Պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

24/09/2011

Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` նշելով, որ այժմ նրանց դիմումն ատոմակայանի տնօրենի մոտ է: Նրա խոսքով, դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից։ «Շա՞տ է, թե՞ քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել է Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին, բայց առայժմ կոնկրետ չի կարող ասել, թե ով եւ երբ որոշում կկայացնի: Լուսինե Հարությունյանը նշել է, որ դիմում ներկայացրած աշխատակիցները այժմ աշխատում են. նույնիսկ նրանք, ովքեր դիմում են գրել, հերթափոխի մեջ են, ատոմակայանում աշխատանքները խաթարված չեն: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել: