Այլևս չենք հանդուրժի

29/09/2011

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի

Պուշկին 52 շենքի բնակիչների կողմից

Պուշկին 52 հասցեում ոտնահարվում է բնակչի` քաղաքացու իրավունքները: Նշյալ շենքի բակի տեսքը վաղուց արդեն բոլոր առումներով չի համապատասխանում իր նախկին տեսքին: Տարիներ առաջ ով` ինչպես կարողացավ, շենքի առանց այն էլ այդքան փոքրիկ բակը վերածեց մի բուռ բակի, խաթարվեց բնակչի հանգիստը: Այն օրվանից, երբ առաջին հարկի բնակիչն իր տարածքը սկսեց օգտագործել որպես ջազ-ակումբ, այդ օրից սկսվեցին բոլոր խառնաշփոթները, խաթարվեց բնակիչներիս հանգիստը: Ջազ-ակումբի սեփականատերերը նախ քանդեցին ամբողջ բակը, այդ փոքրիկ բակի հաշվին մեծացրեցին իրենց տարածքը: Այժմ էլ նրանք կրկին ցանկանում են ընդլայնել իրենց ակումբի տարածքը` կրկին բակի հաշվին` փակելով ընդհանուր մուտքը փողոցից, որտեղից ելումուտ են անում բնակիչները: Այդ կամարաձեւ մուտքը ծառայում է ոչ միայն Պուշկին 52 շենքի, այլեւ հարակից շենքի բնակիչների համար: Այն միջանցիկ դալան է բոլորիս համար, որը շենքի ճակատային մասն է: Ակումբի սեփականատերերը հարեւաններին պարտադրում են իրենց տալ բնակչին պատկանող բնակարանի սեփականության վկայականի եւ անձնագրի պատճենները եւ իրենց ստորագրությունները` պնդելով, թե իբր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը թույլատրել է նրանց այդ կամարաձեւ դալանի հաշվին ընդլայնել իրենց ջազ ակումբը, ինչը խելքին մոտ բան չէ: Ինչպե՞ս կարող է գլխավոր ճարտարապետը նման կառույց թույլատրել այդ փոքրիկ բակում: Ինչպե՞ս կարող է 100 տարվա ճարտարապետական պատմություն ունեցող շինությունը` շենքի կամարաձեւ դալանը եւ առանց այն էլ փոքրիկ բակը փակել: Բակ, որտեղ երեխաների համար նույնիսկ չկա որեւէ կանաչ տարածք: Ավելին, ջազ-ակումբի սեփականատերերը մոտենալով բնակիչներին` առանձին-առանձին փորձում են սուտ հավաստիացումներ տալ, թե իբր նրանց դիմացի հարեւանն այդ կապակցությամբ արդեն իսկ տվել է իր համաձայնությունը` «Բոլորը տվել են իրենց համաձայնությունը, մնացել եք միայն դուք»: Կամ` չբավարարվելով հարեւանների «ՈՉ» պատասխանով, իրենց խարդախ եւ անօրեն գործը իրականացնելու համար` գումար են առաջարկում:

Ակումբի սեփականատերերը եւ նրանց հովանավորները մեկ հարվածով ուզում են վերացնել հին երեւանցու մանկության հուշերը. մի բակ, որն այդքան հարազատ է մեզ` բնակիչներիս: Նրանք մոռանում են, որ շենքի բնակիչն այդտեղ բնակվում է, իսկ իրենք այսօր կան, վաղը գուցե այլեւս այդտեղ չլինեն:

Պուշկինի 52 շենքի բնակիչների անունից խնդրում ենք դադարեցնել այդ գործընթացը, տեղում` բնակչի ներկայությամբ, չափագրում կատարել բակի դիրքի եւ չափերի մասին: Չէ՞ որ գոյություն ունեն շինարարական նորմեր, որոնք որեւէ մեկը չի կարող անտեսել: Առավել եւս` Երեւանի գլխավոր ճարտարապետը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգով բոլոր շենքերի կամարային տարածքներից դուրս են բերվում բոլոր կրպակ-խանութները. այդ ինչպե՞ս է, որ այսօր քաղաքի կենտրոնում թույլատրում են փակել այս կամար-դալանը, որը ծառայում է մի քանի շենքերի բնակիչներին: Տարիներ առաջ առանց բնակիչներիս համաձայնությունը հարցնելու, կեղծելով մեր ստորագրությունները` այդ ջազ-ակումբի սեփականատերերը նույն այդ կամարաձեւ դալանը նեղացրեցին` առաջ տալով իրենց պատը: Արդյունքում, արդեն շուրջ 10 տարի ապրում ենք այդ աղմուկի մեջ, որը հանգիստ չի տալիս մեզ օրուգիշեր: Իսկ նրանց այս վերջին քայլը, որով ցանկանում են փակել մուտքը` այլեւս հնարավոր չէ հանդուրժել: Նրանք դա պատճառաբանում են, թե անձրեւաջրերը լցվում են ջազ-ակումբ: Այս բոլոր տարիների ընթացքում անձրեւաջրերը չէին լցվո՞ւմ: Ինչո՞ւ պետք է բնակիչները տուժեն իրենց բիզնեսի պատճառով: Ի վերջո, հարցին կարող են լուծում տալ` առանց շենքերի դալան-մուտքի հաշվին իրենց ակումբի տարածքը մեծացնելու։

Բակը առանց այն էլ նմանվել է խորդանոցի: Ավելին, այդ ջազ-ակումբի հաճախորդները երեկոյան ժամերին հաճախ են օգտվում բակի տարածքից` օգտագործելով այն իրենց կարիքների համար:

Բնակիչներ`

Բնակարան 9, Մանվելյան Սոնյա
Բնակարան 12, Խաչատրյան Լալա
Բնակարան 8, Հայրյան Նինա
Բնակարան 14, Համբարձումյան Հասմիկ
Բնակարան 13, Պալիկյան Ելենա
Բնակարան 3, Ղազարյան Ալիսա
Բնակարան 8/2, Մովսիսյան Աշոտ