Ոսկերչական աշխատանքների ցուցահանդես

29/09/2011

Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների մաս է կազմել նաեւ ոսկերչական աշխատանքների ցուցահանդեսը: Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացել է ոսկյա իրերի եւ թանկարժեք քարերով զարդերի ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էին Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան («AJA»), ՀՀ էկոնոմիկայի եւ սփյուռքի նախարարությունները: Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ոսկերիչների միության անդամ Սարգիս Սահակյանի կողմից ստացել է «Հայաստան» հուշանվերը:

Ցուցահանդեսին ներկայացվել են շուրջ 65 ընկերության ցուցանմուշներ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից, Իտալիայից եւ Շվեյցարիայից: Զարդերից բացի, եղել են նաեւ հուշանվերներ` Գառնու հեթանոսական տաճարի, Հռիփսիմե եկեղեցու կամ մերկ կանանց տեսքով, որոնց մեջ ոսկին համադրվել էր թանկարժեք քարերի եւ այլ ազնիվ մետաղների հետ: «Ներկայացված աշխատանքներն առանձնանում են ոչ միայն գեղեցիկ ձեւավորմամբ ու որակով, այլեւ հայ ոսկերչի ներդրած մեծ սիրով: Առաջին անգամ ենք նման ցուցահանդես ունենում Հայաստանում, մեզ համար ուրախալի է, որ Անկախության 20-ամյակին աշխարհի հայ ոսկերիչները հավաքվել են հայրենիքում, հանդես են գալիս բարեգործական այս միջոցառմամբ»,- bravo.am-ին ասել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը:

Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսին ներկայացված որոշ նմուշներ վաճառվել են բարեգործական հիմունքներով. Գումարը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին: