Աշխարհի հետ համընթաց

27/09/2011

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) այս տարի կատարեց իր 7-րդ ընդունելությունը: ՔԴԵԴ-ը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո եւ Հայաստանում քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար դասընթաց-սեմինարներ է կազմակերպում: Դպրոցը նախորդ 6 տարիներին ունեցել է մոտ 200 շրջանավարտ, սակայն այդ դասընթացներին մասնակցելու համար դիմել են ավելի քան 600 երիտասարդներ: Այսինքն` ՔԴԵԴ ընդունվելու համար բավականին լուրջ մրցակցություն է եղել: Պատճառը հավանաբար այն է, որ սա մեր երկրում այն եզակի ծրագրերից է, որում երիտասարդները քաղաքական կրթությունը համադրում են շփվելու, առողջ քաղաքական բանավեճեր կազմակերպելու, տեսակետներ փոխանակելու հետ: Դասընթացները դպրոցում տեւում են 1 տարի: Տարվա ընթացքում ՔԴԵԴ-ն ունենում է 3 արտագնա սեմինարներ` Ծաղկաձորում, Ջերմուկում: Դասընթացների ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, քաղաքագետներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, իրավագետներ ու այլ առաջատար մասնագետներ: Իսկ դասախոսություններից հետո հնարավորություն է ընձեռվում հարցեր ուղղել բանախոսներին: Եվ շատ հաճախ ստացած պատասխանները հնարավոր չէ ստանալ հանրային այլ քննարկումների ժամանակ: ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանի խոսքերով` դպրոցը ստեղծել է մի այնպիսի հարթակ, որտեղ տարբեր կուսակցությունների իշխանամետ եւ ընդդիմադիր երիտասարդ անդամները կարողանան բանավիճել Հայաստանի համար հրատապ համարվող ամենատարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ հարցերի շուրջ: Եվ նրանք բանավիճում են ոչ թե ապացուցելու համար, թե իրենցից ով է ճիշտ, ինչպես լինում է քաղաքականության մեջ, այլ պարզապես իրենց տեսակետներն են համադրում: «Այստեղ ստեղծվել է դիմացինի կարծիքը լսելու, հարգելու եւ հաշվի առնելու մշակույթ, ինչը շատ հաճախ պակասում է մեր հասարակական-քաղաքական կյանքում»,- ասում է Ա.Զաքարյանը: Եվ ընդհանրապես ծավալվում է առողջ բանավեճ: ՔԴԵԴ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ` այս դասընթացները նպաստում են երիտասարդների մտածելակերպի զարգացմանը, որ կարողանան համընթաց քայլել «այս արագ փոփոխվող աշխարհի» հետ: ՔԴԵԴ-ի 7-րդ տարվա դասընթացների առաջին հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցի անցած տարվա պատգամավոր-շրջանավարտներ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների անդամներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Ա.Մինասյանի խոսքերով` ՔԴԵԴ-ը նորարարություն մտցրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Մինչ այս դպրոցի ստեղծումը դրա անհրաժեշտության մասին խոսվում էր, որ պետք է քաղաքականապես ակտիվ մարդկանց հավաքի մի տեղ ստեղծել, որտեղ առողջ, լուրջ բանավեճեր, քննարկումներ տեղի ունենային: Եվ նման հնարավորությունը ստեղծվեց ՔԴԵԴ-ի միջոցով: Իսկ ՔԴԵԴ-ի տարեկան դասընթացներն ավարտվում են Ստրասբուրգում Եվրախորհրդում անցկացվող մեկշաբաթյա սեմինարով, որտեղ արդեն երեւանյան դպրոցի ապագա շրջանավարտները հնարավորություն են ունենում լսել միջազգային ասպարեզում հայտնի` ամենատարբեր ոլորտների լավագույն մասնագետների դասախոսությունները եւ նրանց հարցեր ուղղել: Բացի այդ, երեւանյան դպրոցը հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում Եվրախորհրդի` մոտ 2 տասնյակ երկրների քաղաքական դպրոցների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ՔԴԵԴ-ում սովորել են Հայաստանի շատ պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ` այդ թվում` պատգամավորներ եւ նախարար: Ա.Զաքարյանը համոզված է, որ դպրոցում դասընթացներ անցած եւ ոչ մի երիտասարդ պատահական մարդ չէ, նրանք այսօր իրենց ոլորտներում կայացած մարդիկ են եւ վաղը դառնալու են Հայաստանի կյանքում ավելի կարեւոր դերակատարում ունեցող մարդիկ: