Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի մթնոլորտը բավականին սուր էր եւ առաջիկայում կտրուկ քայլեր խոստացող: Ամեն դեպքում սպասելի էր, որ այս անգամ այդպես էլ լինելու է, որովհետեւ իշխանությունների հետ ավելի քան 2 ամիս առաջ սկսած երկխոսությունն այդպես էլ ոչ մի արդյունք չտվեց:
Ավելին` ՀԱԿ-ը կալանավայրում ունեցավ եւս մի ակտիվիստ եւ կորցրեց եւս մի քանի ամիս: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ նշեց, որ իշխանությունները գարնանը մի քանի զիջումների գնացին, որովհետեւ ուժեղացել էր զանգվածային ճնշումը: Եվ իշխանության պահվածքը վերջին շրջանում հնարավորություն էր տալիս ակնկալել, որ նրանք կարող են գնալ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու գործընթացի: Իսկ Կոնգրեսը գարնանային այդ ակտիվությունը հանդարտեցրեց, որովհետեւ երկխոսության միջոցով էր ցանկանում հասնել այդ պահանջների կատարմանը: «Բայց իշխանությունն ընդհատեց այդ գործընթացը, դադարեց զիջումների գնալ, եւ այժմ նույնիսկ կա մեկ քաղբանտարկյալ: Ի՞նչն է պատճառը»,- հարցրեց Զուրաբյանն ու պատասխանեց, թե դա կարող է լինել այն, որ այսօր Ղարաբաղի հարցում ճնշումներ չկան: Իսկ դա հնարավորություն է տալիս խուսափել հանրությանն ընդառաջ գնալուց: Իշխանության գլխավոր ուղերձը, սակայն, նրա խոսքերով` այն էր, որ «եթե ուզում ենք, որ նա գնա զիջումների, ուրեմն տասնյակ հազար մարդիկ պետք է հանել փողոց»:
Հիշեցնենք, որ երկխոսության առաջին օրերին Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարում էին, թե եթե իշխանությունները կամավոր չընդունեն երկխոսության օրակարգի իրենց հիմնական` արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը, ապա սեպտեմբերին սկսելու են ակտիվ պայքար եւ զանգվածային միջոցառումների շարք: Եվ ահա երեկ այդ պահանջը մեկ անգամ եւս թարմացրեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ Ազատության հրապարակում նախորդի համեմատ ավելի շատ մարդ էր հավաքվել: Իշխանությունների դեմ սուր պայքար սկսելու խոստումը, դրանից բխող գործողություններն ու հետեւանքները մարդկանց նորից հրապարակ են բերում: Հավաքված մարդկանց խոսակցություններից հասկանալի էր դառնում, որ ամենափոքր հույսն անգամ նրանց մոտ կարող է հավատ առաջացնել, թե Հայաստանում ու իրենց կյանքում կարող է դրական փոփոխություն լինել: Ամեն դեպքում ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում վճռական պայքար խոստացան: «Մենք որոշել ենք` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկու տգետ օլիգարխները ժողովրդից թալանածը մինչեւ վերջին կոպեկը պետք է վերադարձնեն հենց ժողովրդին»,- հայտարարեց ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ վարում էր հանրահավաքը:
Երեկ Ազատության հրապարակում նորից հայտարարություններ հնչեցին, որ իշխանությունը, ավազակապետությունը ճաք է տալիս, եւ որ այդ ճաքը գնալով ընդլայնվում է: Դա ապացուցելու համար ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ցույց տվեց մի տոպրակ լիքը Հանրապետական կուսակցության տոմսեր, որոնց տերերը հրաժարվել են դրանցից: Ա.Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ անցած հանրահավաքից հետո, երբ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «սկսել ա», շատ մարդիկ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից դուրս են գալիս, նետում իրենց կուստոմսերն ու միանում են Կոնգրեսին: Իսկ ՀՀԿ-ի այդ անդամատոմսերը ստորագրված էին ՀՀԿ նախկին եւ գործող նախագահներ Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: «Իշխանության ճաքը գնաց, եւ այդ ճաքը առաջիկա օրերին կմեծանա ու կլայնանա»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
Ի դեպ, հանրահավաքի ժամանակ Արցախյան պատերազմում որդուն կորցրած եւ Կոնգրեսի միջոցառումներին միշտ մասնակցող` հայտնի Փառանձեմ մայրիկի ձեռքում այրվեցին նախ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հետո` Սերժ Սարգսյանի նկարները: Իսկ հանրահավաքի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին բանաձեւի նախագծին, որտեղ շեշտված էր, թե «Մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել»: Մարտի 1-ին զոհված Տիգրան Առաքելյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, հայտարարեց, թե Մարտի 1-ի էջը չի կարող փակվել, քանի դեռ մինչեւ վերջին հանցագործը չի բացահայտվել, եւ արդարությունը չի հաղթել: Մարտի 1-ի քննչական գործը նոր թափով վերսկսելու` Ս.Սարգսյանի գարնանային հայտարարությունը, նրա խոսքերով, նպատակ ունեին ԵԽ ԽՎ-ից լավ բանաձեւ կորզել: Ա.Խաչատրյանի կարծիքով` եթե իշխանությունը չլիներ Մարտի մեկի սպանությունների հեղինակը, սպանությունները հիմա բացահայտված կլինեին: «Բայց ինչպե՞ս կարող է հանցագործը ինքն իրեն բացահայտել»,- հարցնում է զոհվածի մայրը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, թե Մատենադարանի նոր շենքը կառուցվել է, ռազմական շքերթում ցուցադրված զենքերը գնվել են հրապարակում հավաքված մարդկանց եւ ընդհանրապես ժողովրդի փողերով: Եվ եթե իշխանությունները քիչ լափեն եւ մի քանի հազար քառակուսի մետր պակաս տներում ապրեն, հնարավոր կլինի ավելի շատ կառուցել եւ ձեռք բերել: Իսկ ՀԱԿ-ի առաջիկա անելիքները համարեց «ճշգրիտ քայլերի ժամանակաշրջան», որովհետեւ միայն այդպես կհասնեն հաջողության: «Իսկ այդ գործընթացը սկսվել է նախորդ հանրահավաքից, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սկսել ա: Հետեւաբար, ժողովուրդ ջան, մենք դատապարտված ենք հաղթանակի: Ժողովուրդ ջան, մեր մեկնած ձեռքը մերժվեց: Մենք ամեն ինչ արեցինք, որ իրենց դարձի բերենք, բայց իրենք չհասկացան»,- հայտարարեց Ա.Սարգսյանը:
Արդեն ակնհայտ է, որ մենք ազատ եւ արդար ընտրությունների կհասնենք ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով. ասաց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: «Արդար ընտրությունները պետք է պարտադրվեն: Վստահ եմ, որ մեր մաքառող քաղաքացին հաղթելու է հանուն ազատության մղվող պայքարում: Իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով է, որ հազարավոր քաղաքացիներ լքել եւ այսօր դեռ շարունակում են լքել մեր երկիրը…Այժմ էլ իշխանությունները նոր թեզ են հնարել միջազգային մարմինների համար, թե իբր ընտրությունների արդյունքները ոչ թե ժողովուրդը, այլ ընդդիմությունը չի ընդունում: Իրականում մենք լավ գիտենք, որ ոչ մի ընդդիմություն չի կարող կազմակերպել այնպիսի հուժկու բողոքի ցույցեր, ինչպիսիք տեղի ունեցան 2008թ., եթե ժողովուրդը չընդվզեր»,- հայտարարեց նա:
Լ.Զուրաբյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց: «Կոչ ենք անում պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային հաղթարշավի, որի ժամանակ ժողովուրդը կվերագտնի իր երկրում իշխելու սուվերեն իրավունքը»,- ասաց նա:
Իսկ Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթի ավարտին իշխանություններին ներկայացրեց 8 պահանջներ, որոնցից առաջին երկուսը մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում իրենց առաջարկներն ընդգրկող համապատասխան փոփոխություններ անելու պահանջներն են: Նրա խոսքերով` առավել դժվարինն այս երկուսի կատարումն է: «Ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու: Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին»,- եզրափակեց Լ.Տեր-Պետրոսյանը: