Բուժիչ համեմունքներ՝ դարչին եւ դափնի

29/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Դափնազգիների ընտանիքին է պատկանում դարչնածառը։ Լատիներեն անվանումն է` Cinnamomum ceylanicum, այս տեսակի հայրենիքն է Շրի Լանկան, որտեղից այն տարածվել է դեպի Հնդկաստանի հարավ, Սեյշելյան կղզիներ, Մադագասկար, Գվիանա, Բրազիլիա եւ արեւադարձային գոտու այլ երկրներ։

Cinnamomum տեսակն ունի մի շարք այլ ենթատեսակներ. ցեյլոնյան, չինական (կասսիա), մալաբարյան, ցիննամոն եւ այլն։ Կասսիան ծառ է, որի հայրենիքն է Բիրման, ցիննամոնը թուփ է։ Առավել հայտնի եւ հարգի է C.ceylanicum` Շրի Լանկայում աճող դարչնածառից ստացված մատղաշ ճյուղերի կեղեւը կամ դրանից պատրաստված փոշին։ Դարչինը որպես համեմունք` հայտնի է եղել Հին Հռոմում, պահպանվել է տեղեկություն այն մասին, թե կայսր Ներոնն այրել է տվել դարչնի ամբողջ պաշարը, երբ իր ձեռքով սպանել է կնոջը։ Այդ քայլով նա ուզեցել է ցույց տալ, թե որքան խորն է իր ողբն ու կսկիծը։ Անտիկ ժամանակներում իմացել են նաեւ դարչնի կեղեւի բուժիչ հատկությունների մասին։ Դիոսկորիդիսը գրել է, որ ցանկացած տեսակի դարչինն ունի ջերմացնող ուժ, բացում է խցանումները, կանխում նեխման գործընթացները օրգանիզմում։ Հունարենից` դարչին բառը կրում է «անբասիր համեմունք» իմաստը։

Դարչնի կեղեւից համեմունքի պատրաստման գործընթացը շատ աշխատատար է, որի հետեւանքով բարձր է դրա գինը։

Երբ 1517թ. պորտուգալացիները գրավեցին Ցեյլոն կղզու մի մասը, նրանք վերցնում էին հարկը ոչ թե ոսկով, այլ դարչնով, մոտ 100 տոննա` մեկ տարում։ Դարչնածառի մշակումը Ցեյլոնում հիմնեցին հոլանդացիները, ովքեր 1658թ. զավթեցին կղզու գրեթե ողջ տարածքը։

Բնության մեջ հանդիպող դարչնածառի բարձրությունը հասնում է 10 մ, տերեւների ջղերը, ի տարբերություն դափնու, երկայնային են, արտահայտված կոթուններով։ Ծաղկակիր ցողունը աճում է տերեւածոցից, երկար է։ Ծաղիկները դեղնականաչավուն են, ծաղկաթերթերը 6-ն են։

Մշակվող դարչնածառի բարձրությունը չի գերազանցում 2մ, քանի որ մատղաշ ճյուղերն անընդհատ կտրում են։ Դրանք մաքրում են արտաքին շերտից եւ բնափայտի մնացորդից։ Մաքրված կեղեւի հատվածը երկու կողմերից ծալվում է` ձգտելով վերականգնել իր նախկին կլորությունը։ Ցեյլոնի դարչնածառի կեղեւից ստացված հատվածների ծայրերը չունեն կոտրվածքներ, դրանք ավելի բարակ են, քան դարչնածառի այլ տեսակներինը։

Չինական դարչինն (C.cassia) ավելի էժան է, քան Ցեյլոնինը. դեռեւս 5000 տարի տարի առաջ այն օգտագործվել է որպես համեմունք, դարչնի բուժիչ հատկությունները նկարագրված են Ք.ա. 2800թ. գրված կայսր Շեն Նունի գրքում։ Այս ենթատեսակի կեղեւը հանում են յոթ տարեկան ճյուղերից, արտաքին շերտի զգալի մասը հեռացնելուց հետո այն ունենում է 1-3 մմ հաստություն եւ մոտ 40 սմ երկարություն։ Դարչին գնելիս պետք է հաշվի առնել հետեւյալը.

– Հատվածներով վաճառվող դարչնի պահպանման ժամկետը 1 տարի է, դարչնափոշունը` 6 ամիս։

– Ցեյլոնի դարչնի «գլանակն» ավելի բարակ է, բուրումնավետ, բաց շագանակագույն, հեշտ կոտրվող, երկու կողմից փաթաթված դեպի ներս։

– Կասսիայի «գլանակը» մոխրադարչնագույն է, կոշտ, ծալված մեկ կողմից, փոշիացնելիս մնում են մանրաթելեր։

– Գնեք ոչ թափանցիկ փաթեթավորում ունեցող դարչինը, քանի որ այն կորցնում է իր օգտակար հատկություններն արեւի ճառագայթների ազդեցության պատճառով։

– Մեկ անգամ օգտագործված «գլանակը» լվացեք, չորացրեք, կիրառեք եւս 3-4 անգամ։

Դարչինը պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր, ճարպեր, դաբաղանյութ, շաքար, մեծ քանակությամբ, կալցիում եւ այլ հանքային նյութեր։ Դարչինը ունի հակամանրէ, վարակամերժ, հակաօքսիդանտ հատկություն։ Այն խորհուրդ է տրվում միզուղիների հիվանդությունների, նյարդային խանգարումների, դեպրեսիայի, շաքարային դիաբետի, մրսածության, գրիպի, մկանային ցավերի դեպքում։ Բուրումնավետ համեմունքը լավացնում է տեսողական հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը, օգտակար է գլխացավի եւ մետեորիզմի դեպքում։

Դարչինը լավացնում է մարսողությունը, լավ քրտնամուղ է եւ խորխաբեր միջոց է, այն օգտագործվում է տաքացնող, մկանային եւ հոդային ցավերը հանգստացնող քսուքների մեջ։ Սննդամթերքի մեջ ավելացրած դարչինը պահպանում է այն աղիքային ցուպիկից։

Գիրություն։ Լուծեք 1 թ/գ դարչնի փոշին 200 մլ եռջրի մեջ, թրմեք։ Կես ժամ անց թուրմի մեջ լուծեք 2 թ/գ մեղր։ Խմեք 100-ական մլ քնելուց եւ առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ։ Թուրմի մեջ չի կարելի խառնել այլ բաղադրամաս։

Դափնին հնագույն ժամանակներից համարվել է եւ շարունակում է համարվել փառքի եւ հաղթանակի խորհրդանիշ։ Դափնետերեւներից պատրաստված պսակներով պատկերել են անտիկ ժամանակաշրջանի արեւի աստված Ապոլոնին, Հռոմի հաղթանակած կայսրերին։ Այդ մշակույթը պահպանվել է մինչեւ մեր օրերը` դափնեպսակով են պարգեւատրում անվանի մարզիկներին, մշակույթի գործիչներին եւ այլոց։ Տարբեր բնագավառներում հաղթանակ տարած մարդկանց շնորհում են լաուրեատի կոչում։ Այդ բառն առաջացել է լատիներեն Laurus-դափնի բառից, Laurus nobilis-դափնի իսկական (ազնիվ), մշտադալար ծառ է կամ թուփ, բնական պայմաններում հանդիպում է Միջերկրականի արեւադարձային գոտիներում։ Դափնին երկիր մոլորակի հնագույն բույսերից է, այն գոյացել է Կայնոզոյի Պալեոգեն շրջանում 23-69 մլն տարի առաջ։ Դափնու տերեւները կաշվետիպ են, դրանց ծոցերից աճում են բաց կանաչավուն փոքրիկ ծաղիկները, որոնք հասունանալով` դառնում են մուգ կապույտ պտուղներ։ Ներկայումս դափնին մշակում են նաեւ Ղրիմում, Այսրկովկասի արեւմտյան շրջաններում, Ճապոնիայում։

Բուժական նպատակներով հավաքում են բույսի երկամյա տերեւները, որոնց երկարությունը մոտավորապես 10, իսկ լայնքը 3 սմ է։ Մթերումը կատարում են աշնանը, բարակ շերտով փռում օդափոխվող ծածկի տակ` հետեւելով, որպեսզի չորացման ընթացքում պահպանվի յուրահատուկ բուրմունքը եւ հաճելի դառը համը։ Որակյալ դափնետերեւը չպետք է ունենա կոթուններ, իսկ գույնը պետք է լինի բաց կանաչ։

Էտման միջոցով դափնու ծառին կարելի է հաղորդել ցանկալի դեկորատիվ տեսքը, այն օգտագործում են շենքերի ներքին ձեւավորման համար։ Բույսը բազմանում է սերմերով կամ տերեւի հատվածով։ Տնային պայմաններում դափնու աճեցման համար խառնեք հավասար քաշային հարաբերություններով գետի ավազ, հող եւ տորֆ։

Դափնու բոլոր մասերը պարունակում են եթերային յուղ, դաբաղանյութ, խեժ, դառնանյութ, օրգանական թթուներ։ Եթերային յուղի պարունակությունը տերեւներում 3-5 տոկոս է, պտղի մեջ` 1 տոկոս։ Այն բաղկացած է պինենից, լիմոնենից, կամֆորայից, էվգենոլից եւ այլն։ Պտուղները պարունակում են օսլա, լորձ, շաքար, ածխաջրածին, ֆիտոստերին եւ 25 տոկոս ճարպայուղ, որը բաղկացած է մի շարք թթուների գլիցերիններից (պալմիտին, լաուրին, օլեին, լինոլեն, դափնի)։

Տերեւներում պարունակվում է նաեւ տանին, անտոցիան, կատեխին, ֆլավոններ։ Ճապոնական դափնու կեղեւի եւ փայտանյութի մեջ հայտնաբերվել են ակտինոդարֆին եւ այլ ալկալոիդներ։

Դափնու տերեւի բուժիչ հատկությունների մասին գրել է դեռեւս Հիպոկրատը։ Նա խորհուրդ է տվել խմել դափնու թուրմը առատ դաշտանի դեպքում եւ երկունքի ցավերը նվազեցնելու նպատակով։ Գալենն օգտագործել է դափնին միզաքարային հիվանդության բուժման համար։

Դափնու յուղամզվածքը օգտագործել են դողէրոցքի, նյարդային ջղաձգության դեպքում։

Միջնադարում դափնու պտղի պատրաստուկով բուժել են հազը, իսկ տերեւների թուրմով` տենդը։ Կտավատի ձեթում թրմված դափնու տերեւի խիտ թուրմով մերսել են կաթված տարած հիվանդին։ Դափնու տերեւը հնագույն ժամանակներից հայտնի է որպես համեմունք, չափավոր քանակներով օգտագործելիս ուտեստներին հաղորդում է հաճելի բուրմունք, լավացնում ախորժակը եւ մարսողությունը։ Տերեւում պարունակվող եթերային յուղն ունի արտահայտված հակամանրէ եւ հակաբորբոքային հատկություն։ Այդ պատճառով լայնորեն օգտագործվում է բուժիչ նպատակներով։

Ժողովրդական բժշկության մեջ լայն կիրառություն ունի մկանային, հոդային ցավերի, մաշկային հիվանդությունների դեպքում, նաեւ նյարդային համակարգը կարգավորող միջոց։ Տնային պայմաններում թարմ չորացրած դափնու տերեւները, որոնք պահպանել են բնական կանաչ գույնը, կարող եք օգտագործել եփուկի, ոգեթուրմի, յուղամզվածքի պատրաստման համար, որոնք կիրառելի են բազմաթիվ հիվանդությունների դեպքում։ Դափնու յուղամզվածքը հնում օգտագործել են խոլերայի, մալարիայի, դիզենտերիայի բուժման համար։ Վառած տերեւների ծխով հեռացրել են մոծակներին, մրջյուններին, այլ միջատներին։ Դափնեյուղը նույնպես օգնում է միջատների խայթոցի դեպքում։ Դափնու բուրմունքը բնակարանում ստեղծում է վստահություն, հոգեբանական հավասարակշռության մթնոլորտ։ Դափնեյուղը, ճիշտ հաշվարկված փոքր չափաքանակների դեպքում, օգտակար է լուծի, մետեորիզմի դեպքում, կանխարգելում է նեխման գործընթացները աղիներում։ Յուղամզվածքով ինհալացիաներն օգտակար են մրսածության եւ գրիպի դեպքում։ Տնային պայմաններում աճեցրած դափնու թփի մանրէասպան-ֆիտոնցիդները թարմացնում եւ վարակազերծում են օդը, ոչնչացնում թոքախտ առաջացնող միկրոմանրէները։

Զգուշացում։ Դափնու պատրաստուկներն ունեն կապող հատկություն, փորկապությունից խուսափելու համար բուժման ընթացքում հարստացրեք ձեր սննդակարգը թաղանթանյութ պարունակող բանջարեղեններով` դդում, սեւ սալոր, գազար, բազուկ, եւ այլն։ Դափնու տերեւի պատրաստուկները խստորեն հակացուցված են լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային, լեղաքարային հիվանդությունների սրացման շրջանում։

Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված եւ օգտագործման չափաքանակները։ Այլ կերպ կարող եք լրջորեն վնաս պատճառել աղեստամոքսային համակարգին եւ միզուղիներին։

Ռեւմատիզմ. Մանրացրած դափնու տերեւները լցրեք ապակե տարայի կեսը, ավելացրեք տաքացրած բուսայուղ, 10 օր թրմեք տաք տեղում, քամեք։ Յուղամզվածքով մերսեք հիվանդ հոդերը։

Մեջքի ցավ. Թարմ 10-12 միջին դափնետերեւներին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 30 րոպե (փակ վիճակում)։ Խմեք 100 մլ նախաճաշից առաջ։ Շարունակեք հինգ օր, ընդմիջեք 10 օր։

Վնասվածք, ջարդվածք. Մանրացրած դափնետերեւների 100 գրամը 10-12 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Քամեք։ Օգտագործեք շփումների համար։

Ոգեթուրմի ջրային լուծույթով (1։20) կատարեք ողողումներ ստոմատիտի դեպքում։

Օստեոխոնդրոզ. Մանրացրեք եւ խառնեք դափնու 20, հապալասի (Vaccinium) 1 ճ/գ տերեւները, 2 ճ/գ մեղրախոտ (Stevia)։ Հումքը 4 ժամ թրմեք 500 մլ ջրով ջերմապահում, քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։ Բուժումը շարունակեք 14 օր, որից հետո ընդմիջեք 10 օր։

Արթրիտ. Դափնու մանրացրած 5 տերեւներին ավելացրեք 300 մլ եռջուր եւ եփեք 5 րոպե։ Ստացված թուրմն առանց քամելու 4-5 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք, փոքր չափափաժիններով խմեք օրվա ընթացքում։ Շարունակեք 3 օր, ընդմիջեք 10 օր եւ կրկնեք։ Բուժման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգ։

Քրոնիկ խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն. 10 չոր դափնետերեւն աղացեք մսաղացով, ավելացրեք 200 մլ տաքացրած բուսայուղ, 5 րոպե պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Մեկ շաբաթ թրմեք մութ, տաք տեղում։ Խմեք տասական կաթիլ, օրը 3 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ, միաժամանակ խմեք որեւիցե լեղամուղ թուրմ։ Միջոցն օգտակար է նաեւ հիվանդ հոդերի մերսման համար։

Ըմպանաբորբ (անգինա). Մանրացրեք 5 հատ դափնետերեւ, ավելացրեք 500 մլ եռջուր, դրեք կրակին, երբ սկսի եռալ, անջատեք կրակը 3 րոպեից։ Հովանալուց հետո քամեք, կատարեք ողողում։

Ականջի բորբոքում. 2 ճ/գ մանրացրած դափնետերեւը 2 ժամ թրմեք տաք տեղում` 200 մլ եռջրի մեջ։ Ականջից արտադրության դեպքում մաքրեք անցուղիները եւ կաթեցրեք 2-3 կաթիլ տաք թուրմ, որից հետո ծածկեք բամբակե խծուծով։ Կատարեք քնելուց առաջ։

Այրոց. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դափնետերեւը, (ծաղկման շրջանում հավաքած) խնկածաղկի խոտը։ Հումքի 1 թ/գ-ն թրմեք 200 մլ եռջրի մեջ, 20-30 րոպե անց քամեք։

Քրտնարտադրություն. 20-30 հատ դափնետերեւը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ոտքերի լոգանք (քսեք թեւատակերին)։ Չխմեք։

Թուրմով ցայեք մազերը մազաթափության եւ թեփոտման դեպքում։

Աղերի հեռացում. 10-12 մանրացրած դափնետերեւը 3 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում։ Խմեք մեկական ճ/գ, սնվելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 2-3 օր։ Կարող եք կրկնել 15 օրից ոչ շուտ։ Թուրմն ունի նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, առույգացնող հատկություն։

Բրոնխիտ. 200 մլ սառը ջրի մեջ ավելացրեք մանրացրած 3-4 դափնետերեւ եւ մեկ երրորդ թ/գ կերակրի սոդա։ Դրեք կրակին եւ պահեք այնքան ժամանակ, մինչեւ եռա, որից հետո թուլացրեք կրակը, թողեք եփվի եւս 30 րոպե, երբ գոլանա` քամեք եւ լուծեք թուրմի մեջ 1 ճ/գ մեղր։ Խմեք 1-2 թ/գ, սնվելուց 30 րոպե առաջ։

Շաքարային դիաբետ. Դափնու 5 տերեւը 2-3 ժամ թրմեք 300 մլ եռման ջրի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Հոդատապ. Խառնեք 1 ճ/գ մանրացրած գիհինի ասեղիկները, 100 գ փոշիացրած դափնետերեւը եւ 1 կ/գ հալած տաք, արդար յուղը։ Թեթեւակի շփեք ցավոտ հատվածը։ Յուղն ունի ցավամոքիչ հատկություն։