Հայ մարզիկներն ապահով տեղում են

27/09/2011

Երեկ Բաքվում` Հեյդար Ալիեւի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնությանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները: Ընդհանուր առմամբ, մեդալների համար պայքար են մղում 570 բռնցքամարտիկներ` աշխարհի 113 պետություններից: Այս առաջնությունն առավել կարեւոր է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիադային մասնակցելու մասին երազող բռնցքամարտիկների համար, քանի որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած մարզիկները օլիմպիական ուղեգրեր են ստանալու:

Ադրբեջանական կողմի հավաստիացմամբ` հայ բռնցքամարտիկներին ապահովել են մարզվելու եւ հանգստանալու ամենալավ պայմաններով: Այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Շահնազ Բեյլյար-Կիզին: Հայերը հանգրվանել են Բաքվի արվարձանում գտնվող «Սահաթչի» անունով օլիմպիական համալիրում, դա շատ ապահով տեղ է: Շատերն էին ցանկանում այդտեղ մնալ, սակայն հարկ էր հաշվի առնել հայ մարզիկների անվտանգությունը: Նրանց հետ այդ համալիրում են մնում նաեւ ռուս բռնցքամարտիկները: «Հայ մարզիկներին ամենաբարձր մակարդակով են սպասարկում, եւ անհանգստանալու կարիք չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնյա Աղաջան Աբիեւը: Հայաստանից Բաքու են մեկնել ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հովսեփ Սահակյանը, մարզիկներից` ծանրքաշային Արմեն Սիմոնյանը, ով վնասվածքի պատճառով ելույթ չի ունենա, Հովհանես Դանիելյանը, Հովհաննես Բոչկովը, Վլադիմիր Սարուխանյանը, Հրաչիկ Ջավախյանը, Սամվել Մաթեւոսյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արթուր Խաչատրյանը:

Հայ մարզիկներն առաջին անգամ ռինգ դուրս կգան այսօր` սեպտեմբերի 27-ին: