Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի` հայ-թուրքական Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը, «Regnum»-ում հրապարակած հոդվածում գրում է, թե` Անկարան նոր խաղի է պատրաստվում Երեւանի հետ: «Ֆորմալ տեսանկյունից այստեղ որեւէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան իր ստորագրությունը հետ չէր կանչել Արձանագրություններից: Այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր, հայտնի քաղաքագետ Ռուստամ Մամեդովի կանխատեսումները սին են: Վերջինս հայտարարել էր, թե «Թուրքիայի համար հայ-թուրքական Արձանագրությունները վերածվում են անցած եւ ոչ պետքական փուլի»: Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում,- գրում է Տարասովը` ավելացնելով,- Նախ եւ առաջ, նշենք, որ թուրքական լրատվամիջոցների կարծիքով` Թուրքիան, Արձանագրությունները վերադարձնելով խորհրդարան, ժեստ է անում Հայաստանին: Մյուս կողմից, անկասկած, դա որոշակի ազդանշան է Ադրբեջանին, ակնարկ այն բանի մասին, որ Բաքվի հետ հետագա հարաբերություններում Անկարան օգտագործելու է հայկական խաղաքարտը»: Քաղաքագետը նշում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերություններում ստեղծված լարվածությունը, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «օդից կախված» վիճակում պահելը կարեւոր տակտիկական խնդիր է դարձել, եւ մեջբերում ադրբեջանցի փորձագետ Ռիզվան Հուսեյնովի կարծիքը. «Այսօր Թուրքիայի քաղաքական իստեբլիշմենթում որոշ շրջանակներ նորից ակտիվացնում են խոսակցությունները հայ-թուրքական Արձանագրությունների մասին: Եվ դա` չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունները` անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմիցս հայտարարել են, որ Արձանագրությունները հանված են թուրքական քաղաքականության օրակարգից»: «Բանն այն է, որ Անդրկովկասում Թուրքիայի քաղաքականությանը «եվրոպական երանգ» է հաղորդում ոչ թե Անկարայի «դաշնակցային» հարաբերությունները Ադրբեջանի, այլ` «կապվածությունը» ցյուրիխյան գործընթացի հետ: Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման գաղափարը կարող է դրականորեն անդրադառնալ Եվրոպայի հետ երկխոսության վրա, այն դեպքում, երբ մայրցամաքային շելֆի խնդիրների պատճառով Թուրքիան իր հարաբերությունները փչացրել է Կիպրոսի եւ, միեւնույն ժամանակ, Հունաստանի հետ։ Բացի այդ, Թուրքիան դա կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ, եթե Ադրբեջանը սկսի հեռանալ Թուրքիայից դեպի Իսրայելի կողմը»,- գրում է ռուս փորձագետը: