Այս օրերին Հայաստանում էր գտնվում դենտալ իմպլանտոլոգիայի սերտիֆիկացված էքսպերտ, «DGOI» Գերմանիայի օրալ իմպլանտոլոգների ասոցիացիայի անդամ, «ICOI» իմպլանտոլոգների միջազգային կոնգրեսի դիպլոմատ, գերմանական «Բրեդենտ մեդիքըլ» ընկերության լիազոր իմպլանտոլոգ, ուսուցանող Օկտավիան Ֆագարասը, ով, Ռումինիայում ունի իր սեփական կլինիկան: Օ. Ֆագարասի այցելությունը մեր երկիր` ունի կոնկրետ նպատակ, այն է` ուսումնասիրել ատամնաբուժության ոլորտը եւ փորձել համագործակցել տեղի մասնագետների հետ: Ծանոթանալով հայաստանյան ատամնաբուժական ծառայությունների որակական չափանիշներին` Օ. Ֆարագասը կարծում է, որ հայ մասնագետները զարգացման մեծ ճանապարհ պիտի անցնեն, քանի որ առողջապահական այդ ոլորտի թերությունները շատ են: Հայաստանն, ինչպես մյուս հետսովետական երկրները, հետ է մնացել միջազգային արագ զարգացող տեխնոլոգիաների եւ իմպլանտոլոգիայի մշտապես ի հայտ եկող նվաճումների կիրառումից:
– Ե՞րբ սկսվեց Ձեր համագործակցությունը հայաստանյան իմպլանտոլոգների հետ, եւ ի՞նչ ծրագրեր եք իրագործելու առաջիկայում:
– Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2010թ.` «Բրեդենտ մեդիքըլ» ընկերության հրավերով: Չորսօրյա մարաթոն կատարեցի Վրաստանում եւ Հայաստանում` ինտենսիվ ուղեւորություններով դասընթացներ, վիրահատություններ եւ այլն: Չնայած այն բանին, որ այդ 4 օրերի ընթացքում ժամանակի սղության պատճառով ես ընդամենը մի քանի ժամ եմ քնել եւ հանգստանալու հնարավորություն չեմ ունեցել, այդուհանդերձ, շատ դրական տպավորություններ ունեմ այս պետության, մարդկանց, հյուրասիրության եւ առհասարակ` հնարավորությունների մասին: Անդրադառնալով մասնագիտական ոլորտին` պետք է նշեմ, որ հետսովետական բոլոր պետություններում ատամնաբուժության ոլորտում շատ բացեր եւ թերություններ կան, բայց կարծում եմ, համագործակցելով` կարող ենք շատ հաջող ծրագրեր իրականացնել: Այս դաշտն իսկապես զարգացման բավականաչափ տեղ ունի, հետեւաբար` կարելի է եւ պետք է այն զարգացնել, քանի որ անմիջական կապ ունի մարդու առողջության հետ: Հայաստան գալով` ինձ հետ բերել եմ գաղափարներ, այսինքն` տեսլական ունեմ տեղական շուկայի համար, որը, վստահ եմ` հաջողություն կունենա: Մենք հիմա հանդիպումներ, խորհրդատվություններ եւ մտքերի փոխանակում ենք կատարում հայ բժիշկների հետ: Այստեղ տեսական եւ պրակտիկ դասընթացների ժամանակ ես ցուցադրեցի մի նորարարություն, որը կոչվում է «Արագ եւ ամրացված»: Առանց ատամների կամ հեռացման ենթակա ատամներով այցելած հիվանդները հնարավորություն են ստանում 4-5 ժամվա ընթացքում, մեկ միջամտությամբ կլինիկայից հեռանալ ամրացված ատամնաշարով: Նորարարությունների շարքից կցանկանայի նշել պիեցո վիրաբուժության նոր տեխնոլոգիաները, որն իրենից ներկայացնում է վիրաբուժական միջամտություն` առանց պտտող գործիքների: Դա կատարվում է շատ բարձր հաճախականությամբ վիբրացիայի շնորհիվ, որի ժամանակ բացակայում է փափուկ հյուսվածքը վնասելու ռիսկը:
– Դուք համագործակցության համար ընտրեցիք հետխորհրդային երկրները, մասնավորապես Հայաստանը, Վրաստանը. Ինչո՞ւ, որովհետեւ այս երկրներում ատամնաբուժության ոլորտը խոցելի՞ է:
– Պատճառն այն է, որ աշխարհում լինելով առաջատար ընկերություններից մեկը` «Բրեդենտ մեդիքըլ» ընկերության առաջնահերթությունների մեջ մտնում է մի քանի սկզբունք: Ընկերությունն առաջարկում է բարձրորակ արտադրանք, ատամնաբուժական կրթություն, ինչպես նաեւ զարգացման կարիք ունեցող երկրների շուկաներում ներդրումներ կատարելով օգնում է աճել այնքան, մինչեւ որակական չափանիշներով համապատասխանեն արեւմտյան ստանդարտներին: Ճիշտ է` «Բրեդենտ մեդիքըլը» աշխարհի ամենամեծ ընկերություններից չէ, բայց համարվում է ամենանորարարական եւ բարձրակարգ ընկերություններից մեկը: Բժիշկ-իմպլանտոլոգներին ընկերությունն առաջարկում է փորձագիտական բարձր մակարդակ: Շատ պարզ օրինակով կարող եմ համեմատել մի շվեյցարական հին ավանդույթ ունեցող ժամացույց արտադրող ընկերության հետ, որը շատ սահմանափակ քանակությամբ, բայց շատ բարձր որակով է արտադրում:
– Մի քանի անգամ այցելել եք Հայաստան: Դուք դեռ շարունակո՞ւմ եք ուսումնասիրել հայաստանյան ատամնաբուժության ոլորտը, թե՞ այնուամենայնիվ անցել եք պրակտիկ գործողությունների: Կա՞ն արդյոք կոնկրետ առաջարկություններ, որոնք կխթանեն Գերմանիայի փորձը Հայաստան տեղափոխելու համար:
– Ես փորձել եմ գնահատել այստեղի շուկան, բայց ոչ որպես տնտեսագետ, քանի որ վաճառքի մասնագետ չեմ, այլ` որպես տվյալ ոլորտի փորձագետ, մասնագետ-բժիշկ: Եկել եմ այն եզրահանգման, որ հայաստանյան այս ոլորտը զարգացման մեծ պահանջ ունի: Ես լավ տիրապետում եմ եւ քաջատեղյակ եմ ռումինական շուկայից: Այնտեղի շուկայում մեծ փորձի վրա հիմնվելով` կարող եմ գնահատել հայաստանյան շուկայի իրավիճակը եւ զուգահեռներ անցկացնել: Ատամնաբուժության ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, բայց Հայաստանում բժիշկներից շատերն ինքնուրույն են աշխատում, այսինքն` միեւնույն բժիշկը փորձում է շատ գործ անել, կոպիտ ասած` մեկ ձեռքով 10 ձմերուկ բռնել: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ` անթույլատրելի է: Թիմային աշխատանք պետք է կառուցել: Օրինակ` պետք է լինի ուսուցանված, գրագետ ատամնաբույժի օգնական, որը շատ կարեւոր է, կիրթ վիրաբույժ, ատամնատեխնիկ եւ այլն: Այլ կերպ ասած` թիմային աշխատանքը բաղկացած է համալիր լուծումներից, որտեղ բազում բաղադրիչներ կան: Անշուշտ, երբ հիվանդը գնում է բժշկի, առաջին հերթին շփվում է ատամնաբույժի հետ` չիմանալով, որ այդ աշխատանքի ետեւում շատ մարդիկ են ներգրավված: Եթե անգամ նրանցից մեկը պրոֆեսիոնալ լինի` կրկին աշխատանքը որակ չի ունենա, քանի որ մասնակիցները միմյանց հետ համագործակցելով, թիմային աշխատանքով միայն կարող են բարձր որակ ապահովել: Գերմանական կլինիկաները սովորաբար ունենում են մի քանի պրոֆիլով մասնագիտացած ատամնաբույժներ` դենտալ հիգիենիստ, օրթոդոնտ, վիրաբույժ եւ մինչեւ վիրաբուժական միջամտությանն անցնելը մատնանշված երկու մասնագետները որոշակի աշխատանք պետք է կատարեն: Այս երկու մասնագետները պարտավոր են հիվանդի ատամը փրկելու բոլոր հնարավոր տարբերակները ստուգել եւ ամեն ինչ անել այն պահպանելու համար: Այդ հնարավորությունը բացառելու պարագայում միայն նոր վիրաբուժական միջամտություն է կատարվում: Այսինքն` նեղ մասնագիտական տարանջատում է կատարվում, որի արդյունքում ստանում ենք օրինաչափ լուծում, բարձր որակ: Նաեւ ուզում եմ նշել, որ ճշգրտության վերաբերյալ մոտեցումներն են բավականին մատչելի դարձել, քանի որ, օրինակ, Գերմանիայում մասնագետներն արդեն աշխատում են խոշորացույցով եւ մանրադիտակով: Դու կարող ես միայն լավ բուժել այն, ինչը դու լավ ես տեսնում: Մինչ խոշորացույցի կիրառումն ինձ թվում էր, որ ես շատ լավ մասնագետ եմ, բայց դրա կիրառումից հետո հասկացա, որ սխալ միջամտություններ են կատարվում, որովհետեւ մենք աշխատում ենք մանր մակերեսի եւ մասնիկների վրա: Անկեղծ ասած` Հայաստանում այդ սարքերի կիրառության մասին տեղյակ չեմ, բայց միանշանակ է, որ դրա կիրառությունը պետք է ստանդարտ դառնա: Լավ ատամնաբուժություն, բժշկություն ունենալու համար այն պետք է պարտադիր ունենալ եւ կիրառել:
– Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ատամնաբուժակարաններում եղած սարքավորումների մակարդակը:
– Ճիշտն ասած` Հայաստանն ատամնաբուժության ոլորտում սարքավորումներով հագեցած չէ եւ շատ աճելու տեղ ունի: Տեխնիկական հագեցվածությունը պահանջում է շարունակական ներդրում: Հավանաբար կան բժիշկներ, ովքեր ցանկանում են քիչ ներդնելով` շատ գումար աշխատել, բայց դա այլ հարց է: Իրականում, եթե բժիշկը, բացի գումար աշխատելուց, ցանկանում է աճել եւ զարգացնել իր աշխատանքը` պետք է հնարավորինս շատ ներդրում կատարի, ժամանակի հետ համահունչ քայլեր կատարի, քանի որ գործընթացը շարունակական է: Օրինակ` ես իմ ամբողջ կյանքում հսկայական միջոցներ եմ ներդրել իմ աշխատանքի, գործիքների եւ, որ ավելի կարեւոր է, իմ կրթության մեջ: Վերջերս 53.000 եվրո վճարեցի մանրադիտակ գնելու համար: Դա իմ կողմից եւս մեկ ներդրում էր ժամանակից ետ չմնալու համար: 18.000 եվրո արժեցող խոշորացույցը, որն ակնոցի կառուցվածքով է` ինձ հետ բերել եմ Հայաստան` տեղի մասնագետներին ծանոթացնելու նկատառումով: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ իմաստ չունի այս թանկ սարքավորումները գնել, եթե դուք չունեք լավ կրթություն եւ չեք տիրապետում մասնագիտական հմտություններին:
– ՀՀ-ում ատամնաբույժի, ատամնատեխնիկի մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն: Թե Բժշկական համալսարանում, թե մասնավոր բուհերում այդ մասնագիտությունների դիմորդները շատ են, եւ մեծ մրցակցություն կա: Ասում են` այդ մասնագիտությունները «փող բերող» են: Արդյունքում` ՀՀ-ում գերակշռում են ցածրորակ բժիշկ մասնագետները եւ դրան զուգահեռ` արձանագրվում են մարդկանց առողջության հետ կապված շատ վատ ցուցանիշներ: Ձեր երկրո՞ւմ էլ նույն պատկերն է:
– Լավ ատամնաբույժ լինելու համար պետք է սիրել այդ մասնագիտությունը եւ ձգտել ամեն օր կատարելագործվել: Հակառակ դեպքում այն դառնում է բիզնես հիվանդի հաշվին: Գերմանիայում էլ այդ երեւույթը կա, բայց ավելի քիչ, քանի որ մեզ մոտ կարգապահությունը բոլոր ոլորտներում է: Իսկ օրինակ` Ռումինիայում ճիշտ Ձեր նկարագրած պատկերն է: Համալսարաններում համատարած կոռուպցիա է տիրում, եւ հին սերնդի մարդիկ կան, որոնք կառչելով իրենց աթոռներից` նոր սերնդի ճանապարհը փակում են: Իրենք իրենց զգում են շատ ուժեղ, ինքնավստահ, աթոռին ամրացած, բայց ես նրանցից որեւէ մեկին միջազգային կոնգրեսների ժամանակ չեմ տեսել, առավել եւս, որ թույլ տան նրանց խոսք ասել, ելույթ ունենալ: Այսինքն` իրենք իրենց ուժեղ են զգում իրենց լոկալ համակարգում եւ միջազգային ասպարեզում մրցունակ չեն: Ռումինիայում ունենալով սեփական կլինիկա եւ աշխատելով կոնկրետ ուղղությամբ` ես համալսարաններին համագործակցության առաջարկ արել եմ, բայց իրենք լինելով այլ մեթոդների կողմնակից (դուք դա կարող եք անվանել մաֆիա, կապերի գերակայություն), չեն ցանկանում, որ իրենց ոլորտում ինչ-որ մեկն առաջ անցնի: Այդ պատճառով ես անկախ եմ գործում, բայց շարունակում եմ համագործակցության առաջարկներ անել: