես տեղում ծանոթանալու իրավիճակին: Ես հասցրի դա անել երկու շաբաթում` միաժամանակ ընթացքում մշակելով հայոց բանակի հայեցակարգը. ինչպիսին պետք է լինեն զինված ուժերը, որ ուղղություններով պիտի նրանք գործեն` հաշվի առնելով ունեցած հնարավորությունները: Իսկ հնարավորությունները սահմանափակ էին: Միաժամանակ ես չփորձեցի պատճենել խորհրդային բանակը. նրա կառուցվածքը հիմք դարձավ հայոց բանակի համար, սակայն ես ավելացրի որոշ հաջողված բաներ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի բանակներից: Այդ հայեցակարգը ներկայացրի հանրապետության ղեկավարությանը, եւ այն հավանության արժանացավ: Դրանից էլ սկսվեց ՀՀ Զինված ուժերի ստեղծումը:

Սրա հետ մեկտեղ` հարկավոր էր լուծել սահմանների խնդիրը. Ռուսաստանի հետ դեռ ոչ մի ռազմական պայմանագիր չկար, չկար ոչ մի երաշխիք, որ իրավիճակից չի փորձի օգտվել Թուրքիան եւ իր կողմից հարված չի հասցնի` մեր ազգը վերացնելու համար, ինչը միշտ էլ եղել է նրա պլաններում: Եվ սա անհիմն մտահոգություն չէր. որոշ ժամանակ թուրքական կողմից հրետանային «տարօրինակ» հարվածներ էին լինում, որոնք ավելի շատ ուղղված էին այն բանին, որ մեզ վախեցնեն, ցույց տան իրենց ուժը եւ իրադարձություններին միջամտելու իրենց պատրաստությունը: Իսկ երբ մենք Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության միջոցով փորձեցինք պարզել, թե «ինչ է կատարվում», թուրքական կողմը պատասխանեց, որ մարտեր է մղում քուրդ ապստամբների հետ, եւ 1-2 արկ «պատահաբար» ընկել է ուրիշ տեղ: Իրանի հետ նույնպես հեշտ չէր. նրա տարածքով մեր թիկունք մի քանի անգամ փորձել են անցնել ադրբեջանական ջոկատները… Ակնհայտ դարձավ, որ Գյումրիում տեղակայված 127-րդ դիվիզիային, որն արդեն պատրաստվում էր հեռանալ Հայաստանից, հարկավոր է ամեն գնով պահել հանրապետությունում. միայն ռուս զինվորների ներկայությունը կզսպեր Թուրքիային: ՀՀ-ի եւ ՌԴ-ի շահերն այս դեպքում համընկնում էին, եւ որոշում կայացվեց դիվիզիան ռազմակայանի վերակազմավորելու: Միաժամանակ ընթանում էր Հայաստանի զինված ուժերի կազմավորման գործընթացը: Այդ գործում հիմք ծառայեցին ֆիդայական ջոկատներն ու Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Մենք մոբիլիզացիա հայտարարեցինք, ստեղծեցինք ուսումնական կենտրոններ, զինվորներ ու սերժանտներ պատրաստելու պոլիգոններ. մի ամսից էլ պակաս ինտենսիվ ուսուցում եւ` դեպի ռազմաճակատ: Ընդ որում` ստեղծվում էին ոչ միայն մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցող զինվորական մասեր, այլեւ ինժեներական զորքեր, կապի, ռադիոտեխնիկական հետախուզության զորքեր: Եվ, բնականաբար, նաեւ հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժեր, առանց որոնց չափազանց դժվար կլիներ թշնամուն դիմագրավելը: Մի խոսքով, ամեն ինչ արվեց հայոց բանակի լիակատար անվտանգության համար:

– Ժամանակ առ ժամանակ ստիպված ես լինում կարդալ կամ լսել Ղարաբաղյան պատերազմում աշխարհի որ ծայրից ասես վարձկանների մասնակցության մասին: Դա իսկապես այդպե՞ս է:

– Ո՛չ: Հայոց բանակի սպայակազմը իսկապես մասամբ ձեւավորված էր ռուսական բանակում ծառայող հայերից, բայց նրանք մի՞թե վարձկաններ են: Կամ էլ այլ երկրներից հայ կամավորները: Նրանք եկել էին սրտի ու արյան կանչով: Կային նաեւ մեր կողմում կռվել ցանկացողներ: Օրինակ` Մերձդնեստրից կամավորականներ էին եկել: Սակայն դա ինձ համար սկզբունքային պահ էր. վարձկանների հայտնվելու համար պայմաններ չստեղծել: Մենք նրանց շնորհակալություն էինք հայտնում եւ հրաժարվում նրանց ծառայություններից: Իսկ ադրբեջանական կողմում քիչ չէին վարձկանները: Շատ էին ուկրաինացիները, հատկապես օդաչուներ: Կռվում էին Աֆղանստանից ժամանած մոջահեդներ, չեչենական ջոկատները` Շամիլի գլխավորությամբ: Մոտոհրաձգային ստորաբաժանումներում քիչ չէին Ադրբեջանում տեղակայված 40-րդ բանակի նախկին զինվորականներ: Բայց մենք դիմակայեցինք: Պատերազմի ընթացքը թեքեցինք մեր կողմը:

– Ղարաբաղում կռված իմ ծանոթներից մեկը մի անգամ ինձ ցույց տվեց իր լուսանկարը, որտեղ նա կանգնած էր ճանապարհային մի նշանի տակ, որի վրա նշված էր, թե մինչեւ Բաքու 80 կմ է: Այդքան հեռո՞ւ էիք հասել:

– 80 կմ: Կասկածում եմ… Միգուցե մի թիվ եւս եղել է, որը լուսանկարելուց առաջ ներկել են պարզապես: Բայց, կատակը մի կողմ, ասեմ հետեւյալը. մենք թշնամուն հետ շպրտեցինք եւ հասանք օպերատիվ առումով շատ կարեւոր սահմանների: Մենք առաջ գնալու հնարավորություն ունեինք. բանակը հարձակվում էր, ռազմական ոգին բարձր էր, իսկ թշնամին անկանոն նահանջում էր, ու մենք ազատագրում էինք մեր հայկական հողերը: Մենք իսկապես կարող էինք դուրս գալ Քուռի ափերը` գլխավոր ռազմավարական սահմանին, ստեղծել հենակետեր, պաշտպանության համակարգը կրակի կապիտալ գծով տեղափոխել այնտեղ եւ պահել այդ սահմանը: Սակայն մեր առջեւ նման խնդիր դրված չէր, եւ մենք կանգ առանք:

– Դրանից հետո կնքվեց հրադադարի պայմանագիրը: Կարելի՞ է համարել, որ ռազմական հաղթանակ տանելով` մեզ չհաջողվեց այն ամրապնդել քաղաքականապես: Այսինքն` Ադրբեջանին մնաց Լեռնային Ղարաբաղում իրավասությունը վերականգնելու պահանջի հնարավորությունը, ինչն էլ նա անում է մեր օրերում: Ինչո՞ւ ժամանակին չստորագրվեց որեւէ փաստաթուղթ, համաձայն որի` ադրբեջանական կողմը կհամաձայներ Արցախի անկախ կարգավիճակին:

– Այո, փաստաթղթերը դիվանագիտական տեսանկյունից ոչ բավարար հստակությամբ էին մշակված: Հարկ էր դրանցում արտացոլել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հստակ գծել սահմանները, անվտանգության գոտիները, նշել, թե Ադրբեջանի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ: Չէ՞ որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 1994թ. մայիսին` իր պարտությունը ճանաչած Ադրբեջանի խնդրանքով: Եվ հրադադարի մասին փաստաթղթերը ստորագրեցին Բաքուն, Երեւանը, Ստեփանակերտը` Մոսկվայի աջակցությամբ: Իսկ քանի որ այդ համաձայնագրում նշված չէին այն կետերը, որոնց մասին ասացի, դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հնարավորություն տվեց ամեն քայլափոխի հայտարարել, որ պատերազմը դեռ չի ավարտվել, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Ղարաբաղի ու Հայաստանի հետ պատերազմական վիճակում: Գնալով ամեն ինչ ավելի վատացավ: ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախաձեռնությամբ եւ Հայաստանի համաձայնությամբ բանակցային գործընթացից հանեց ԼՂ ներկայացուցիչներին, թեեւ Լեռնային Ղարաբաղը նույնպես ստորագրել էր հրադադարի պայմանագիրը: Եվ ստացվում է, որ Արցախի ճակատագիրը իբրեւ թե փորձում են լուծել` առանց նրա կարծիքը հարցնելու: Այդպես չի լինում:

– Որքանո՞վ են լուրջ Ադրբեջանի` Արցախն ուժով վերադարձնելու սպառնալիքները:

– Հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի նրան, որ թշնամին կարող է ռազմական գործողություններ սկսել: Դժվար է ասել, թե որքանով են լուրջ Բաքվից հնչող սպառնալիքները: Սական գնահատելով ռազմաքաղաքական իրավիճակը` ես կարող եմ հաստատապես ասել, որ Ադրբեջանն ամբողջ թափով պատրաստվում է զավթողական պատերազմին, եւ հենց որ իր համար շահավետ իրավիճակ ստեղծվի, Բաքուն արկածախնդիր գործողություններ կձեռնարկի, որոնք, իր հաշվարկներով, կարող են հաղթանակ ապահովել կարճատեւ պատերազմում: Դրա բոլոր նախանշաններն ակնհայտ են` քարոզչական հզոր աշխատանք, հակամարտության պատմության խեղաթյուրում հօգուտ իրենց, ռազմական հսկա բյուջե, օդային ու ռադիոտեխնիկական անդադար հետախուզություն, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի սպաներին իբրեւ խորհրդատուների ներգրավում, սպառազինության հարձակվողական միջոցների հսկայածավալ գնումներ…: Այստեղ ուզում եմ նշել, որ հաճախ Ադրբեջանին զենք են մատակարարում այնպիսի երկրներ, որոնք համարվում են ՀՀ-ի բարեկամները. դա եւ՛ Ռուսաստանն է, եւ՛ Բելառուսը, եւ՛ Ուկրաինան… Տագնապալի է, որ 1994թ. մայիսից հետո ադրբեջանցիները, խախտելով պայմանագիրը, առաջ են մղվել դեպի Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, այժմ տեղ-տեղ դիրքերն իրարից 40-60 մետրի վրա են գտնվում: Միջնորդներից ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց, եւ Ադրբեջանը հանգիստ «մարսեց» դա: Տագնապալի է եւ այն, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ, ագրեսիվ արտահայտությունները, բացահայտ սպառնալիքներն ու շանտաժը չեն կանխվում, եւ Բաքվի մոտ ամենաթողության զգացողություն է առաջանում: Այդ պատճառով մենք միշտ պետք է պատրաստ լինենք` ոչ մի վայրկյան չկորցնելով զգոնությունն ու աչալրջությունը:

– Արդեն հիմա ադրբեջանական տնտեսությունը փաստորեն ռազմական ուղղվածություն ունի, իսկ միլիոնավոր նավթադոլարներն ուղղվում են բացառապես ռազմական ոլորտին: Հայաստանն այդպիսի պոտենցիալի մասին երազել անգամ չի կարող: Ի՞նչ ենք անելու Ադրբեջանի այդպիսի գերակայության դեմ:

– Կարծում եք, թե նրանք գերակշռություն չունեի՞ն, երբ սկսվեց պատերազմը: Ունեի՛ն, այն էլ ինչպիսի: Բանն այն է, որ համաձայն միջազգային պարտավորությունների` այսպես կոչված, «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին» պայմանագրի, ԽՍՀՄ-ը փլուզումից քիչ առաջ սկսեց կրճատել սպառազինությունների սովորական միջոցները: Կարճ ասած` Անդրկովկասում խորհրդային զորքերի տեղաբաշխման կառուցվածքն այնպիսին էր, որ կրճատումներն առաջին հերթին ազդեցին այն ստորաբաժանումների վրա, որոնք տեղակայված էին Հայաստանում, իսկ Ադրբեջանում գտնվող ստորաբաժանումների վրա ազդեցությունը նվազագույն էր: Հետագայում այդ ամենն անցավ ազգային բանակների տնօրինության տակ: Եվ այնպես եղավ, որ Ադրբեջանը պատերազմը սկսեց` ունենալով մի քանի անգամ մեզ գերազանցող ռազմատեխնիկական առավելություն: Ժամանակի ընթացքում մենք որքան կարողացանք` հավասարեցրինք այդ առավելությունը: Սակայն ամենակարեւոր դերը խաղաց մեր բանակի ոգին: Մի բան է, երբ գնում ես ինչ-որ բան զավթելու, մի այլ բան է քո սեփական հողը, քո տունը, քո օջախը պաշտպանելը, ինչպես դա անում էին ղարաբաղցիները. եւ, ի դեպ, այս գործոնը դեռ ուժի մեջ է: Եվ, իհարկե, ռազմական բնույթի միջոցների տեսակետից Հայաստանն ու ԼՂՀ-ն պարտավոր են ունենալ այնպիսի զինված ուժեր, զինված պայքարի այնպիսի միջոցներ, ուժերն ու միջոցները կառավարելու այնպիսի համակարգ, ցամաքային, օդային, ռադիո եւ ռադիոտեխնիկական հետախուզության այնպիսի միջոցներ, որպեսզի կարողանանք ժամանակին բացահայտել ագրեսիայի նախապատրաստվելը, թշնամուն դիմավորել լիակատար սպառազինված եւ նրան արժանի հակահարված տալ: Կամ էլ մեր գործողություններով ստիպելու նրան լուծել վիճելի խնդիրները բանակցությունների միջոցով: Մենք կարիք ունենք վրեժխնդրության գործիքի, որպեսզի հարկ եղած դեպքում հակահարված տանք, որը կհանգեցնի հսկայական, անուղղելի վնասի: Հարկավոր է պատրաստել ժողովրդին, բոլորին` տղամարդկանց ու կանանց, Հայրենիքի, իրենց ընտանիքների պաշտպանությանը, սովորեցնել բնակչությանը պարտիզանական պատերազմ վարելուն, եթե հանկարծ թշնամին ներթափանցի մեր տարածք:

– Բազմիցս առիթ է եղել բախվելու տարածված կարծիքի հետ, թե հայերը որպես մարտիկներ` մի գլուխ բարձր են ադրբեջանցիներից: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

– Ի՞նչ է նշանակում` բարձր են: Դա դիլետանտական, թեթեւամիտ համեմատություն է: Անձնային հատկանիշներով, քաջությամբ, հնարամտությամբ, այո, մերոնք գերազանցում են նրանց, եւ այստեղ մեծ նշանակություն ունի նաեւ այն, որ մերոնք կռվում էին հանուն իրենց հողի, իրենց տան, ընտանիքի, հանուն իրենց երեխաների: Սակայն պետք չէ ասել, թե ադրբեջանցիները կռվել չեն կարողանում: Ի՞նչ է, նրանց ավտոմատներն ու ականանետերը չէի՞ն կրակում: Ինքնաթիռներն իրենք իրենց ընկնո՞ւմ էին, թե՞ տանկերը չէին շարժվում տեղից: Ադրբեջանը շատ վտանգավոր թշնամի է, եւ այս մասին չպետք է մոռանալ:

– Ինչպե՞ս եք գնահատում, այսպես կոչված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

– Ես համարում եմ, որ այս փուլում բանակցային սեղանի շուրջ պետք է գտնվեն հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ոչ թե Հայաստանի: Մենք չպետք է խնդրենք, որ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը. այն առանց այդ էլ արդեն ճանաչվել է դեռ 1918-1920թթ., իսկ հետո նորից անկախություն ձեռք բերեց 1990թ., երբ Ադրբեջանը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից: Չէ՞ որ ներկայիս պետությունը դարձել է ոչ թե սոցիալիստական Ադրբեջանի ժառանգորդը, այլ 1918-1920թթ. հանրապետության: Իսկ Ղարաբաղը, ինչպես Լեռնային, այնպես էլ Դաշտային, այն ժամանակ Ադրբեջանի կազմում չէր գտնվում, եւ սա ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ բանակցություններն էլ հարկ է վարել միայն մի բանի շուրջ` ազատագրել Ղարաբաղի ողջ տարածքը, դուրս հանել ադրբեջանական օկուպացիոն զորքերը մեր բռնազավթված տարածքներից եւ մեկընդմիշտ հանգիստ թողնել Արցախը: