«Ժամը 8:00-ին աշխարհը գնում է աշխատանքի, իսկ Հայաստանը քնած է»,- ասում է Միլանդա դը Մոնթը

29/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ավստրալիայում բնակվող մեր հայրենակցուհի Միլանդա դը Մոնթի մարդկային տեսակն ու ստեղծագործությունները հավասարապես շիտակ ու համարձակ են: Լինելով աբստրակտ նկարիչ` նա մշտապես ճշմարտության որոնումների մեջ է, որին նպաստել է ռենեսանս եւ ռեալիզմ ուղղություններով կրթությունից ազատագրումը. «Գույնից իդեա-իդեայից` գույն» խորագրով ստեղծագործությունների շարքի ամեն շերտի տակ հնարք կա: Նրա գործերը գրքերի նման են, որոնց ենթատեքստերն ավելի խորքային են, քան մակերեսը: Ամենահետաքրքիրը խիտ, թանձր գույների տակ թաքնված չերեւացող սողանցքներն են, որոնք դիտողին կլանում են դեպի ներս, որտեղ բազմաշերտ մտքերը խճճում, ոլորում ու տանում են դեպի ճշմարտություն: Միլանդա դը Մոնթի կտավներն այնքան ճարպիկ են, որ մարդուն երկար գամում են իրենց առջեւ ձգվող տարածության մեջ: Հեռանալիս քեզ կանչում են` ստիպելով մտորել պարզ ու մանրուք թվացող մտքերի շուրջ, որոնցից, սակայն, սկսվում է կա՛մ ողբերգությունը, կա՛մ ճշմարտությունը: Մարդուն շփոթության հասցնելու, այնուհետեւ հավասարակշռության բերելու հատկությունը վրձնահարվածի հնարքի ուժն է, որը պատկերում արտացոլվում է եւ՛ խելագարի, եւ՛ ներդաշնակի կերպարանքով: Ճիշտ այնպես, ինչպես ապստամբությունից հետո խաղաղության խուլ անդորրն է իջնում:

– Ինձ համար ամենածանր ու դաժան բանը ճամպրուկներս հավաքելն է: Հայաստանից հեռանալիս` մշտապես արտասվելով եմ իրերս հավաքում: Այստեղ իմ նկարիչ ընկերներն անփոխարինելի են: Նրանք չափազանց ջերմ եւ ընկերասեր մարդիկ են: Ավստրալիայում նույնպես մենք` նկարիչներս, թիմ ենք, բայց` միայն գործնական հարաբերությունների մեջ: Էստեղ ուրիշ է, էստեղ մարդկային հարաբերություններն արժեք են: Հայրենիքն իր հակասություններով, թերություններով ու առավելություններով` ուրիշ է` անբացատրելի: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ցուցադրվել եմ, բայց էստեղ մարդիկ, միջավայրն ուրիշ է:

– Սփյուռքահայի համար միշտ էլ հայրենիքի հանդեպ ունեցած զգացումներն ուրիշ են: Եկե՛ք փորձենք մի քիչ վերանալ այդ զգացողություններից եւ խոսենք բացասական երեւույթներից: Օրինակ` այս ընթացքում ի՞նչը Ձեզ զարմացրեց:

– Օ՜, զարմանալու առիթները շատ են, եւ իսկապես պետք է դրանց մասին խոսել: Սկսած կենցաղից` մինչեւ արվեստ, մարդիկ ռացիոնալ չեն օգտագործում իրենց ժամանակն ու կարողությունները: Ես շշկռված եմ, թե ինչպես կարող են մարդիկ առավոտից սկսած կոնյակ ու օղի խմել: Ալկոհոլ օգտագործելու կուլտուրա, ժամեր կան, բայց էստեղ հայերը լուսաբացից մինչեւ գիշեր խմում են: Բացի դա, օրն արդյունավետ կազմակերպելու գիտակցություն չկա: Մարդիկ մինչեւ կեսօր քնում են եւ արթուն են մնում մինչեւ կեսգիշեր: Երբ եկա Հայաստան` առավոտյան ժամը 9:00, 10:00-ին զանգահարում էի ընկերներիս` բոլորը քնած էին: Մտածում եմ` ա՛յ մարդ, բա ե՞րբ զանգեմ, որ արթուն լինեն: Ավստրալիայում կամ առհասարակ` որեւէ եվրոպական երկրում լուսաբացին դուք փողոցներում բազմաթիվ մարդիկ կտեսնեք, որոնք քայլում կամ վազում են` իրենց առողջությունը պահպանելու համար: Այստեղ առավոտյան 8:00-ին դուրս եմ գալիս զբոսայգի, որ քայլեմ` մարդկային շունչ չկա, բոլորը քնած են (ծիծաղում է.- Լ.Ս.): Շատերը գիշերները ուտում-խմում են եւ քնում են միայն վաղ առավոտյան: Ժամը 24:00-ից հետո Երեւանը սկսում է ապրել: Երբ գալիս եմ Հայաստան` մի տեսակ շփոթվում եմ, որովհետեւ այստեղի կյանքի ռիթմը ուրիշ է: Կյանքը դանդաղ է անցնում, որովհետեւ օրը, ժամանակը կազմակերպված չէ: Աշխարհը առավոտյան ժամը 8։00-ին մեկնարկում է աշխատանքային ժամը, իսկ Հայաստանը քնած է: Չեմ ուզում քննադատել, պարզապես կյանքի այդ ռեժիմը թուլացնում է մարդուն, վնասում է առողջությունը: Մեկ էլ շատ նկատում եմ մարդկանց տխրությունը: Մի քիչ շատ է ագրեսիան եւ համբերության պակասը: Քաղաքում մի տեսակ խաղաղություն չկա: 80 մլն բնակչություն ունեցող Գերմանիայում, 22մլն բնակչություն ունեցող Ավստրալիայում զարմանալի խաղաղություն կա: Խոսքս մարդկանց հոգեկան խաղաղության մասին է: Հայաստանում ժողովրդի մեջ ավելի շատ խռովք կա, մարդիկ բարկացած են, եւ ես միանգամայն հասկանում եմ դրանց դրդապատճառները: Բոլորը ուտում-խմում են, բայց ներքուստ բարկացած ու խռովված են: Ամեն տարի գալիս ու տեսնում եմ նորակառույց շատ շենք-շինություններ, բայց որոնք չունեն իրենց բնութագիրը, անդեմ են: Մի տեսակ կեղծ, եկեղեցական ճարտարապետությամբ շենքեր են կառուցվում` ցույց տալու համար, որ հայ քրիստոնյա ենք: Դրա մեջ սուտը շատ է, քրիստոնեությունը շենքերի ֆորմայի մեջ չէ, լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել:

– Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանից ուսանողների հետ հանդիպման հրավեր էիք ստացել: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

– Մի քիչ անհարմարավետ վիճակում հայտնվեցի: Ես շատ հասարակ էի հագնվել, իսկ ուսանողները` շատ ճոխ: Ինձ շատ է զարմացնում հայ աղջիկների հագնվելու եւ շպարվելու ոճը: Մասնավորապես կրթական հաստատություններում ուսանողները կարծես գալիս են երեկույթի: Չեմ ցանկանում վիրավորել, բայց դա շատ տգեղ է: Անկեղծ կասեմ` սփյուռքում խոսում ենք Հայաստանի աղջիկների մասին, թե ինչպես են այդ բարձրակրունկ կոշիկներով, շատ շպարով ու երեկոյան զգեստներով փողոցներում քայլում: Անշուշտ, մենք էլ ենք դա անում, բայց ոչ աշխատանքի, դասի ժամերին կամ շուկա գնալիս: Համալսարանում շատ զարմացա. ուսանողն` ուսանողի տեսք չունի: Աղջիկները դասի են գալիս կոնկրետ գայթակղելու նպատակով: Ճոխ հագնվելու մրցակցություն կա: Ավստրալիայում հագնում են շատ հասարակ, եւ մազերի հարդարանքն էլ կոկիկ է, որպեսզի ոչինչ չխանգարի սովորելու ընթացքին: Դասից հետո հագիր ինչ ուզում ես: 12 տարի Սիդնեյի համալսարանում դաս եմ տվել եւ հայ ուսանողի այդ կերպարանքը այնտեղ երբեք չեմ տեսել: Հագնվելն էլ կուլտուրա է եւ արտացոլում է մարդու էությունը: Հայ երիտասարդները, հավանաբար, այդ ոճը վերցնում են թերթերում տեսած «աստղերի» լուսանկարներից: Յուրաքանչյուր վատ երեւույթ մենք պատճառաբանում ենք եվրոպական երկրներից եկած բարքերով, բայց հավատացեք, որ դրսում նման բան չեք տեսնի: Ուսանողները հիմնականում հագնում են ազատ ոճի հագուստ` ջինսեր, եւ շպարվում են աննշան: Այստեղ երիտասարդը չի հագնում այն, ինչ ուզում է, այլ հագնում է այն, ինչ տեսնում է TV-ներով, ինտերնետով եւ այլն: Չնայած դրան` հայ երիտասարդները շատ տաղանդավոր են, շատ խելացի սերունդ ունենք մենք:

– Մեզ մոտ աբստրակտ արվեստ կա, կան տաղանդավոր արտիստներ, բայց բացակայում է արվեստի մատուցման մեխանիզմը: Նկարիչներն ասում են` ինքնադրսեւորվելու տարածքներ չունենք, իսկ գալերիստները, չկարողանալով փակել տարածքի ծախսերը` փակում են այդ գալերեաները: Շատ երկրներում եք ցուցահանդեսներ ունեցել եւ մեծ փորձ ունեք գալերեա-նկարիչ համագործակցության գործում: Ինչո՞ւ Հայաստանում չի կայանում ցուցասրահների գործունեությունը, հատկապես աբստրակտ արվեստի շուկան:

– Հայաստանի աբստրակտ նկարիչները շատ համախմբված են, ինչը մեծ առավելություն է նոր գաղափարներ կյանքի կոչելու համար: Օրինակ, դրսում` Ավստրալիայում, Գերմանիայում, այդպես չէ: Մեզ մոտ հաճախակի հանդիպելու, շփվելու ավանդույթ չկա: Մենք ստեղծագործում եւ ապրում ենք միայնակ, բայց շատ արագ համախմբվում ենք որեւէ գաղափարի շուրջ, որը գործնական բնույթ է կրում: Մեզ մոտ բացակայում է այդ ջերմությունն ու ընկերասիրությունը, բայց փոխարենը` զարգացած է մարքետինգը, գալերեաները շատ են: Ավստրալիայում մի խումբ արտիստներ համախմբվելով` սեփական գալերեան ստեղծեցին: Այսինքն` յուրաքանչյուրը քիչ ներդրումով շատ մեծ գաղափար կյանքի կոչեց: Հայաստանում նկարիչների դժվարությունը մարքետինգը, ֆինանսական անկայունությունն է, բայց դա կարելի է ստեղծել որեւէ գաղափար իրագործելով: Բացի այդ, կարծում եմ` հայ նկարիչները պետք է ակտիվ եւ նախաձեռնող լինեն: Չպետք է նստել, սպասել հրավերքի կամ գնորդի: Ամենեւին պարտադիր չէ ցուցադրվել գալերեայում: Կարելի է ցուցադրվել համալսարաններում, մեծ ընկերությունների սրահներում, ռեստորաններում, եւ ի վերջո` քաղաքի որեւէ հատվածի բաց տարածքում: Այսինքն` կարեւոր է գաղափարի փնտրտուքը, այլ ոչ թե` նկարեցիր, դե հիմա սպասիր, որ քեզ հրավիրեն ցուցադրվելու: Երեւանում պտտվելով` ես շատ հասարակական, ինչպես նաեւ` մասնավոր հետաքրքիր շենքեր տեսա, որտեղ ցուցահանդեսների կազմակերպումը եւ քաղաքին նոր շունչ կբերի, եւ մարդկանց, եւ արտիստներին: Կարող են կազմակերպել բացօթյա սրճարաններում, որտեղ նկարիչը գործը ցուցադրելուց բացի` նաեւ երկխոսություն կսկսի դիտողի հետ, եւ դա կլինի լավագույն պերֆորմենսը: Դա նաեւ մեդիայի ուշադրությունը կգրավի, եւ ժողովուրդն էլ կարթնանա: Այսօր հայաստանյան մեդիան շատ է ուշադրություն դարձնում անսպասելի գաղափարների վրա, մինչդեռ` գալերիստները չեն կարողանում արդյունավետ աշխատել նույնիսկ լրատվամիջոցների հետ, որովհետեւ հետաքրքրություն շարժելու մտքեր չունեն: Ասածս այն է, որ շատ բան կախված է նկարչից, որը չպետք է ձեռքերը ծալած նստի, այլ պետք է նաեւ իր գործերի մարքետինգով զբաղվի: Նկարիչը նաեւ կանխատեսող է, պետք է կարողանա հասարակական պահանջը զգալ: Ի վերջո, նա կարող է մի գործողություն կատարել, որը ոչ այսօր, բայց մի քանի տարի հետո անսպասելի արձագանք ունենա: Ավստրալիայում մենք ցուցադրություններ ենք կազմակերպում նաեւ մարդկանց տներում, օրինակ` դեսպանի կամ որեւէ մեկ այլ անձի: Կարող եմ իմ տանը կազմակերպել` հրավիրելով հարուստներին, կոլեկցիոներներին: Շամպայն ես բացում, հյուրասիրություն ես կազմակերպում, այսինքն` միջավայր ես ստեղծում: Լինում է, որ տեղում նկարելով` պերֆորմենսներ ենք անում:

– Այսինքն` նկարիչներն այդ առումով իշխանություններին են նման. նրանք մշտապես սպասում են, որ ժողովուրդն իրենց մոտ գա, բայց երբեք իրենք չեն իջնում ժողովրդի մոտ:

– (Ծիծաղում է.- Լ.Ս.) Անգլերեն շատ լավ խոսք կա, որը հայերեն թարգմանելիս այսպես է` «Կանգնի՛ր եւ թող քեզ հաշվեն»: Դա անգլիական մենթալիտետն է, որտեղ շատ խորը բան կա: Եթե դու չկանգնես, եւ քեզ չհաշվեն, ապա դու երբեք չես կարող ներկա լինել: Մինչեւ նկարիչը չկանգնի իր գործի ետեւում եւ չասի` սա իմ գործն է, ոչ ոք չի գնալու իր ետեւից: Ավստրալիայում մենք մեզ PR ենք անում: Ես միայն Հայաստանում եմ տեսնում, երբ այդքան կատալոգներ են տպագրվում` իրենց մեծ պորտրետով: Վերջում էլ մեծ քանակությամբ, ծախսատար այդ կատալոգները հայտնվում են հեղինակի տանը, այսինքն` պետք չեն լինում` անիմաստ ծախս: Դրսում մենք տպագրում ենք փոքրիկ բրոշյուր-գրքույկներ` կարեւոր տեղեկատվությունը ներկայացնելու համար: Դրանք շատ հասարակ են լինում եւ իրացվում են ժողովրդի մեջ: Օրինակ` անձամբ նկարիչները պատերին են փակցնում, փողոցներում կանգնած հրամցնում են մարդկանց, ցրում են պետական, հասարակական կամ մասնավոր կառույցներում: Հայաստանը զբոսաշրջության երկիր է: Ես հիմա փողոցներում ավելի շատ զբոսաշրջիկներ եմ տեսնում, քան տեղացիներ: Սա ամենահարմար ժամանակահատվածն է, որ նկարիչներն իրենց գործերը ներկայացնեն զբոսաշրջիկների միջավայրում: Զարմանալի է, բայց նման բան չտեսա: Միայն պատկերասրահն է, որի դռները փակված տեսա եւ, չեմ էլ կարծում, թե այնտեղ օտարերկրյա այցելուները շատ են: Նկարիչն ազատ է, եւ կառավարության հետ գործ չունի: Սպասելիքներ պետությունից չպետք է ունենա, այլ ինքը պետք է կազմակերպի իր ցուցադրությունը: Դրսում կառավարության հետ մեր կապը միայն որեւէ նախագիծ կամ գրանտ ստանալն է, իսկ ընդհանրապես` ոչ մի սպասելիք:

– Եթե նկարիչը ինքն իր հովանավորն է դառնում, բնականաբար, վերանում է նաեւ գալերեայի իմաստը: Այդ դեպքում, ինչո՞ւ պահել գալերեա, եթե ցուցադրություն կարելի է կազմակերպել ինքնուրույն եւ ամենուր:

– Ոչ, եթե նկարիչն աշխատում կամ համագործակցում է գալերեայի հետ` դա լրիվ ուրիշ խնդիր է: Այսինքն` դու վճարում կամ նկարով հատուցում ես գալերեային, որպեսզի նա զբաղվի քո ցուցահանդեսի բոլոր կազմակերպչական աշխատանքներով: Խոսքս անհատ նկարչի մասին է, որը չպետք է մնա գալերեայի հույսին: Ֆինանսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ավստրալիայի շատ գալերեաներ փակվեցին` չկարողանալով ամենօրյա ծախսերը փակել: Այնպես որ, այդ երեւույթը միայն Հայաստանում չէ: Ուրեմն ի՞նչ, արտիստը պետք է նստի, սպասի, թե ե՞րբ պիտի նորից բացվեն ցուցադրության վայրերը, պիտի դադարի նկարե՞լ: Ավելի ջանասիրաբար պետք է իրեն ցուցադրելու մտքեր իրագործի: Հայ նկարիչներն ընդհանուր նախագծեր, ծրագրեր չունեն, մինչդեռ դրսում արտիստը միայն նկարիչ չէ, այլ` տարբեր ճյուղեր օգտագործելով` նաեւ մարկետոլոգ է: Դուք տեսեք, թե ինտերնետն ինչ լայն հնարավորություն է ստեղծում աշխարհի բոլոր երկրներից ինֆորմացիա ստանալու եւ այնտեղ ինֆորմացիա թողնելու համար: Ես ունեմ իմ կայքէջը, դիզայները, որն ամեն օր թարմացնում է կայքը: Ինտերնետն ամենամեծ շուկան է, որտեղ մուտք ես գործում վայրկյանների ընթացքում եւ քո ետեւից կարող ես հսկայական բազմություն տանել: Հայաստանյան արտիստները շատ հետաքրքրված չեն ինտերնետի միջոցով իրենց ներկայացնելու ձեւաչափով, բայց դա կապեր ստեղծելու, կոլեկցիոներների, գալերիստների հետ հարաբերվելու ամենաարդյունավետ տարբերակն է: Ժամանակակից միտքը իրացնելու ճանապարհը նաեւ ինտերնետում պետք է փնտրել: Հայաստանում շուկա ստեղծող գալերիստն ինքն էլ ինտերնետից չի օգտվում, մինչդեռ պարտավոր է իմանալ, թե աշխարհի որ երկրում արվեստի դաշտում ինչ է կատարվում: Գալերիստը համաշխարհային արվեստի շուկայում պիտի հայտնի լինի, պիտի ճանաչեն իրեն, բայց հայ գալերիստներին չեն ճանաչում, իրենք նույնիսկ վեբ-կայք չունեն: Չկա կոնցեպցիա, չկա շուկա եւ առաջխաղացում: Ի վերջո` արտիստն ինքը հնարող է: Պետք է ոչ միայն պատկեր հնարի, այլ նաեւ` գործնական գաղափարներ:

– Շատ դեպքերում մեր նկարիչներին օգնում են սփյուռքահայերը, ովքեր դրսում ցուցադրություններ են կազմակերպում:

– Այո՛, բայց մեր նկարիչները պետք է դա մոռանան: Պետք չէ նստել եւ սպասել, որ սփյուռքահայը քեզ համար ցուցահանդես կազմակերպի: Տեղացիները մեծ հույսեր են կապում նրանց հետ, ինչը շատ վատ է: Դրսի հայը (չեմ ուզում անուններ տալ) քեզ տանում է, ասենք, Նյու Յորք, մասնավորապես` հայ համայնք, եւ ցուցահանդես է անում: Դրսի մեդիան դրանից տեղյակ չէ, Ամերիկայի քաղաքացիները` նույնպես: Գալիս են միայն հայերը, եւ ստացվում է, որ սփյուռքահայն ուղղակի բարեգործություն արեց, նա այդ գործի մասնագետը չի, հասարակ մարդ է: Ոչ Նյու Յորքի գալերեաները քեզ ճանաչեցին, ոչ արտիստներն ու կոլեկցիոներները, ոչ էլ` art-միջավայրը: Նկարիչը կարծում է` հայտնի դարձավ, բայց այդպես չէ, իրեն ճանաչեց հայ համայնքը: Արտիստին դա չպետք է բավարարի, որովհետեւ դա ընդամենը դուրս տանելու օգնություն էր: Ի դեպ, ինձ նաեւ զարմացնում է, որ ցուցահանդեսների ժամանակ միշտ նույն մարդիկ են գալիս, որոնք հիմնականում նկարիչներ են: Դրսում այդ երեւույթը չես տեսնի, չեն գալիս նկարիչները, որովհետեւ իրենք գնորդ չեն: Ավստրալիայում ցուցահանդեսներին գալիս են հաճախորդները: Օրինակ` Հայաստանում բազմաթիվ մեծ ու փոքր կազմակերպություններ կան, բայց որոնց երբեք հրավիրատոմս չեն ուղարկում: Գալերիստը նկարիչներին հրավիրելու փոխարեն` պետք է հրավիրատոմս բաժանի այն մարդկանց, ովքեր պոտենցիալ գնորդներ են: Ես վստահ եմ, որ բոլորն էլ հետաքրքրություն կցուցաբերեն: Ախր այդքան դժգոհելու, տրտնջալու փոխարեն` պետք է քայլեր անել, աշխատել: Նկարչական սահմանը նկարիչների միջավայրում է, բայց այդ սահմանը պետք է ընդգրկի շատ տարբեր շերտեր: Ստացվել է այնպես, որ Հայաստանում նկարիչներին ճանաչում են միայն նկարիչները: