«Աստված իմ, ես պետք է ամուսնանամ այս տղամարդու հետ»

29/09/2011

Պարզվում է` Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին գայթակղել է ոչ միայն ամուսնու` Նիկոլա Սարկոզիի նախագահական աթոռը, այլեւ նրա նախասիրություններից մեկը: Համենայնդեպս, հենց այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի առաջին տիկինը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: «Մի անգամ հանդիպեցի նրան Ելիսեյան պալատի այգում զբոսնելիս: Պատկերացնո՞ւմ եք, նա կարողացավ ասել այնտեղ աճող բոլոր բույսերի անունները: Նա գիտեր նաեւ դրանց լատինական անվանումները, կակաչների ու վարդերի մասին բոլոր մանրամասները: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես պետք է ամուսնանամ այս տղամարդու հետ: Նա նախագահ է, բացի այդ, նաեւ ծաղիկների գիտակ: Դա անհավանական է»,- ասել է Կարլա Բրունին:

Փաստորեն, Նիկոլա Սարկոզին հմայել է մոդել, երգչուհի, արդեն նաեւ դերասանուհի Կարլային` այգեգործության հանդեպ իր կրքով եւ այդ ոլորտի մասին ունեցած խոր գիտելիքներով, թեեւ մինչ վերջերս Ֆրանսիայի առաջին տիկինը համոզում էր, թե սիրահարվել է Սարկոզիին Փարիզում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ: Նշենք, այգեպանությունը Ֆրանսիայի նախագահի միակ հոբբին չէ. Սարկոզին հայտնի է նաեւ որպես կոլեկցիոներ, հեծանվորդ եւ մարզիկ: Հավանաբար, Նիկոլա Սարկոզիի մյուս` հասարակությանը դեռեւս անհայտ տաղանդները կբացահայտվեն զույգի երեխայի ծնունդից հետո: Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահի եւ մոդել Կարլա Բրունիի ընտանիքում համալրում է սպասվում այս աշնան ընթացքում:

Ի դեպ, Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ գործող նախագահը հայր է դառնալու: Իսկ ապագա մայրիկը խոստովանել է, որ կարոտում է իր շրջագայություններն ու կիթառ նվագելը: Այս զբաղմունքները մոդել եւ երգչուհի Բրունին ստիպված է եղել մոռանալ, երբ դարձել է Ֆրանսիայի առաջին տիկինը: «Իմ երազանքն է վերադառնալ աշխատանքիս, բայց միեւնույն ժամանակ` լինել ընտանիքիս հետ: Սովորական երազանքներ են, որոնք ունեն բոլորը»,- ասել է Կարլա Բրունին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջին տիկինը վերջերս նկարահանվել էր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում:

bravo.am