Մինի դրայվ

27/09/2011

Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել իրենց հասած այն տեղեկությունը, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով նաեւ գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ աճուրդն իրականացրել է եւ գետնանցումի տարածքը վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին: Հիշեցնենք, որ վերջինս այդ պաշտոնին նշանակվեց 2011թ. հունվարի 26-ին, երբ Երեւանի քաղաքապետ նշանակվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախկին նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նշենք, որ Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում կա 43 կրպակ, յուրաքանչյուր կրպակում աշխատում է 4-5 մարդ: