«Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն կարագացնի մեր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- անցած շաբաթ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից Նյու Յորքում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով,- նշել է Ս. Սարգսյանը` հավելելով,- Արցախն արդեն 20 տարուց ավելի վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ: Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել»: Ս. Սարգսյանի խոսքով` «Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում` ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են»: «Եղել եւ մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր եւ գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, որն այսօր ունենք` իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու»,- իր խոսքում ասել է Ս. Սարգսյանը: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Սերժ Սարգսյանն ասել է. «Արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան-Թուրքիա սահմանը մնում է փակ, Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաեւ աշխարհի համար»: