Հայոց լեզվի նվիրյալը

29/09/2011

Լեւոն Ջավախյան
Վիգեն Ավագյանի հիշատակին

Ժամանակը հարահոս գնում է: Երանի չէ, միայն ինքը գնար: Գնում է ու տանում: Տարավ, առհավետ տարավ նաեւ Վիգեն Ավագյանին, ընկերոջս, համերկրացուս, հատընտիր լեզվաբանին ու արժանավոր քաղաքացուն: Նրա հետ ամեն հանդիպում ինձ համար տոն էր, եւ այդ տոնը հաճախ վերածվում էր խոսք ու զրույցի խրախճանքի: Նրա պարզ ու հստակ մտքերը մեր բնաշխարհի համ ու հոտով բարուրված` զուլալ աղբյուրի նման գլգլալեն հորդում էին քաղցրադուռ բերանից, որը շատ հաճախ փոխակերպվելով` դառնում էր մուսա ու ինձ ստիպում գրիչ բարձրացնել այս մեծ ու փոքր, պինդ ու փխրուն, դառն ու անուշ աշխարհի վրա` օգնելով սիրել այն, սեր անել այս աշխարհի հետ ու նրա մի տխուր անկյունում ծվարած մարդկանց հետ:

Ես սիրում էի ընկերոջս` Վիգեն Ավագյանին, այնպես, ինչպես այս աշխարհն եմ սիրում:

Օպերայի շրջակայքում զբոսնելու ընթացքում նրա արած մի զրույց էլ ծնունդ տվեց պուճուր այս պատմությանը, որը գրի առա ու զետեղեցի իմ «Հիսունհինգ»-ում, «Գաղափարազուրկ պատմվածքի» ներսում:

«Ուրեմն մեր գեղն էր եկել Վիգեն Ավագյանը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ուզում էինք նրան ցույց տալ, որ մենք էլ կյանքից հետ չենք մնում, ճիշտ ա, մեր գեղացին պրոֆեսոր չի, բայց նա էլ գիտի, թե ինչ ա գրականությունը: Բերինք մեր պլոտնիկին դեմ տվինք, ասինք, պարոն Ավագյան` Բաբանց Հենոն ա, ինչ ասես, ասիլ տի… Ասավ` հա՞, Հենո: Ասավ` հա՛:

Ասավ.

– Հենո՛, «Մուկիկի մահը» ո՞վ ա գրել…

Ասավ.

– Օհաննես Թումանյանը:

Ասավ.

– Բա «Թմկաբերդի առումը» ո՞ վ ա գրել:

Ասավ.

– Թումանյան Օհաննեսը:

Ասավ.

– Բա «Անուշը՞»:

Ասավ.

– Օհաննես Թումանյանը:

Էդտեղ պրոֆեսորը շանտղություն արավ: Պլաստինկեն փոխեց: Ասավ.

– Հենո՛, բա «Աբու լալա Մահարին» ո՞վ ա գրել…

Հենոն, բանից անտեղյակ, նախկինի պես ինքնավստահ քիթը տնկած ասավ.

– Թումանյան Օհաննեսը:

Պրոֆեսորն ասավ.

– Չէ՛, Հենո՛, չէ՛… Էստեղ կացինդ քարովը տվիր:

– Խի՞…,- բորբոքվեց Հենոն:

– Էդ մեկը,- ասավ,-գրել ա Ավետիք Իսահակյանը:

– Թու հա՜…,- ծնկներին զարկեց Բաբանց Հենոն,- Թու հա՜…

– Քեզ ի՞նչ եղավ, Հենո,- զարմացել էր պարոն Ավագյանը:

– Լավն ա,- ասաց Հենոն,- ուզում էի էդ էլ Թումանյանը գրած ըլի…»:

Էդ Բաբանց Հենոյի ուզածը` էն ժամանակ: Իմ ուզածը էսօր ավելին է: Ուզում եմ իմ ընկերը իմ կողքին լիներ…

***
Լրացավ լավագույն լեզվաբաններից մեկի` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Գեւորգի Ավագյանի ծննդյան 70-ամյակը: Ցավոք, գիտնականի կյանքն ընդհատվեց 57 տարեկանում, երբ նա դեռ այնքան ծրագրեր ուներ: Վ. Ավագյանը հեղինակ է յոթ դասագրքի («Մայրենի 3», Հայոց լեզվի շարահյուսություն, դասագիրք երեկոյան դպրոցների 7-8 դասարանների համար», «Հայոց լեզուն 8-9-րդ դասարաններում» եւ այլն), բազմաթիվ գրքերի, հարյուրավոր գիտական հոդվածների:

Արդի ուղղագրության «բարեփոխման» նկրտումներ

Այժմ մոլեգնում է միտում` խաչ քաշել աբեղյանական ուղղագրական բարեփոխության, արդի գրական հայերենի ուղղագրության վրա` վերադառնալով ելման կետին` մեսրոպյան ուղղագրությանը: (…) Նկատենք` մեսրոպյան ուղղագրությանն անցնելն առաջադիմությո՞ւն է, թե՞ հետադիմություն: Աբեղյանական ուղղագրական բարեփոխությունը, ճիշտ է, պետական-պաշտոնական հանդերձ հագավ 1922 թ. մարտի 4-ին, սակայն մինչ այդ հայագիտության հսկան գրել էր գրքեր (1892,1913 թթ.) ու բազմաթիվ հոդվածներ, առաջադրել հայերենի ուղղագրությունը կանոնարկող ծրագրեր` ապացուցելով, որ գիտության եւ ուսումնադաստիարակչական գործընթացի հաջողության գրավականն ամենից առաջ կայուն ուղղագրություն, դրա հիման վրա դասագրքեր ստեղծելն է (հիշենք 19-րդ դարի վերջին գրավոր խոսքում իշխող ուղղագրական քաոսը. ով ինչպես գիտեր, այնպես էլ գրում էր` Հակոբ, Ակոպ, Հակովբ, Ակոփ, Հակոփ, Յակոբ, Յակոպ. հուսիս, հիւսիս, հյուսիս, հիյուսիս…): Այն անձինք, ովքեր ուզում են վերականգնել հին ուղղագրությունը, թերեւս չեն պատկերացնում` ինչ է նշանակում պատմության անիվ շրջելը: Սա նույնն է, թե պատմության թանգարանից հանենք, օրինակ, Արգիշտիի կամ Տիգրանի կառքերն ու սայլերը եւ գործածենք իբրեւ փոխադրամիջոց ու տաքսի: Օրինական հարց է ծագում` 21-րդ դարում ինչո՞ւ վերադառնանք 5-րդ դարի ուղղագրությանը…

Ճշմարտություն է` լեզվական օրենքները ձեւավորում, կանոնարկվում են կենդանի, խոսակցական գրական լեզվի բովում: Մեսրոպ Մաշտոցը լեզվական օրենքները, ուղղախոսական եւ ուղղագրական կանոնները բանաձեւել է գրաբարի հենքի վրա: Իսկ այդ ժամանակ բոլորը խոսում էին (արդեն` նաեւ գրում) գրաբարով, ավել կամ պակաս գրականով): Նույնիսկ Մեսրոպի ժամանակ, երբ պետություն եւ պետականություն կար, գրաբարը կատարյալ ոսկեղենիկ չէր եւ չէր էլ կարող լինել, քանզի լեզվի անաղարտության պահպանումը պայմանավորված է նաեւ անհատներով, նրանց հայրենասիրությամբ, իսկ լեզվի գլխին, անտարակույս, պիտի լինի պետական հոգածության ամպհովանին: Մյուս հարցը. դիցուք վերականգնեցինք հին ուղղագրությունը: Իսկ ովքե՞ր են ուսուցանելու այդ ուղղագրությամբ… Ասում են` դա կլինի կամաց-կամաց, արդի հայերենին զուգահեռ: Դա մինչեւ ե՞րբ կտեւի… Իսկ սովորեցնողներն արդյո՞ք ի վիճակի են ապահովելու լիարժեք գրագիտություն: Ի՞նչ միջոցներով, որտե՞ղ, ինչո՞ւ սիզիփոսյան տառապանք կրել, որպեսզի 21-րդ դարի 90-ականներին (՞) ունենանք միատարր գրագետ հասարակություն: Բայց արդյո՞ք բացառվում է, որ մի սերունդ էլ հենց 21-րդ դարի վերջին նորովի հետադարձ չի կատարի դեպի աբեղյանական բարեփոխությունը:

Մի գաղտնիք ասեմ. արդեն 25 տարի է` զուգահեռաբար դասախոսում եմ ուսուցիչների կատարելագործման տարբեր ինստիտուտներում (Երեւան, Վանաձոր, Գյումրի, Ախալքալաք, Սուխումի…) եւ, որպես կանոն, դասախոսություններն ավարտելուց հետո քննություն եմ ընդունում` բանավոր (ստուգարք) եւ գրավոր (թելադրություն): Արդյո՞ւնքը… Դրական գնահատական են ստանում քչերը: Այո՛, 70 տարում նրանք դեռ բավարար չափով չեն տիրապետել մայրենիի ուղղագրության եւ կետադրության` ոչ այնքան դժվար կանոններին: Վիճակը նույնն է նաեւ բանասիրական ֆակուլտետների բարձր կուրսերում: Այն կարծիքին չեմ, թե ուսուցչի գրագիտության մակարդակը պայմանավորված է սոսկ ճիշտ գրելով: Ամենեւին, կան շատ լավ մանկավարժներ, սակայն նրանք էլ չունեն անսխալ գրավոր խոսք, իսկ մյուս մտավորականների, ուսանողների, սովորողների գրագիտության մակարդա՞կը…

Հպանցիկ ներկայացնենք աբեղյանական ուղղագրական բարեփոխության ճշմարիտ պատկերը, որ հաճախ աղավաղում են հին ուղղագրության ջատագովները: Մ. Աբեղյանն այն վիթխարի գիտնականն էր, ով իր ուսերին առավ հայոց լեզվի ու գրականության, բառարանագրության, բանագիտության, աղբյուրագիտության, մատենագրության` ի խորո հետազոտման ահռելի բեռը: Նա իր ձեռքն առավ նաեւ ուղղագրական խառնիճաղանջությունը կանոնակարգելու բարդ գործը` հետեւելով մեսրոպյան ուղղագրության սկզբունքին` երեւույթի պատմական զարգացումն ու փոփոխությունները խորապես հաշվի առնելու սթափությամբ. «Բարեփոխությունը կատարված է այն սկզբունքով, որ ամեն մի հնչյուն միայն մեկ առանձին նշագիր պիտի ունենա, եւ ամեն մի տառ այդ մեկ հնչյունի նշանագիրը պետք է լինի» («Հայոց լեզվի տեսություն», 1965 թ., էջ 122): Նշենք նաեւ, որ փոխված հնչյուններն էլ համապատասխանել են արտասանությանը, ինչպես` «ակօս, հանդէս, կաւ, նուաստ, լոյս, յատակ, սենեակ, ամսօրեայ, յոթն, արյուն»): Չեն գրվել այն տառերը, որոնք չեն արտասանվել (տղայ, երեկոյ` տղա, երեկո). դրանք գրվել են, սակայն, այն կառույցներում, որոնցում հնչվել են (տղայական, երեկոյի): Ձայնավորին հաջորդող ի-ից հետո յ չի գրվել: Բառասկզբի յ-ն, որ հ էր հնչվում, գրվել է հ-ով (յարմար-հարմար, յանճար-հանճար): Վյունը (հյունը), երբ արտասանվել է վ, գրվել է վ-ով (աւագ-ավագ, լաւ-լավ), իսկ եւ-ը գործածվում էր որպես սղագրության նշան, որը «կիսվում էր» տողադարձելիս (հե-վալ, արե-վի): Բաղաձայնական ու-ն գրվում էր վ-ով, քանզի այդպես էլ արտասանվում էր (զուարթ-զվարթ, պատուեր-պատվեր), իսկ ձայնավորական ու-ն պահպանվում էր (հարսնացուի, յերկուական): Ոյ երկհնչյունը գրվում էր արտասանությանը համապատասխան (լոյս` լույս, բոյս` բույս), իսկ եա, եօ, իւ-ը` յա, յո, յու (պատեան` պատյան, արդեօք` արդյոք, արիւն` արյուն): Ձայնավորին նախորդող ե-ից հետո լսվող յ-ն գրվել է (գրելու եյի, պատմեյի, րոպեյական): Բառասկզբում լսվող վ-ն գրվել է (վորս, վոլորել): Ե-ից առաջ լսվող յ-ն եւս բառասկզբում գրվել է (յես, յերբ): Մեսրոպյան այբուբենից հանիրավի հանվել են օ-ն եւ է-ն` փոխարինվելով ո-ով եւ ե-ով (եջ, եյակ, ոդ, որինակ): (1940 թ. լրացուցիչ բարեփոխությամբ վերականգնվեցին օ-ն ու է-ն, կայունացվեց օժանդակ բայի ուղղագրությունը: Հիրավի, սա բարեփոխություն էր` որոշ անճշտություններով: Աբեղյանական բարեփոխությունը ռումբի պես պայթեց Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի: Ամենուրեք քննադատություն, բողոք, վիրավորանք… Դա բնական էր: Խնդիրն այն է, որ Աբեղյանի որդեգրած մաշտոցյան սկզբունքն աշխարհաբարում առաջ էր բերում որոշ շեղումներ (յերթ, բայց` շքերթ), իսկ ինչ վերաբերում է մյուս անպատեհություններին, ապա դրանք էլ շտկվեցին 1940 թ. օգոստոսի 15-ի լրացուցիչ բարեփոխությամբ: Մի խոսքով` արդի ուղղագրության ողջ համակարգը պարտական է 1922 թ., մասամբ 1940 թ. բարեփոխումներին, իսկ այն այսօր լավ վիճակում է:

Հայտնի է, որ ամեն մի ուղղագրություն պետք է կյանքում անցնի, ամրագրի որոշակի սկզբունքներ` ավանդական, հնչյունական, ձեւաբանական, ստուգաբանական, որոնցից ոչ մեկն էլ կատարելապես չի կիրառվում, եւ դա բնական է: Արդ` մեր ուղղագրությունը գերազանցապես հնչյունական է` ավանդականի տարրերով (հնում վարդ, սուրբ, արձան, միրգ, որջ են արտասանել եւ գրել, իսկ այժմ` վարթ, սուրփ, արցան, միրք, որչ): Գրության եւ արտասանության տարբերությունները, որոնք ունեն առարկայական եւ ենթակայական պատճառներ, սկսվել են դեռ 5-րդ դարից, որոնք խորացել են հետզհետե` պայմանավորված պետականության բացակայությամբ, լեզվի անտերությամբ, օտարազգի բառերի ու բարբառային տարրերի ներթափանցումներով, հնչական համաբանությամբ եւ այլն: Արդի հայերենն այսօր բոլորիս հաղորդակցության միջոցն է, ամենուրեք խոսում եւ գրում ենք այդ լեզվով (հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն), մի խոսքով` լեզվական, խոսակցական, արտասանական մթնոլորտը միատարր է: Սա ամենակարեւորն է` արդի հայերենով մտածելու, ճիշտ գրելու հայեցակետից: Մեր փորձարկմամբ` արեւմտահայերենով խոսող հայը արդի հայերեն շատ վատ է արտասանում ու գրում, քան նույնիսկ կիսագրագետ արեւելահայը (եւ հակառակը): Նույնիսկ հին ուղղագրության կողմնակիցներն իրենց աշխատություններում (Ռ. Իշխանյան, Վ. Համբարձումյան) վկայում են, որ գրաբարի բացառությունները, նույն ուղղագրական կանոնին վերաբերող հարյուրավոր տարագրույթ ունեցող բառերը չափազանց շատ են` համեմատած արդի հայերենի նույն երեւույթների հետ: Բերենք մի քանի օրինակ. տարրական դասարանցիները գիտեն` բառասկզբում է լսելիս գրում ենք է, որն անփոփոխ է մնում բառերի բոլոր բաղադրություններում (է, էակ, մանրէաբան, մանրէ), իսկ ե-ն` բառամիջում եւ վերջում արտասանվում է է, բայց գրվում է ե (բառասկզբում ե-ն գրվում է ե-ով): Իսկ գրաբարո՞ւմ: Այն գրվում էր ոչ միայն բառասկզբում, այլեւ բառամիջում (կէս, ուղուէս, պէս, եղէգն, պատճէն, Մովսէս) ու բառավերջում (ափսէ, բազէ):

Է-ն գրվում էր նաեւ եղէն, երէն, էն, աւետ, էք եւ այլ ածանցներ ունեցող բառերում, որոնք հիշելու համար մտքի ապարդյուն ջանքեր պիտի գործադրել: Անգիր պիտի հիշել նաեւ ամէն, մողէս, գոմէշ, առնէտ, գէթ եւ այլ բառեր: Է հնչյունը գրվում է է նաեւ բարբառային, ժողովրդախոսակցական եւ փոխառու բազմաթիվ բառերում, որոնք եւս պիտի անգիր սովորել: Էլ չենք խոսում է-ի երկբարբառային դրսեւորման մասին (եյ). ինչպե՞ս գրենք, օրինակ, Իվան, Բեյ, Բեյլան, Շվեյցարիա, Պորտվեյն բառերը` է-ո՞վ, թե՞ եյ-ով: Հաջորդ հարցը. դարձյալ տարրական դասարանցիներն իսկ գիտեն, որ բառասկզբում օ լսելիս գրում ենք օ (օր, օդ, հակաօդային, այսօր) մեկ բացառությամբ` ով), իսկ ո-ն (հայերեն բառերում)` ո (ոսկի, որս), բառամիջում եւ վերջում, իբրեւ լսվող օ, ո-ով (կարոտ, Կարո): Հին ուղղագրության պարագայում դրանք ճիշտ գրելու համար պիտի բերանացի արվեն մի շարք կանոններ. այդ եւ օտարազգի փոխառյալ բառերի թիվը հասնում է հարյուրների… Ո՞րը հիշես: (…)

Վիճակն ավելի վատթար է երկհնչյունների արտասանության եւ գրության դեպքում: Իսկ նոր ուղղագրության պարագայում` հեշտ (արյուն, հյուր, միություն, առյուծ, լույս, արդյոք, բույր, Նյու Յորք, Թեոդոսիա եւ հարյուրավոր այլ բառերում արտասանությունն ու գրությունը նույնն են): Տեղի սղության պատճառով չենք անդրադառնում հին ու նոր ուղղագրությունների մյուս տարբերություններին, թեեւ եղածն էլ բավական է` դրանք ծանրութեթեւ անելու համար: Նշենք նաեւ, որ լեզուն, նրա օրենքները, կանոնները, երկար ժամանակ գործածվելով, մի տեսակ «քարանում են»` դառնալով անսասան (ո՞վ է հիշում, որ զենիթ բառը եղել է զեմթ, շերամ-ը` շերաս, գրիչը` գչիր, ստանձնել-ը` ըստանձնել, սփռել-ը` զփռել, կորնթարդ-ը` կորընդարդ եւ այլն): Հիշենք` ոչ հեռու անցյալում ռուսներն ուզում էին արտասանության եւ գրության տարբերությունները մասամբ շտկել (մալակո-մոլոկո). չհաջողվեց: Կամ` եթե մեկնումեկն այսօր հարց բարձրացնի` ով-ը` միակ բացառությունը, օվ գրել, շատերը սվիններով կդիմավորեն…

Անցյալ տարիներին Տերմինաբանական կոմիտեն վիթխարի աշխատանք կատարեց` հազարավոր բառեր ու տերմիններ տառադարձելով հայերենի, կանոնարկելով մայրենիի մի շարք օրենքներ եւ այլն: Մի պահ պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա, երբ այդ հարյուրավոր որոշումները (կնիք-դրոշմներից` դրամը…) հարմարեցնենք հին ուղղագրության կանոններին: Հին ուղղագրության կողմնակիցների ամենանուրբ զենքը սփյուռքի հարցն է: Իբր թե «Աբեղյանի մեղքով» մեր եղբայրներն ուծացան: Եկեք անկեղծ լինենք. 20-ական թվականների եւ այսօրվա սփյուռքը նո՞ւյնն են. մենք ի՞նչ գիտեինք երկաթե վարագույրից անդին ապրող հայերի մասին: Ոչի՛նչ: Աբեղյանը քանի՞ գլուխ ուներ իր ուսերին, որ խստագույնս հաշվի առներ նաեւ նրանց ուղղագրության խնդիրը` անտեսելով քաղաքական հիվանդագին հիմնահարցերը: Այնուհետեւ. արտաքին սփյուռքի մասին խոսողը չպետք է մոռանա նաեւ ներքին սփյուռքը, որ թվաքանակով, ցավոք, այժմ հավասարվում է արտաքին սփյուռքին: Մեր արտասահմանցի եղբայրներն, այս կամ այն հիմնավորվածությամբ, սովորում են մի քանի օտար լեզու. այն էլ` հեշտ եւ հանգիստ, իսկ իրենց արեւելահայերեն մայրենին` ո՛չ. ինչո՞ւ: Մի՞թե դժվար է որոշ քերականական եւ հնչյունաբանական կանոններ յուրացնելը: Մեր եղբայրներն ավելի շատ հիմնահարցեր ունեն` իրենց բառապաշարային ու քերականական լուրջ խնդիրներին աղերսվող. ա՛յ դա է կարեւորը, առօրեականը (Փարսիղ-Բարսեղ, բադ-պատ, դուք-թուք (ձայնեղ-շնչեղ-խուլ, խուլ-ձայնեղ), բադին մեջ (պատի մեջ), իմ ձեռովս, քո աչովը, ինծի, իրմով, ըսվիլ եւ այլն, եւ այլն):

Երկու գրականների մերձեցումը պիտի կատարվի ոչ թե որոշումներով, այլ տարիների ընթացքում` «փոխզիջումներով»` անսալով, անշուշտ, լեզվի ներքին տրամաբանության ձայնը: Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունեն նաեւ լսատեսողական եւ ինքնաշարժ գործոնները: Ուղղագրությունն էլ գիտություն է, որը ժամանակի ընթացքում վեր է ածվում մեքենական գործողության: Հիշենք` որեւէ բան գրելու համար վերցնում ես գրիչը, եւ ձեռքդ գրում է տվյալ բառն առանց ուղեղիդ թելադրանքի: Դա բնախոսական եւ հոգեբանական խնդիր է, որ չպիտի անտեսել: Պատկերացնենք` նոր-նոր օտար լեզու ես սովորել եւ գրում ես թելադրություն: Որպիսի տառապանք…

Ի մի բերելով վերwհիշյալը` ընդգծենք, որ արդի ուղղագրությունը, իր երբեմնի որոշ թերություններով հանդերձ, այսօր լիովին բավարարում է մեր խոսողական եւ գրագիտական պատշաճ մակարդակ ապահովող պահանջները: Նրանով կրթված սերունդներն ու ստեղծված ահռելի գրավոր խոսքը պահանջում են անխաթար թողնել արդի ուղղագրությունը, որի դույզն-ինչ փոփոխությունը հղի է աղետալի հետեւանքներով…

1997թ., մայիսի 13