2012թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը միանգամից գործոն դարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Ընդհանրապես տասնամյակներ շարունակ Ռուսաստանի մեծ ազդեցությունը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի վրա մեզանում կարծես թե բնազդ է ձեւավորել, որ այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական դրսեւորում պետք է գտնեն մեր երկրում: Եվ ահա այդ նույն տրամաբանությամբ Վ.Պուտինի առաջադրման մասին հայտարարությունը կայծակնային արձագանք ստացավ ու մեկնաբանությունների ալիք առաջացրեց ՀՀ ներքաղաքական դաշտում: Ու քանի որ առաջիկայում Հայաստանում նույնպես տեղի են ունենալու խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, արդեն կանխատեսումներ են հնչում, թե Պուտինի առաջադրումն ու ազդեցությունը ուժերի ինչ դասավորվածություն կարող է առաջ բերել այստեղ: Կրկին ակտիվացավ քաղաքականություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին կարծիքը: Վերջինս, Պուտինի հետ միասին, ունի քաղաքական կոշտ խաղի կանոնները նախընտրողի համբավ: Ժամանակ առ ժամանակ տեղական մամուլում տեղեկություններ են տպագրվում Քոչարյան-Պուտին հանդիպումների մասին: Բացի այդ, ՀՀ քաղաքական ուժերի շրջանակում հատկապես Ռ. Քոչարյանը միանշանակ ռուսամետ է համարվում: Այդ իմաստով, նախագահ Սերժ Սարգսյանը կարծես թե փորձ է անում նաեւ արեւմտյան պետությունների ու կառույցների հետ հարաբերություններն ընդլայնել, ինչին Ռուսաստանում խանդով են վերաբերվում: Ներքաղաքական կուլիսներում նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, թե հանդիպումների ժամանակ Ռ.Քոչարյանը Պուտինին տրամադրում է գործող իշխանությունների դեմ, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները Արեւմուտքի հետ «խաղեր են տալիս», որ նրանց իշխանության ընթացքում Հայաստանում սասանվել է ՌԴ-ի «բարի համբավը»:
Մյուս կողմից` 2008թ. նախագահական ընտրություններից հետո միշտ կարծիք է եղել, թե Վ.Պուտինի օրինակով Ռ.Քոչարյանը ցանկանում է դառնալ վարչապետ: Եվ ռուսական այդ տարբերակը չհաջողելու պատճառով նա երբեմն նաեւ հրապարակավ քննադատում է գործող իշխանություններին: Եվ հիմա Պուտինի առաջադրվելու հանգամանքը կարող է նոր թափ հաղորդել Ռ.Քոչարյանի քաղաքական նկրտումներին: Այս առումով, իսկապես, միշտ ու հիմա առավելեւս լարվածություն է նկատվում ՀՀ ներքաղաքական կյանքում: Բնականաբար, դրան դեմ են գործող իշխանություններն ու ընդդիմությունը:
Ռ.Քոչարյանը, սակայն, ունի քաղաքական որոշակի հենարան, եւ առաջիկայում հավանաբար ռուսական քաղաքական նորությունների ազդեցության արձագանքը շատ չի ուշանա: Արդեն իսկ մամուլը հեղեղված է տեղեկություններով, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում է եւ հանդիպում է ունեցել ՌԴ վերնախավի ներկայացուցիչների, այդ թվում` Պետդումայի ղեկավար Բորիս Գրիզլովի հետ: Կարծիք կա, որ ԲՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին` համարվում են նախկին նախագահին սատարող կուսակցություններ: Ասում են, որ այս օրերին Մոսկվայում էր նաեւ Ռ. Քոչարյանը, եւ այս ողջ տեղեկատվության համադրությամբ կարծես թե փորձ է արվում ճնշում առաջացնել ՀՀ ներքաղաքական դաշտում: Եվ հիմա մեկնաբանություններ են հնչում` ՌԴ-ն նախընտրությունը Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին է տալու: Կամ ընդհանրապես Պուտինի առաջադրման հանգամանքն ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համար նախ անակնկալ չէր Պուտինի առաջադրվելու հանգամանքը: Նրա կարծիքով` պարզապես դա մի փոքր վաղ արվեց: Եվ դա ոչ թե Պուտինի ուժը, այլ ՌԴ իշխող էլիտայում լուրջ վտանգներն է ի դերեւ հանում: «Թուլության նշան էր, որ արագացվեց Պուտինի առաջադրման գործընթացը: Եվ դրա դրսեւորումներից մեկն էլ նաեւ Միխայիլ Պրոխորովի հետ կապված պատմությունն էր: Զգացին, որ հնարավոր է Ռուսաստանում ալիք բարձրանա, եւ երրորդ ուժ ի հայտ գա: Այս վտանգը զգալով` արագացրեցին գործընթացները, եւ տանդեմի հնարավոր իշխանությունը փրկելու համար եկան նման կոմպրոմիսային լուծման: Մինչ այդ ասում էին, թե տարբեր խմբավորումներ կան, նույնիսկ ասում էին, թե վերջնական որոշում չկա, եւ շատ հավանական է, որ Դ.Մեդվեդեւն առանձին առաջադրի իր թեկնածությունը, կամ համաձայնեն, որ նա շարունակի: Սա ցույց է տալիս, որ այդ էլիտայի մոտ իշխանություն կորցնելու լուրջ վտանգ զգացվեց, եւ որոշումն արագացրեցին»,- ասաց Ա.Արզումանյանը: Նրա խոսքերով, ՌԴ իշխանությունների վերջին տարիների բոլոր հայտարարությունները, գործելաոճը ցույց են տալիս, որ այնտեղ Հայաստանին համարում են ամբողջովին իրենց ազդեցության տակ գտնվող երկիր` ավելին, որպես փոքր գործընկեր, որպես ֆորպոստ: «Չեն էլ ամաչում, հայտարարում են այդ մասին, դիտարկում են որպես ՌԴ մշտական պարտնյոր, որին պետք է թելադրեն: Բայց վերջին տարիների ՀՀ-ում ձեւավորվող քաղաքացիական շարժումները ցույց են տալիս, որ ժողովուրդն արդեն չի հանդուրժում գործող իշխանությունների այս բեսպրեդելը, որ տեր է կանգնում իր ձայներին: Ինչի վկան մենք դարձանք վերջին 3 տարիներին, հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք պարտադրել, որ մեզ հետ հաշվի նստեն բոլոր ուժերը»,- ավելացրեց Ա.Արզումանյանը:
«Ոչ մի նշանակություն չի կարող ունենալ: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Մեդվեդեւի օրոք, թե Պուտինի պարագայում, ըստ էության, որեւէ բան չի կարող փոփոխվել»,- ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումների մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Իսկ ի՞նչ են նշանակում այս օրերին ԲՀԿ ազդեցության տակ գտնվող մամուլի այն մեկնաբանությունները, թե ՌԴ-ում այդ կուսակցության ղեկավարին առանձնահատուկ կերպով են ընդունել, եւ արդյո՞ք այդպիսով չեն ակնարկում, որ Պուտինի նախընտրածը հենց ԲՀԿ-ն է:
«ՌԴ-ն ՀՀ-ի հետ այնպիսի գործընկերներ են, ինչպիսին եղել են: ՌԴ-ն մեծ երկիր է, կան գերակա կառավարողներ, եւ ոչ մի սցենար չեն փոխել: Բոլոր դեպքերում լրատվամիջոցները ուզում են խոսակցություններ գեներացնել: Մեկը մյուսի հետ կապ չունի»,- խուսափողական պատասխան տվեց Վ.Բոստանջյանը: Իսկ եթե Պուտինի առաջադրումից ոգեւորվի եւ առաջադրվի նաեւ Ռ.Քոչարյանը, արդյո՞ք ԲՀԿ-ն չեղյալ չի համարի փետրվարին ստորագրած` 2013թ. նախագահական ընտրություններին գործող նախագահին պաշտպանելու մասին կոալիցիոն հայտարարությունն ու չի պաշտպանի երկրորդ նախագահին: «Ով հնարավոր համարում է, թող համարի»,- կարճ պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:
«Հայաստանի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Ինչպես կորոշի, այդպես էլ կլինի: Որեւէ ազդեցություն դրսից կարող է հետեւանքներ ունենալ, բայց թիվ մեկ եւ հիմնական գործոնը ժողովուրդն է: Իսկ Քոչարյանը ՀՀ պատմության մեջ ամենամոռացված, ամենաանհեռանկարային թեման է»,- ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Իսկ ՀՀԿ-ում գտնում են, որ Ս.Սարգսյանն իր նախագահության տարիներին ընդլայնել է ՌԴ-ի հետ հարաբերությունները: «Այնպես չի, որ ՀՀԿ-ն կամ երկրի նախագահը Վ.Պուտինին կամ ՌԴ-ին դեմ է: Դա ուղղակի որոշակի շրջանակների մեկնաբանություններն ու ցանկություններն են, ովքեր ուզում են դրա տակ ինչ-որ խնդիրներ տեսնել: Չմոռանանք, թե Ս.Սարգսյանի նախագահության օրոք ՌԴ-ի հետ եղած հարաբերություններն այսօր ինչ աստիճանի են հասել: Մենք ոչ ՌԴ-ի հետ ենք վատ հարաբերությունների մեջ, ոչ էլ անձերի` Դմիտրի Մեդվեդեւ կամ Վ.Պուտին: Որպես պաշտոնատար անձ` Ս.Սարգսյանի հարաբերությունները պետական մակարդակով Ռուսաստանի հետ լավ են ձեւավորված: Եթե մարդիկ ուզում են եզի տակ հորթ գտնել, նրանց միակ փրկօղակը դա է: ՀՀ հարաբերությունները բոլոր կառույցների եւ պետությունների հետ նորմալ են: Նախագահի եւ դիվանագետների մակարդակով էլ մշտապես հայտարարվել է, որ ՀՀ ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է: Եվ ասել, թե հիմա նախագահի հայացքը ոչ թե ՌԴ, այլ Արեւմուտք է, դա էլ որոշակի շրջանակների ցանկություն է, որպեսզի պղտոր ջրում իրենց ձուկը բռնեն: Իսկ քանի որ քաղաքական շրջանակներից դեռ պաշտոնական հայտարարություններ չեն եղել, միայն մամուլի մեկնաբանություններն են, ավելի կոնկրետ պարզաբանումներից ձեռնպահ կմնամ»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ինչ վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին Ռ.Քոչարյանի առաջադրվելու հնարավորությանը, ապա պատգամավորն այդ հարցին պատասխանում է նախկին նախագահի խոսքերով. «Մի անգամ նա հայտարարեց, որ եթե վերադառնալու լինի, անձամբ այդ մասին հրապարակավ կհայտարարի: Քանի դեռ ինքը չի հայտարարել, ես կարող եմ եզրակացնել, որ դեռ չի մտնելու եւ մտադրություն չունի մտնել ակտիվ քաղաքականություն»: