Բնական էներգիայի աղբյուրները
Քամին, ջուրը, տորֆը, ածուխը: Նավթը բացառվում է:
Տնտեսական գործունեությունը
Արճճի, ածուխի արտահանություն, քիմիական արտադրություն, ջրաղացներ, անասնապահություն, ապրանքափոխանակություն, տնամերձ տնտեսություն:
Տրանսպորտը
Ձիեր, կառքեր, լաստանավեր, օդապարիկներ: Ոչ մի ինքնաթիռ եւ ավտոմեքենա:
Ճարտարապետությունը
ՊԵտականը` բարոկկո, եկեղեցականը` ռոմանական կամ բյուզանդական ոճը: Քաղաքացիականը` անգլիական կամ ամերիկյան 18-րդ դարի գաղութային ոճը:
Տնային կահույքն ու կահավորանքը
Վիկտորիանական, բացի խոհանոցից ու լոգասենյակից, կառուցված ժամանակակից տեխնիկայի վերջին խոսքով:
Հագուստի պաշտոնական ձեւը
1830 – 1840 թվականների փարիզյան մոդան:
Տեղեկատվության աղբյուրները
Բամբասանքները: Տեխնիկական եւ կրթական պարբերական մամուլը: Թերթերը բացառվում են:
Հասարակական արձանները
Հանրահայտ ննջեցյալները:
Հասարակական կյանքը
Կրոնական թափորները, փողային նվագախմբերը, օպերան, դասական բալետը: Կինոն, ռադիոն եւ հեռուստատեսությունը բացակայում են:
Եթե ես որոշեի գրել այն բանաստեղծների եւ արձակագիրների անունները, որոնց ես իրոք երախտապարտ եմ, եւ առանց որոնց ստեղծագործությունների իմ կյանքն ավելի աղքատիկ կլիներ, ցուցակը շատ էջեր կգրավեր: Բայց, երբ ջանում եմ հիշել քննադատներին, որոնց ես պակաս երախտապարտ չեմ, ես հազիվ երեսունչորս անուն եմ համրում: Դրանցից տասներկուսը` գերմանացի են եւ միայն երկուսը` ֆրանսիացի: Արդյո՞ք դա իմ գիտակցական կողմնապահությունն է: Այո:
Եթե լավ գրաքննադատները իրոք ավելի քիչ են, քան լավ բանաստեղծներն ու արձակագիրները, ապա դա մարդկային բնական էգոիզմից է: Բանաստեղծը, ինչպես եւ արձակագիրը, սովորում է երկրպագել իր ստեղծագործության առարկան, որն ի վերջո հենց կյանքն է: Իսկ քննադատի երկրպագության առարկան հեղինակի ստեղծագործությունն է, այլ կերպ ասած, մարդու ձեռքի գործը, եւ շատ դժվար է լինում նմանատիպ նվաստացումը հանդուրժելը: Շատ ավելի հեշտ է հայտարարել. «Կյանքն ավելի բարդ է, քան ես կարող եմ նրա մասին ասել», քան խոստովանելը. «Պարոն Ն.-ի ստեղծագործությունը ավելի բարդ է, քան ես կարող եմ դրա մասին ասել»:
Եթե մարդիկ բավականաչափ խելացի են, որպեսզի գրող չդառնան, բայց չէ՞ որ նրանք քննադատ էլ չեն դառնում:
Աստված վկա, որ գրողը չափազանց բութ է լինում, բայց, այդուհանդերձ, ոչ այնքան, որքան նրա մասին մտածում են որոշ քննադատներ: Ես նկատի ունեմ այն քննադատներին, որոնք, պարսավելով ստեղծագործությունը կամ հատվածը, բացառում են այն բանի հնարավորությունը, որ հեղինակը վաղուց կանխատեսել է նրանց յուրաքանչյուր բառը:
Ո՞րն է քննադատի խնդիրը: Ինչպես ես եմ հասկանում, նա ունակ է ինձ մատուցելու հետեւյալ ծառայությունները.
1. Ծանոթացնել ինձ մինչեւ այժմ անհայտ հեղինակի կամ գրքի հետ:
2. Համոզել ինձ այն բանում, որ ես թերագնահատել եմ հեղինակին կամ գիրքը, քանզի բավականաչափ ուշադիր չեմ ծանոթացել դրանց:
3. Ցույց տալ ինձ տվյալ գրքի եւ այլ ժամանակների ստեղծագործությունների եւ մշակույթների միջեւ եղած փոխկապակցվածությունը, որը ես կարող էի եւ չնկատել, քանի որ շատ բան չգիտեմ եւ երբեք չեմ իմանա:
4. Տալ ստեղծագործության իր «ընթերցումը», ինչը որ կօգնի ընդլայնելու դրա ըմբռնումը:
5. Լուսաբանել որոշ կողմերն այն բանի, ինչն արվեստում մենք կոչում ենք «գեղարվեստական վարպետություն»:
6. Դիտարկել արվեստի վերաբերմունքը կյանքին, գիտությանը, տնտեսությանը, էթիկային, կրոնին եւ այլն:
Առաջին երեք կետերը ենթադրում են գիտելիքների առկայություն: Բայց կրթված մարդն ամենեւին էլ նա չէ, ով լայն գիտելիքներ ունի, նրա փորձը պետք է հետաքրքրություն ներկայացնի եւ այլոց համար: Մենք հազիվ թե կրթված համարենք նրան, ով անգիր գիտի Մանհեթենի հեռախոսագիրքը, քանզի չենք կարող պատկերացնել այն իրավիճակը, որի ժամանակ այդ մարդու մոտ կգան աշակերտները: Եթե կրթվածությունը ավելի կամ նվազ չափով իրազեկ լինելն է, այն` ժամանակավոր է, հասարակության հանդեպ յուրաքանչյուր մամլո տեսաբան տվյալ պահին ավելի կրթված է, քան իր ընթերցողը, քանի որ նա կարդացել է գիրքը, որը լուսաբանում է, իսկ ընթերցողը` ոչ: Եվ թեպետ գիտելիքները, որոնք ունի կրթված մարդը, որոշ ինքնարժեք է ներկայացնում, նա ինքը միշտ չէ լիովին դա գիտակցում, հաճախ է պատահում, որ աշակերտը, ում նա փոխանցում է իր գիտելիքները, դրանից ավելի լավ է գլուխ հանում, քան ուսուցիչը: Ընդանուր առմամբ, կարդալով որեւէ քննադատի, շատ ավելի օգուտ ես քաղում նրա մեջբերումների ընտրությունից, քան նրա անձնական մեկնաբանությունից:
Ինչ վերաբերում է վերջին երեք կետերին, ապա այստեղ պահանջվում է ոչ թե բարձրագույն իմացություն, այլ ինչ-որ բարձրագույն ներըմբռնում: Քննադատը կցուցանի իր ներըմբռնումը, եթե հարցերը, որոնք նա առաջադրում է, յուրատիպ են, կարեւոր եւ տեղին` նույնիսկ չնայած այն բանին, որ դրանց պատասխանները չեն համապատասխանում ձերիններին: Իրականում շատ քիչ ընթերցողներ իրենց համար հնարավոր կհամարեն համաձայնվելու Տոլստոյի պատասխանին այն հարցի, թե «Ի՞նչ է արվեստը», բայց յուրաքանչյուրը, ով կարդացել է այդ գիրքը, արդեն չի կարող դրա կողքով անցնել:
Միակ բանը, ինչի մասին ես համառորեն կխնդրեի ցանկացած քննադատի, դա այն է, որ ինձ չասեն, թե ես ինչը պետք է Հավանության արժանացնեմ, եւ ինչը` պարսավանքի: Ես չեմ առարկում, եթե քննադատը թվարկում է սիրելի եւ չսիրելի հեղինակներին, իրոք որ օգտակար է իմանալ նրա գերադասությունների մասին կապված գրքերի հետ, որոնք ինքդ էլ ես կարդացել, քանի որ, հաշվի առնելով ճաշակների տարբերությունը, կարելի է որոշ բաներ իմանալ եւ գրքերի մասին, որոնք չես հասցրել կարդալ: Բայց թող նա չհամարձակվի իմ վզին փաթաթել իր նախասիրությունները: Միայն ես եմ պատասխանատու ընթերցանության ընտրության համար` այլ մեկը պատասխան չի տալու:
Հենց գրողի քննադատական դիտողությունները հարկ է որոշակի շտկումներով ընդունել, քանզի, որպես կանոն, դրանք` ինքն իր հետ վեճերի հրապարակումն է` թե ինչ է նա պատրաստվում անել, եւ ինչը` հետաձգել: Ավելին, ի տարբերություն, ասենք, գիտնականի, գրողը սովորաբար քիչ է հետաքրքրվում այն բանով, թե ինչ են անում իր գործընկերները: Բանաստեղծը, ով երեսունն անց է, հնարավոր է, դեռ մոլի ընթերցող է, բայց հազիվ թե նա կարդում է իր ժամանակակիցներին:
Մեզանից սոսկ քչերը կարող են իսկապես հպարտանալ այն բանով, որ երբեք չեն պախարակել անծանոթ հեղինակի կամ գիրք, բայց համարյա բոլորը` այն բանով, որ երբեք անծանոթ ոչինչ չեն գովել:
«Չարից մի պարտվիր, սակայն հաղթիր չարը բարով» պատվիրանը կյանքի շատ ոլորտներում անհնար է տառացիորեն իրագործել, բայց արվեստի ոլորտում այն ընդհանրական կանոն է: Վատ արվեստը միշտ կողքիդ է, բայց կոնկրետ ստեղծագործության նողկալիությունը վաղանցուկ բնույթ ունի, ի վերջո, դրա տեղը կգրավի նույն չարիքի այլ մի տարատեսակություն: Այդ պատճառով նմանատիպ ստեղծագործությունների վրա հարձակվելու կարիք չկա, դրանք բոլորը վաղանցուկ են: Մաքոլեյը Ռոբերթ Մոնթգոմերիի մասին էսսե է գրել, եւ մենք մինչեւ այսօր ապրում ենք այն պատրանքով, թե Մոնթգոմերին` մեծ բանաստեղծ է: Քանզի քննադատության միակ արժանի գործը` լռելն է այն մասին, ինչը նա վատ է համարում, եւ ողջ ուժով նեցուկ կանգնել այն բանին, ինչը նա լավ է համարում, հատկապես, եթե այդ լավը հասարակությունը թերագնահատել է:
Կան անարդարացիորեն մոռացված գրքեր, բայց չկա մեկը, որը մենք զուր ենք հիշում:
Որոշ քննադատներ իրենց բարոյական պարտքն են համարում վատ գրողներին մերկացնելը, ենթադրելով, թե այլ կերպ նրանք կվարակեն մնացյալին: Իրականում, սկսնակ գրողին շատ հեշտ կարող է շեղել հեղինակությունը, բայց, այդուհանդերձ, նրան ավելի շուտ կգրավի լավ գրողը, քան բացահայտ վատը: Որքան ուժեղ եւ յուրօրինակ է տաղանդը, այնքան նա վտանգավոր է արվեստագետի համար, ով նոր-նոր ջանում է գտնել իրեն: Մյուս կողմից, թույլ ստեղծագործություններն ինքնին միշտ սնել են երեւակայությունը եւ կողմնակի պատճառ են եղել այլոց, լավ բաների հայտնվելու համար:
Մենք չենք կարող մարդուն ճաշակ ներարկել, պնդելով, որ ջրիկ, չափից դուրս շատ եփած կաղամբ ուտելու նրա սովորությունը զզվելի է, հարկ է պարզապես նրան տալ փորձելու ճիշտ պատրաստված բանջարեղեն: Սակայն, արդյունքի կարելի է հասնել շատ ավելի շուտ, ասելով. «Միայն գռեհկամիտներն են սիրում չափազանց շատ եփած կաղամբ, խելոք մարդիկ ուտում են չինական բաղադրատոմսով պատրաստված կաղամբ»: Բայց դրա արդյունքը, ավաղ, երկարատեւ չի լինի:
Երբ տեսաբանը, ում կարծիքը ես գնահատում եմ, վատ է արտահայտվում գրքի մասին, ես թեթեւություն եմ զգում, որովհետեւ, հայտնվելով նոր գրքերի մեջ, հաճելի է մտածել. «Դե ահա, ծայրահեղ դեպքում այս գրքին կարելի է ուշադրություն չդարձնել»: Սակայն, եթե տեսաբանը լռեր, տպավորությունը նույնը կլիներ:
Հարձակումները վատ գրքի վրա ոչ միայն ժամանակի պարապ վատնում է` դա փչացնում է բնավորությունը: Եթե ես իրոք գիրքը վատն եմ համարում, միակ օգուտը, որ ես կարող եմ դրանից քաղել, իմ ներսում է եւ իմ մտքի, սրամտության եւ չարության փոխներգործության մեջ, որոնցից ես օգտվում եմ, հարձակվելով գրքի վրա: Այսպիսով, վատ գրքի մասին գրելը, չպարպելով ինքդ քեզ, անհնար է:
Կա գրականության հետ կապված միայն մի չարիք, որը չի կարելի լռության մատնել: Դա` լեզվի փչացումն է: Գրողը նոր լեզու չի հորինում` նա կախման մեջ է ժառանգածից, եւ լեզվի քայքայումն անխուսափելիորեն դիպչում է գրողին: Բայց այդ թեմայի շուրջ գրող քննադատը պետք է ամենից առաջ հարձակվի չարիքի սկզբնաղբյուրի վրա, որը գտնվում է ամենեւին էլ ոչ գեղարվեստական ստեղծագործության մեջ, այլ քաղքենիների, լրագրողների եւ քաղաքագետների շուրթերին եւ այլն, նրանց, ով հենց վերացնում է լեզուն: Ավելին, նա ինքը պետք է տիրապետի այն բանին, ինչի համար մարտնչում է: Անգլիացի կամ ամերիկացի քննադատներից ո՞վ է տիրապետում մայրենի լեզվին այնպես, ինչպես Կարլ Կրաուսը գերմաներենին:
Այդուհանդերձ, անհնար է ամեն ինչում մեղադրել քննադատին: Չէ՞ որ նրանց մեծամասնությունն իրականում կգերադասեին գրել միայն այն գրքերի մասին, որոնք արժե ընթերցել, բայց եթե շաբաթօրյա թողարկման հաստիքային մամլո տեսաբանը հետեւեր իր նախասիրություններին, մեկ-երկու անգամից հետո նրա սյունակը դատարկ կմնար: Եվ ցանկացած կարգին քննադատ, ով երբեւէ գրել է բանաստեղծական ժողովածուի մասին թերթի սահմանափակ տարածության մեջ, գիտի, որ ամենալավը տվյալ դեպքում` առանց մեկնաբանությունների մեջբերումների ընտրանին է, եւ վերջ, բայց եթե նա այդպես անի, հրատարակիչն անհապաղ կասի, որ նա չի աշխատում այն հոնորարը, որը ստանում է:
Բացի այդ, մամլո տեսաբանները մեղավոր են պիտակներ կպցնելու գեշ սովորության մեջ: Բոլոր քննադատները հեղինակներին բաժանում են անտիկ շրջանի` հին հունական եւ լատինական, եւ նորերի` հետդասական: Այնուհետեւ դարաշրջանների` օգոստոսյան, վիկտորիանական եւ այլն, հետո տասնամյակների` երեսնամյա, քառասնամյա գրողներ եւ այլն: Շատ շուտով նրանք, հավանաբար, կդրոշմավորեն գրողներին հանց ավտոմեքենաներ` ըստ տարեթվերի, եւ այդժամ անհեթեթ է արդեն տասնամյակներով դասդասումը` կարծես թե գրողը երեսունհինգ տարեկանում ոչինչ չի գրում:
Ես նկատել եմ, որ շատերը չարաշահում են «ժամանակակից» եզրը: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ ժամանակակիցները բոլոր նրանք են, որ ինձ հետ միասին ապրում են երկրի երեսին, լինեն դրանք մանուկները թե հարյուրամյա ծերերը:
Հետաքրքրասեր մարդիկ երբեմն հարցնում են գրողներին եւ բանաստեղծներին` «Ո՞ւմ համար եք դուք գրում»: Հիմար հարց է, իհարկե, եւ ես դրան հիմար պատասխան կտամ։ Մի անգամ ես դեմ առա մի գրքույկի եւ զգացի, որ այն գրված է ինձ համար, եւ միմիայն ինձ համար: Ինչպես խանդոտ սիրահար` ես չէի կամենում, որպեսզի ինչ-որ մեկը իմանա դրա մասին: Ունենալ միլիոն այդպիսի ընթերցող, որ չեն կասկածում միմյանց գոյության մասին, ընթերցվել մոլեգնորեն, առանց դատարկաբանության ու դատափետությունների` դա, թերեւս, յուրաքանչյուր գրողի նվիրական երազանքն է:
ԳԻՐԸ
Հեղինակի նպատակն է գրել այնպես, որպեսզի ընթերցողը կարողանա հաստատել` «Նա ասել է»:
Հ.Դ.Տորո
Բանավոր կամ գրավոր գրականության արվեստը այն է, որ ստիպի լեզվին իրականացնել այն, ինչը նա միայն մատնացույց է անում:
Ալֆրեդ Ուայդհեդ
Նա, ում հաջողությունը կյանքում կախված է ոչ թե մասնագիտությունից, որը բավարարում է ինչ-որ նեղ սոցիալական պահանջը (ֆերմերի կամ վիրաբույժի մասնագիտության պես), կամ էլ վարպետության հմտություններից, այլ միայն «ներշնչանքից», գաղափարների երջանիկ խաղից, նրանք ապրում են միայն իրենց խելքով, ուշք չդարձնելով տվյալ նախադասության նվաստացուցիչ երանգին: Յուրաքանչյուր ինքնեկ հանճարի մոտ, լինի դա արվեստագետ թե գիտնական, կա հակառակ կողմը` ինչպես թղթամոլի կամ սպիրիտի մոտ:
Գրական հավաքույթները, կոկտեյլները եւ այլն, ըստ էության, ավելին չեն, քան աշխարհիկ մղձավանջը, քանզի գրողները ըստ էության խոսակցության առարկա չունեն: Դատապաշտպանները կամ բժիշկները կարող են իրենց պրակտիկայից հետաքրքրաշարժ դեպքեր պատմել, այսինքն` այն մասին, ինչը որ ընկած է իրենց պրոֆեսիոնալ հետաքրքրությունների շրջանակում, սակայն անձնապես իրենց հետ կապված չէ: Ինչ վերաբերում է գրողներին, ապա նրանք չունեն ոչ անձնական «պրոֆհետաքրքրություններ»: Գործնական խոսակցության գրողական համարժեքը կարող է լինել, ասենք, իր ստեղծագործությունների բարձրաձայն ընթերցումը` այն ծանր պրոցեդուրան, որը կարող են տանել միայն ամուր նյարդերով ջահել գրողները:
Ոչ մի բանաստեղծ եւ ոչ մի արձակագիր չի կամենում առաջինը լինել նախորդողների մեջ, բայց համարյա նրանցից յուրաքանչյուրը կամենում է առաջինը լինել ժամանակակիցների մեջ` ավելին, նրանք մտածում են, որ դա լիովին ռեալ է:
Տեսականորեն լավ գրքի յուրաքանչյուր հեղինակ պիտի անհայտ մնա, քանզի մեր երկրպագության առարկան ամենեւին էլ նա չէ, այլ իր ստեղծագործությունը: Գործնականում, սակայն, դա հազիվ թե հնարավոր է: Եվ այդուհանդերձ, փառքը, որին հասնում է գրողը, այնքան էլ ճակատագրական չէ, ինչպես կարող է թվալ։ Ճիշտ այնպես, ինչպես բարեպաշտ մարդը, բարեգործություն անելիս, մոռանում է այդ մասին, մեծ գրողը ավարտելուց հետո մոռանում է իր զավակի մասին եւ սկսում է մտմտալ հաջորդի մասին: Իսկ եթե նա վերադառնում էլ է գրվածին, ապա դրանում ավելի շուտ թերություններ է նկատում, քան արժանիքներ: Փառքը մարդուն պարծենկոտ է դարձնում, բայց շատ հազվադեպ է ստիպում նրան հպարտանալու իր ստեղծածով:
Գրողներին կարելի է մեղադրել բոլոր տեսակի փառքերի ծարավի մեջ, բացի մեկից` հասարակական գործչի փառքից: «Մենք եկել ենք աշխարհ, որպեսզի օգնենք մյուսներին: Ինչու են մյուսները այս երկրի երեսին` մեզ անհայտ է»:
Երբ կայացած գրողը վերլուծում է սեփական հաջողության պատճառները, նա, որպես կանոն, խիստ թերագնահատում է իր տաղանդը, գերագնահատելով այդ տաղանդն իրականացնելու ձիրքը:
Ավելի լավ է, իհարկե, գրողը հարուստ լինի, քան աղքատ, բայց մեծ գրողներից ոչ մեկը այդ կարգի բաների մասին չի մտածել: Ճանաչման այդ տարատեսակություններից մեկն անհրաժեշտ է նրան միայն այն բանի համար, որպեսզի համոզվի առ կյանքն ուղղված իր հայացքի ճշտության մեջ: Բայց այդ դեպքում նա հաշվի է առնում ճանաչումը նրանց կողմից, ում կարծիքը հարգում է: Ողջ մարդկության ճանաչումը նրան պետք կգար միայն մի դեպքում, եթե ողջ մարդկությունն անբասիր ճաշակի եւ հարուստ երեւակայության տեր լիներ:
Երբ ինչ-որ ակնհայտ տխմար ինձ ասում է, որ իրեն դուր է եկել իմ բանաստեղծություններից մեկը, ես ինձ այնպես եմ զգում, ասես քրքրել եմ նրա գրպանները:
Գրողների մոտ, եւ հատկապես բանաստեղծների, հասարակության հետ անսովոր հարաբերություններ են ձեւավորվում, քանի որ նրանց գործիքը, ամենեւին էլ այն չէ, ինչ նկարչի ներկերը կամ կոմպոզիտորի նոտաները, լեզուն` դա լեզվաբանական խմբի համընդհանուր սեփականությունն է, որում նրանք հարկադրված են ապրել: Այդ պատճառով մարդիկ շատ հաճախ խոստովանում են, որ գեղանկարչություն կամ երաժշտություն չեն հասկանում, բայց լոկ փոքր մասը նրանցից, ով միջնակարգ դպրոց է ավարտել, իրեն թույլ կտա խոստովանելու այն, որ հարազատ լեզվից գլուխ չի հանում: Այլ կերպ ասած, ինչպես ասում էր Կարլ Կրաուսը. «Հասարակայնությունը գերմաներեն չի հասկանում, բայց ես չեմ կարող դա նրան ապացուցել թերթային շտամպներով»:
Ինչ երջանիկ է, հավանաբար, մաթեմատիկոսը: Չէ՞ որ նրան կարող են գնահատել միայն գործընկերները, մակարդակն այստեղ այնքան բարձր է, որ ոչ մեկը չի յուրացնի հեղինակությունը, որին արժանի չէ: Չէ՞ որ հաշվետարի մտքով չի անցնի բողոքներ ուղարկել թերթ ժամանակակից գիտության սնանկության մասին եւ հիշել հին բարի ժամանակների մասին, երբ մաթեմատիկոսները սխալ անկյուններով սենյակը թղթերով էին փակցնում, որպեսզի իմանան նրա ծավալը, եւ ջուր բաց թողնող լողավազաններով խնդիրներ էին լուծում:
Երբ ասում են, որ տվյալ բանաստեղծությունը «ներշնչանքով» է գրված, դա նշանակում է լոկ այն, որ այն ավելի լավն է դուրս եկել, քան սպասում էր ինքը` հեղինակը կամ ընթերցողը:
Մյուս կողմից` արվեստի բոլոր ստեղծագործությունները ստեղծված են «ներշնչանքով»` այն իմաստով, որ արվեստագետը չի կարող ստեղծել դրանք միայն կամքի տքնանքով եւ պետք է սպասի այն պահին, երբ ստեղծագործության գաղափարը «կայցելի» իրեն: Այն ստեղծագործությունների մեջ, որոնք «խափանվել են» սուտ կամ անհամապատասխան «ազդակից», ավելի շատ են նրանք, որ մտահղացել է հեղինակը, քան «աստվածատուր» ստեղծագործությունները:
Հուզավառության աստիճանը, որ ապրում է գրողը գործի ընթացքում, երաշխավորում է արդյունքի որակը այն չափով, որքանով քահանայի հուզավառությունը երաշխավորում է աստվածության առկայությունը: Այլ կերպ ասած` համարյա ոչինչ չի երաշխավորում: Համարվում է, որ գուշակը կանխատեսում է ապագան, բայց դա բնավ չի նշանակում, որ նրա մարգարեությունները հիասքանչ բանաստեղծություններ են:
Եթե բանաստեղծությունները գրվեին միայն «ներշնչանքով», այսինքն` առանց հեղինակի գիտակցական մասնակցության, պոեզիան կվերածվեր տաղտկալի եւ անդուր զբաղմունքի, որով զբաղվել կարող էին ստիպել միայն փողն ու հասարակական դիրքը: Ինչպես հետեւում է գտնված ձեռագրերից, պնդումը, թե «Կուբլա Խան» բանաստեղծությունը Քոլրիջի ներշնչյալ տեսիլքն է` անամոթ մոգոնվածք է:
Բանաստեղծություն գրող պոետին միշտ թվում է, որ այդ պրոցեսին մասնակից են երկու հոգի` ինքն ու Մուսան, որին նա ջանադրաբար սիրահետում է, կամ Հրեշտակը, որի դեմ նա մարտնչում է: Առաջին դեպքում բանաստեղծի մասնակցությունը համարյա համապատասխանում է սովորական սիրահետությանը: Մուսան, ինչպես Բեատրիչեն «Ոչնչից շատ աղմուկ» կատակերգությունից` սրամիտ մի աղջիկ է, հավասարապես անսիրտ եւ հեզաբարո երկրպագուի եւ անտաշ բռիի հանդեպ: Նրա սրտով են ասպետությունն ու աշխարհիկ վարքագծերը, նա քամահրում է նրանց, ով իր զույգը չէ, եւ ախորժանք է ապրում դատարկաբանելու հնարավորությունից, իսկ դժբախտ թուլակամ մեկը ջանադրաբար գրի է առնում դա` որպես «ներշնչված» ճշմարտություն:
«Երբ ես գրում էի սոլ մինորով խորը, ես սխալմամբ գրիչը թաթախեցի դեղով սրվակի մեջ, այլ ոչ թե թանաքամանի: Բնականաբար, կեղտաբիծ սարքեցի: Իսկ երբ այն թաթախեցի ավազով (այն ժամանակ դեռ ծծան չկար), ապա տեսա, որ այն չորացել է մաժորի բանալու տեսքով, եւ տեղնուտեղը միտք հղացա փոխել սոլ մինորը սոլ մաժորի: Այդ պատճառով խորում մաժորայինի տպավորության համար ինչ-որ բանով պարտական եմ կեղտաբծին»: (Ջոակինո Ռոսինիի նամակից):
Պատահականության եւ Նախախնամության այդպիսի համաձայնության օրինակը արժանի է «ներշնչանք» կոչվելու:
Որպեսզի սխալների քանակը նվազագույնի հասցվի, Ամենակալ գրաքննիչը, ում բանաստեղծը հանձնում է իր ստեղծագործությունը, պիտի իրեն համենայն դեպս շրջապատի գրաքննչական կոլեգիայով: Դրա մեջ կմտնեն անմեղ մանուկը, գործունյա տանտիրուհին, տրամաբանը, վանականը, կատակածուն եւ նույնիսկ, թվում է թե, այլոց հետ անհամատեղելի կոպիտ հայհոյախոս պորուչիկը, ով թքած ունի պոեզիայի վրա:
Շատ դարերի ընթացքում ստեղծագործական «խոհանոցում» հայտնվել են սոսկ մի քանի կատարելագործումներ` ալկոհոլը, թութունը, սուրճը, բենզեդրինը եւ այլն, բայց դրանք այնքան կոպիտ դուրս եկան, որ քիչ էր մնում տանուտեր-խոհարարի ճաշը փչացնեին: Այնպես որ, մեր թվարկության 20-րդ դարի գրական ստեղծագործությունը գործնականորեն ոչնչով չի տարբերվում մեր թվարկությունից առաջ 20-րդ դարի ստեղծագործությունից, առաջվա պես համարյա ամեն ինչ հարկ է անել սեփական ձեռքերով:
Մարդկանց մեծամասնությանը դուր է գալիս սեփական ձեռագիրը, ինչպես դուր է գալիս, հավանաբար, սեփական կղկղանքի հոտը: Բայց ինչպիսի հակակրանք էլ ես տածեմ գրամեքենայի հանդեպ, ես ընդունում եմ, որ գրամեքենան օգնում է ավելի ինքնադատ լինել: Մեքենագրված տեքստն անանձնական է, եւ, երբ ես իմ բանաստեղծությունը մեքենագրում եմ, գտնում եմ թերացումները, որոնք նկատելի չեն ձեռագրում: Եվ մեկ էլ` երբ խոսքը ուրիշի բանաստեղծությանն է վերաբերում, դրա որակը ստուգելու լավագույն միջոցը` ձեռքով այն արտագրելն է: Գրի ֆիզիկական պրոցեսը մատնացույց է անում թերությունները, քանզի ձեռքն անընդհատ կանգ առնելու առիթ է փնտրում:
«Չնայած այն բանին, որ շատ արվեստագետներ անկեղծ են իրենց ստեղծագործության մեջ, նրանց արվեստն ավելի լավը չի դառնում, թեեւ որոշ ոչ անկեղծ (անկեղծորեն ոչ անկեղծ) ստեղծագործություններ այնքան էլ վատը չեն» (Ստրավինսկի): Անեկեղծությունը նման է երազի: Բնական է ենթադրելը, որ մարդը պետք է անկեղծ լինի եւ բառերի մեջ երկակի իմաստ չմտցնի: Այդուհանդերձ, արվեստագետների մեծամասնությունը տառապում են ոչ անկեղծության նոպաներով` ինչպես մարդ տառապում է անքնությամբ: Երկու դեպքում էլ լավագույն միջոցները հեշտ հասանելի են` վերջինի դեպքում` դիետայի փոփոխությունն է, առաջինի դեպքում` մարդկային շրջապատը:
Ոճի մաներայնության առթիվ ամենից հաճախ բողոքում են գրականության դասախոսները: Սակայն, նոթերը կիտելու փոխարեն, նրանց հարկ է ներողամտաբար ժպտալ: Շեքսպիրը ծանակում էր վերամբարձ ոճը եւ «Սիրո անպտուղ ջանքերում», եւ «Համլետում», բայց հենց շատ բանով դրան էր պարտական, եւ հիանալիորեն գիտեր դա: Գրականության մեջ, ինչպես եւ կյանքում, վերամբարձությունը, եթե այն արդարացված է կրքով, ինքնադիսցիպլինայի ձեւերից մեկն է, որը մարդուն օգնում է սեփական քողերով իրեն դուրս բերել:
Գրի մաներային ոճը, որին տիրապետում էին, ասենք, Գոնգորան կամ Հենրի Ջեյմսը, նման է արտասովոր հագուստի, լոկ շատ քիչ գրողներ կարող են արժանապատվորեն այն կրել, բայց ամեն ոք պատրաստ է դրա համար նրանց դատափետելու:
Երբ քննադատը խոսում է գրքի մասին, որ այն «անկեղծ է», տեղնուտեղը հասկանում ես, որ այն`
ա. անկեղծ չէ, եւ բ. վատ է գրված: Սակայն անկեղծությունը, որ հասկացվում է որպես հավատարմություն ինքդ քեզ, պիտի լինի ցանկացած գրողի առաջնահերթ խնդիրը: Նրանցից ոչ մեկն ունակ չէ մինչեւ վերջ հասկանալու, թե որքանով է լավն իր գիրքը, բայց իր մասին ամեն ոք գիտե, թե որքանով է իր գրածը ներքնապես արդարացված:
Ամենացավոտ փորձը բանաստեղծի համար` երբ դա լինում է համընդհանուր ճանաչման հասած եւ անթոլոգիայի մեջ մտած բանաստեղծությունը, որը նա ինքը կարեւոր չր համարում: Հնարավոր է, որ մյուս տեքստերի ֆոնի վրա նա հաջող է երեւում: Սակայն ճշմարտությունն այն է, որ բանաստեղծն առաջվա պես գիտի` լավ կլիներ, որ այս բանաստեղծությունն ընդհանրապես լույս աշխարհ չգար:
Երիտասարդ գրողի ստեղծագործությունը` «Վերթերը», դրա լավագույն օրինակն է, որը պատվաստման թերապեւտիկ գործողության նման մի բան է: Եթե այսրոպեական զգացմունքներն ու մտքերը ճնշում են նրա սեփական ձայնը, բնազդը նրան կհուշի, որ ապաքինման լավագույն ձեւը` դրանց ենթարկվելն է: Հենց որ դա տեղի ունենա, գրրղը ողջ կյանքի համար իմունիտետ ձեռք կբերի: Այդ էմոցիաները լինում են, որպես կանոն, մի ողջ սերնդի հիվանդությունը, եւ հենց այստեղ է պարփակված, ինչպես եւ Գյոթեի դեպքում, հիմնական վտանգը, այն, որ հեղինակը գրել էր այդ զգացողություններից ազատվելու նպատակով, «ուռա»-ով կընդունվի նրա ժամանակակիցների կողմից, որոնք, ի տարբերություն նրա, իրենց էմոցաներից միայն ուրախ են: Նրանք տեղնուտեղը նրան կազդարարեն իրենց կուռքն ու մունետիկը: Ժամանակ կանցնի: Ապաքինվելով, գրողը կդիմի իր ճշմարիտ հետաքրքրություններին, եւ ահա այդժամ էլ նրան կդիմավորեն «Դավաճան» ճիչով:
Մարդու ուղեղը պետք է ընտրի,
Ինչը կատարելագործի` կյանքը թե ստեղծագործությունը:
Ուիլյամ Բաթլեր Յեյթս
Շարունակելի