Հայ մարզիկները պատրաստվում են

29/09/2011

2012թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեն, Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպում են մարզաձեւերի ցուցադրություն եւ լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի այցելուները քվեարկության արդյունքում կընտրեն երեք լավագույն լուսանկար, իսկ այդ լուսանկարներում պատկերված մարզիկները կստանան նվերներ Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր «Սամսունգ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Լուսանկարներին կից ներկայացվելու են նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկների պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը սեփական հաջողություններն ու նվաճումները կերտելու օրինակներ են: Կցուցադրվի «See Britain» ֆիլմաշարից` ոսկե մեդալակիր բրիտանացի պարալիմպիկ մարզիկ բարոնուհի Թանի Գրեյ Թոմսոնի մասին:

Լուսանկարներն այնուհետեւ տեղադրվելու են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/britishcouncilarmenia): Ֆեյսբուքյան էջի մասնակիցների համար կկազմակերպվեն մի շարք հարցումներ եւ քվեարկություններ:

Սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները, «Փյունիկ» հաշմանդամների միության, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կբարձրանան Արագած լեռան գագաթը:

Հաղթահարելով Արագած լեռան գագաթը եւ հայկական դրոշը բարձրացնելով ավելի քան 3000 մետր բարձրության վրա` Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ հայ մարզիկները խորհրդանշական այս քայլով հաստատում են հաղթանակին հասնելու իրենց պատրաստակամության մասին: 1948թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումները սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960թ.: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008թ. Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: Խաղերին արժանվույնս ներկայանալու համար հայ մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են: