Դիանա Կացուրիսը ծնունդով Թեհրանից է, որտեղից էլ ուսանելու նպատակով մեկնել է Անգլիա: Ուսանողական տարիներին հանդիպել է Փանոս Կացուրիսին, ում հետ ամուսնացել է: Նրանց ընտանիքն այսօր էլ ապրում է Անգլիայում:
Կնոջ պատմելով՝ Հայաստան առաջին անգամ եկել են 2000թ.: Անգլիա վերադառնալուց հետո Կացուրիս ամուսինները հիմնել են «Հայաստանի ընկերներ» բարեգործական կազմակերպությունը՝ կրթաթոշակներ տրամադրելով սոցիալապես անապահով ուսանողներին, մանկապարտեզներ, հիվանդանոցներ վերանորոգելով եւ այլն: Նրանց նախաձեռնություններից մեկն էլ դարձավ Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ստեղծումը: «Հոգեկան առողջության կենտրոն բացելու մեր մտահղացումը պատահական չէր: Այդ հարցում մեր ընտանիքն ունի փորձառություն, եւ գիտենք, թե որքան դժվար կյանք ունեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ: Ուզում էինք մեր փորձառությունը դրականորեն արտահայտենք, եւ եթե կարողանանք անգամ չնչին չափով օգնել այդ մարդկանց, մենք շատ ուրախ կլինենք»,- մեզ հետ զրույցում ասաց Դիանա Կացուրիսը: Նախաձեռնության նպատակն է` օգնել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց՝ դիմակայելու եւ հաղթահարելու դժվարությունները, ապրելու լիարժեք կյանքով, ինչպես նաեւ` աջակցել նրանց ընտանիքի անդամներին: «Ես ինքս մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, եւ բոլորովին առնչություն չունեմ այս ոլորտի հետ, բայց քանի որ ունենք հոգեկան հիվանդության փորձառություն, որպես կամավոր` ժամանակին շատ եմ աշխատել, եւ բավական տեղեկացված եմ հոգեկան հիվանդություններից»,- նկատեց Դ. Կացուրիսը:
Օրեր առաջ Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամները հանդիսավոր ընդունելություն էին կազմակերպել «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ: «2009թ. հիմնվեց «Ինթրա» կենտրոնը, իսկ այսօր մենք հրավիրել ենք այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են մեր գործունեությամբ, եւ ներկայացանք իրենց, քանի որ մենք ժամանակ էինք տվել մեզ կայանալու, ամրանալու համար: Հիմա զգում ենք, որ մենք արդեն անցել ենք այդ փուլը, եւ կարող ենք շատ հստակ ասել, թե ով ենք, ինչ ենք անում եւ ինչ ենք պատրաստվում անել»,- նշեց Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը: Նրա խոսքերով՝ կենտրոնի հիմնումից մինչ օրս սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցում են անվճար հիմունքներով: «Հիմնադրամն իր օրակարգում ունի տեղեկացման, գիտելիքների տրամադրման գործառույթ, ինչպես նաեւ` վերաբերմունքի փոփոխման, քանի որ, երբ մարդը սթրեսից անցնում է դեպրեսիայի եւ չի փոխում իր վերաբերմունքը հոգեբանի նկատմամբ՝ մտածելով, թե ինքը գնում է ոչ թե հոգեբանի մոտ ինքն իրեն վերականգնելու եւ օգնելու համար, այլ հոգեբուժարան կամ հոգեբուժական կլինիկա: Կարծում եմ՝ այդ վերաբերմունքի փոփոխման դեպքում դեպրեսիայի, սթրեսի դեպքերն ավելի կնվազեն»,- նկատեց Մ. Թովմասյանը: Վերջինիս կարծիքով՝ հասարակությունն իր պիտակավորումներով ավելի մեծ խնդիրներ եւ բարդույթներ է ստեղծում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի համար: Հոգեբան Խաչատուր Գասպարյանի փոխանցմամբ՝ կենտրոն դիմում են տարատեսակ խնդիրներով, որոնցից են տանգապային խանգարումները, կպչուն սեւեռուն խանգարումները, տրամադրության փոփոխությունները, վախերը, ընտանեկան, միջանձնային խնդիրները: «Պետք է միշտ հիշել, որ հոգեբանության մեջ ամեն մեկի դեպքը տարբեր է մյուսի դեպքից: Դուք կարող եք ունենալ երկու վախ, որոնք լինեն, ինչպես, օրինակ, ռմբակոծությունից, այսինքն՝ մի դեպքում վախ կա, որ ինքը կվնասվի, մյուս դեպքում` անձը վախենում է, որ ծնողները կվնասվեն»,- նշեց հոգեբանը: Հարցին, թե սոցիալական վատ վիճակը որքանո՞վ է նպաստում հոգեկան առողջության խաթարմանը, Խ. Գասպարյանը պատասխանեց. «Սոցիալական վիճակը մի գործոն է, բայցեւ միակ չէ: Ինչպես գիտենք, շատ դեպքերում սոցիալապես ապահով մարդիկ եւս ունեն հոգեկան խնդիրներ, օրինակ, ուտելու խանգարումները մեծամասամբ հատուկ են այն ընտանիքներին, որոնք սոցիալապես ապահովված են, հետեւաբար, սոցիալական վիճակը չի կարող լինել միակ գործոնը, որով ապահովեն հոգեկան խնդիրները: Դա գործոններից մեկն է»: Կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում յուրաքանչյուր տասնմեկից մեկն ունի հոգեկան բնույթի խնդիրներ, եւ 2009թ. ստեղծված Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի առաքելությունն է` նվազեցնել հոգեկան բնույթի խնդիրներով պայմանավորված մարդկային ծանր ապրումները Հայաստանում:
Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության՝ ներկայումս աշխարհում ծանրության տարբեր աստիճանի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կազմում է 160` յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով: Ընդ որում՝ ամբողջ աշխարհում 10 խնդրահարույց հիվանդություններից 5-ը բաժին է ընկնում հոգեկան հիվանդություններին, իսկ ավելի հստակ՝ աշխարհում 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով: Մարդկության մոտ 5%-ը տառապում է դեպրեսիվ խանգարումներով, ավելին՝ կանխատեսվում է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 10 ամենաշատ տարածված հիվանդությունների շարքում տագնապային-դեպրեսիվ խանգարումները կզբաղեցնեն չորրորդ տեղը: Եվ չնայած այն հանգամանքին, որ դեպրեսիան տարածված է միջին տարիքի մարդկանց շրջանում, վերջին տարիների ուսումնասիրությունները փաստում են, որ տարեցտարի ավելանում է դեպրեսիայով տառապող պատանիների թիվը, որոնցից 15-20%-ը դիմում են ինքնասպանության: 9-17 տարեկան երեխաների 20%-ից ավելին տառապում են ախտորոշվող հոգեկան խանգարումներով կամ հակվածություն ունեն վերջիններիս նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել առնվազն որեւէ հաշմանդամության: Մասնագետների հաշվարկներով՝ յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում երեխաների եւ պատանիների 13%-ը կարող են տառապել հուզական խանգարումներով, իսկ խորը դեպրեսիվ խանգարումով տառապող պատանիների մոտ 7%-ը կարող են ինքնասպանություն գործել պատանեկան հասակում: Ապացուցված է նաեւ, որ արագ զարգացող երկրներում լայնածավալ սոցիալական փոփոխությունները եւ ընտանեկան համակարգերի քայքայումը կարող են հսկայական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան առողջության վրա: