Պատմությունը կհիշի

24/09/2011

Երեկ ԱՄՆ-ում ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին ՀՀ նախագահ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաեւ` Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Նա նշել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգեւատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր: Ընդգծելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, ԿԱԷԿ նախագահ Ն. Կազեմինին ասել է. «Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում` ազատ եւ ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարեւորը` նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարեւանների հետ` իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի»: