Երեկ` վաղ առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ՀՀ ոստիկանությունը վնասազերծել է հանցավոր մի ավազակային խմբի, որի անդամների մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիմակներ, ինքնաձիգեր, ատրճանակներ, թմրանյութեր են հայտնաբերվել: Խումբը կասկածվում է Երեւանում վերջին շրջանում բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների բնակարաններում գողություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս խորհրդակցության ժամանակ նշելով, որ Երեւանում կազմակերպված հանցախումբ է գործում, հրահանգել էր միավորել ավազակային հարձակման 5 դեպքերի քրեական գործերը` վերաորակելով որպես ավազակային հարձակում: Հարձակումները կատարվել էին վաղ առավոտյան` ժամը 04:30-6:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5 մարդ, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել էին առանձնապես խոշոր չափերի գումար: Բոլոր դեպքերի ձեռագիրը նույնն էր: Այնուհետեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործների մասին ասել էր. «Նրանք այնպիսի հմտություն են դրսեւորել, որ ենթադրելի է` նախկին հատուկ խմբավորումների, ինչո՞ւ չէ` նաեւ հենց ոստիկանական համակարգում աշխատած անձինք են, ովքեր ծանոթ են հանցագործի ձեռագրին եւ փորձում են բացառել ամեն տեսակի սխալները, որոնք շատ հաճախ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»: Երեկ դեպքի վայրում հայտնաբերվել է սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO 086 պետհամարանիշով մեքենան` ջախջախված, վնասված վիճակում, որում եղել է զենք-զինամթերք, դիմակներ: Փախուստի ընթացքում` երբ մեքենան ջարդվել է, եւ չեն կարողացել մեքենայով փախչել, ժայռը մագլցելիս չհասցնելով փախչել` ընկել եւ մահացել է 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը (մականունը` «Եթում»), ով ՌԴ-ում կատարած ավազակային հարձակման ժամանակ դատապարտված է եղել 9 տարվա ազատազրկման, բայց պատիժը կրել է ՀՀ-ում: Վերջինս 2010թ. վաղաժամկետ պայմանականով ազատ էր արձակվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 13 անձ: Երեկ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների որդիների անուններ էին շրջանառվում, որոնք կարող էին կապված լինել բանդայի հետ: Պաշտոնյաներից շատերը հերքել են լուրերը: Նշվում էր նաեւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու հնարավոր մասնակցության մասին: Թեեւ երեկ օրվա ընթացքում Մ. Մաթեւոսյանը հերքել էր լուրը, սակայն ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաստատել էր նրա որդուն Ոստիկանություն բերման ենթարկելու փաստը: Ըստ լուրերի` որդին հեռախոսային կապի մեջ է եղել բանդայի անդամների հետ: Օպերատիվ տվյալների համաձայն` հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, որը, փաստորեն, կանխվել է: