Պարոնա՛յք, դուք օրիգինալ չեք

29/09/2011

ԽՍՀՄ փլուզումից հետո համայնավարական կարգերից շուկայական տնտեսության սահուն անցումը նրա կազմում, ինչպես նաեւ` ազդեցության տակ գտնվող ոչ բոլոր երկրներին հաջողվեց: Ակնհայտ է, որ նորանկախ պետություններից շատերի, այդ թվում` Հայաստանի իշխանությունները, փորձելով կառավարման ղեկն ամեն կերպ իրենց ձեռքում պահել երկրում ավտորիտար վարչակարգ հաստատելու միջոցով, միաժամանակ չէին կարող լինել արդար ու արդյունավետ կառավարիչ: Չէ՞ որ երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը շուկայական հարաբերությունների օրենքներով առաջնորդելու դեպքում չէր կարող ծառայել իշխանության վերարտադրության նպատակին: Արդյունքում` վերջիններս սկսեցին դիմել զանազան հնարքների, որոնք հետագայում իրենց արժանի տեղը գրավեցին նրանց վարած տնտեսական քաղաքականության հիմքում: Ի դեպ, վերը հիշատակված երկրների զգալի մասը` անկախ իրենց աշխարհագրական դիրքից, տնտեսական վիճակից ու անցած ճանապարհից, դրսեւորեցին նույն մոտեցումը, որն էլ հանգեցրեց Թոմաս Մալթուսի ուսմունքի վերակենդանացմանը` նեոմալթուսականություն անվամբ: Այլապես վերջինիս տեսությունը այդպես էլ կհիշատակվեր միայն գրքերում: Բանն այն է, որ 18-րդ դարի վերջին տնտեսագետ Թոմաս Մալթուսն առաջարկեց բնակչության օպտիմալ քանակի մասին տեսություն, ըստ որի` ամեն երկիր ունի բնակչության օպտիմալ քանակ, եւ այդ քանակի դեպքում է միայն հնարավոր բնակչությանն ապահովել երկրի բարիքներից օգտվելու ազատ հնարավորությամբ, բարձր կենսամակարդակով եւ գնողունակ պահանջարկով: Մալթուսը որոշ երկրների իշխանություններին առաջարկում էր վարել բնակչության կրճատման քաղաքականություն եւ դրան հասնելու ուղի էր դիտարկում անգամ պատերազմը: Իհարկե, այսօր դժվար թե աշխարհի որեւէ երկրի ղեկավարություն խոստովանի, որ նեոմալթուսականության հետեւորդ է, սակայն փաստերն անողոք են ու վկայում են հենց դրա մասին, եթե անգամ այդ ուսմունքի կիրառողներն իրենք էլ գլխի չեն ընկել, որ դա են կյանքի կոչում` ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Անկառավարելի միգրացիոն հոսքեր

Այլեւս գաղտնիք չէ, որ անկախացումից ի վեր առաջավոր աշխարհի երկրները հետեւողականորեն մեր մոտից տանում են որակյալ աշխատուժը, իսկ մեր իշխանությունները միգրացիոն հոսքերը կարծես առանձնապես չեն էլ փորձում վերահսկել: Միայն ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հայրենասիրական կոչերով, որ հայրենիքն իր զավակների կարիքն է զգում: Եթե թվերով խոսենք, ապա 1990-2010թթ. Հայաստանից հեռացել եւ այլ երկրներում բնակություն է հաստատել մոտ 1,3 մլն մարդ, այսինքն` երկրի անվանական բնակչության 35 տոկոսը: Սակայն, եթե անկախացման սկզբնական տարիներին հայորդիները, դրդված երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, երկրաշարժից, պատերազմից, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նոր իրավիճակից, այս դժվարությունները համարելով ժամանակավոր` ՀՀ-ից մեկնում էին վերադառնալու ակնկալիքով` այստեղ թողնելով իրենց ընտանիքն ու ունեցվածքը, ապա այսօր, թեպետ թվում է` երկրի վիճակը կայունացել է, մեկնողների մտքով հայրենիք վերադառնալն այլեւս չի անցնում, ավելին երկիրը լքողն առաջին հերթին մտածում է իր ընտանիքը նույնպես արտերկիր տեղափոխելու մասին: Այլեւս անհերքելի է, որ միայն 2008-ին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել` 23 հազար, 2009-ին` 25 հազար, եւ արդեն 2010-ին երկիրը լքել է շուրջ 30 հազար մարդ: Մեկնողները հիմնականում երիտասարդ` 20-50 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ են, որոնց պակասը երկրում դեմոգրաֆիական խնդիրների եւ ծնելիության անկման պատճառ է դառնում: Եթե խնդրին կոպիտ մոտենանք, ապա ստացվում է, որ այդպիսով Հայաստանում ուտող բերանները պակասում են, իսկ սակավաթիվ ուտող բերաններին ուտելու գումար են մատակարարում վերջիններիս արտագաղթած հարազատները: Ակամայից զուգահեռներ եմ տանում ԽՍՀՄ տարիների հետ, երբ իշխանությունները` հասկանալով, որ ողջ բնակչության բարեկեցությունն ապահովել չեն կարող, մի մասին` որպես ազգի դավաճան` գնդակահարում էին, մյուս մասին էլ աքսորում` անվճար աշխատելու ԽՍՀՄ օրինավոր քաղաքացիներին կերակրելու համար: Իշխանությունների համառ ջանքերով այսօր ՀՀ բնակչության բնական աճը կազմում է ընդամենը 2,1 տոկոս (60-ականներին այն կազմում էր 12-13 տոկոս): ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2.3-2.5 մլն: Հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների 46 տոկոսը մեկից ավելի երեխա ունենալ չի ցանկանում այն պարզ պատճառով, որ առաջին հերթին իր ապագան այս երկրում չի տեսնում: Միեւնույն ժամանակ` մեր հարեւանները շեշտակի ավելացնում են իրենց բնակչության քանակը: Եվ սա` այն պայմաններում, երբ անթաքույց հավակնություններ մեր հողերի նկատմամբ գործնականում բոլորն ունեն:

Արաբական երկրներում հեղափոխությունների եւ անկայուն իրավիճակի պայմաններն անգամ չստիպեցին այնտեղի մեր հայրենակիցներին` արյան կանչով գալ Հայաստան: Հո չե՞նք կարծում, որ մեր երկիրն աշխարհի ամենաանկայունն է, կամ տնտեսապես ամենավատ վիճակում գտնվողը: Նշանակում է` պատճառը սրանում չէ, այլ նրանում, որ Հայաստանում ապրելու, աշխատելու կամ ձեռներեցությամբ զբաղվելու բարենպաստ պայմաններ արտերկրում ապրող մեր հայրենակիցները չեն տեսնում:

Թանկ փողի քաղաքականություն

Բացի այդ` ՀՀ կենտրոնական բանկն այսօր վարում է թանկ դրամի քաղաքականություն` վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավական բարձր է` 8%: Համեմատության համար նշեմ, որ 2010 թ. մարտին այն կազմում էր ընդամենը 6.5%: Փաստորեն` ԿԲ-ն տարեցտարի կոշտացնում է դրամավարկային քաղաքականությունը, կամ, ինչպես ընդունված է ասել, վարում է թանկ փողի քաղաքականություն: Իսկ փողի թանկ լինելը ենթադրում է, որ պետք է հանգեցնի պահանջարկի կրճատման եւ գնաճի զսպման, որն էլ իր հետ բերում է կենսամակարդակի անկման: Չնայած ԿԲ-ն պնդում է, որ սա արվում է բացառապես տնտեսական ճգնաժամը մեղմելու համար, սակայն զարգացած երկրները ճգնաժամային պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել են զրոյական մակարդակի։

Անցում 6-օրյա աշխատանքային շաբաթվա

Վերջին շրջանում ԱԺ-ում եւ Կառավարության շրջանակներում բավական հաճախ է քննարկվում 5-օրյա աշխատանքային շաբաթը 6-օրյա դարձնելու մասին առաջարկները: Չնայած քննարկումների արդյունքում որոշվեց միայն որոշակի բնագավառներում թույլ տալ 6-րդ օրն աշխատել, բայց իմ խորհին համոզմամբ` օրինագիծն առաջարկող գործարարներն այսքանով չեն հանգստանա: Այնինչ այսօր էլ բազմաթիվ մասնավոր հաստատություններում քաղաքացիներն աշխատում են 40 ժամից ավելի` նույնիսկ 5-օրյայի պայմաններում: Այսպիսով գործատուներին հնարավորություն է տրվում լրացուցիչ 15-20 տոկոս աշխատուժ չներգրավել աշխատանքում եւ փոխարենը` շահագործել եղածներին: Սա հետապնդում է մի նպատակ` ոչ մի դեպքում նոր մարդ չընդունել աշխատանքի: Իսկ վերջիններիս այլ բան չի մնում, քան լքել երկիրը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 40 տոկոսն այսօր չի մշակվում, թեպետ սա առնվազն անտրամաբանական է, քանի որ հողն էլ կա, մշակողն էլ, սպառողն էլ: Եվ անգամ գների բարձրացումը խթան չհանդիսացավ, որ երկրում գյուղմթերքի արտադրությունն ավելանա: Արդյունքում` ընդամենը գյուղմթերքի ներմուծումը դարձավ մրցունակ:

Ցավոք վերոնշյալներն ընդամենը մի քանի ակնառու օրինակ են այն խնդիրների բույլից, որոնք այսօր իրենց արտահայտումն են ստացել մեր երկրում: Եվ ամենից ակնհայտ է դառնում, որ այդքան գովերգվող նոր տնտեսական քաղաքականությունը պարզապես լավ մոռացված հինն է, որը, եթե տարբեր երկրների դեպքում կարող է լինել սոսկ ժամանակավոր ու իրավիճակային լուծումների փնտրտուքի հետեւանք, ապա մեր դեպքում` կարող է հանգեցնել դեմոգրաֆիական աղետի:

Արման ԱՆՏԻՆՅԱՆ