Համարյա «Wikileaks»-ի նման

24/09/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս անդրադարձել էր այս տարվա առաջին 8 ամիսների տնտեսական ցուցանիշներին։ Նա բավականին լավատես էր եւ գոհ, ինչը, թերեւս, պայմանավորված էր թե՛ նախորդ օրը տեղի ունեցած շքեղ ռազմական շքերթով, թե՛ հենց տնտեսական ցուցանիշներով։

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրության ծառայությունը նախօրեին հրապարակել էր ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ նախնական զեկույցը՝ 2011թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։ Տվյալներն իրոք տպավորիչ են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը օգոստոսին աճել է 9.6 տոկոսով նախորդ տարվա օգոստոսի համեմատ, եւ 21.3%-ով՝ այս տարվա հուլիսի համեմատ։ Բացառությամբ շինարարության՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, անգամ գյուղատնտեսության ոլորտում, ինչն առանձնապես ուրախացրել էր Տ. Սարգսյանին։

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ անկումը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 24.7%։ Դա իհարկե լավ չէ, ինչպես Տ. Սարգսյանն է նշել՝ այս ոլորտում լուրջ խնդիր ունենք։ Սակայն պարզվում է, շատ վատ չէ։ Ավելին՝ ինչ-որ տեղ նաեւ լավ է, որ շինարարությունն անկում է ապրում։ «Դեռեւս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։ Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։ Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը»,- ասել է Տ. Սարգսյանը։

Այս դեպքում են ասում՝ չկա չարիք, առանց բարիքի։ Ավելին՝ շինարարության անկման արդյունքում Հայաստանի տնտեսությունն այժմ ավելի ամուր է կանգնած հողի վրա եւ ճգնաժամերը նրան չեն սպառնում։ «Այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլեւս մեզ չի սպառնում, որովհետեւ որեւիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման»։ Հիշեցնենք, որ նույն Տ. Սարգսյանը 14%-անոց անկումը հավանական չէր համարում նաեւ 2008-ի վերջին, երբ շինարարությունը հանդիսանում էր տնտեսության շարժիչ ուժը։ Ինչ վերաբերում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, ապա դա էլ վիճելի հարց է։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ Հայաստանում «արդյունաբերական աճ» կոչվածի մեջ առյուծի բաժինը պատկանում է հանքարդյունաբերությանը։ Իսկ հանքարդյունաբերությունը, ինչպես ցույց տվեց ճգնաժամը, ամենախոցելի ոլորտներից մեկն է։ Այնպես որ, չի կարելի լրիվ ապահով զգալ տնտեսական կայունության տեսակետից։

Սակայն այս ամենը առանձին վերլուծության թեմա է։ Փոխարենը անդրադառնանք ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր միջազգային զեկույցներին։ Վարչապետը նախ անդրադարձել է ավելի վաղ հրապարակված «Fitch Ratings-ի» վարկունակության զեկույցին եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Ազգային մրցունակության զեկույցներին, որտեղ Հայաստանի ցուցանիշները բարելավվել էին։ Սակայն ուրախանալու առիթներ եղել են նաեւ վերջին շաբաթվա ընթացքում։ «Այս երկու շաբաթվա ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակվել,- ասել է Տ. Սարգսյանը,- Առաջինը «Heritage Foundation»-ի ազատության ինդեքսն է, որտեղ մենք նույնպես արձանագրել ենք առաջընթաց, ինչը չափազանց կարեւոր է ճգնաժամից հետո, երբ մեր բազմաթիվ ցուցանիշներ վատթարացել էին, բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, եւ մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է»։ Վարչապետը ընդգծել է, որ եթե ազատության ինդեքսով մենք դեռեւս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, «որովհետեւ Ադրբեջանը զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը: Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է»։ Մյուս ցուցանիշը Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձեւով, եւ, ինչպես նշել է Տ. Սարգսյանը, այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից եւ Վրաստանից առաջ ենք գտնվում։

Եվ վերջում վարչապետը, հաղթողի վստահությամբ, ամփոփել է. «Այնպես որ, տոնական տրամադրություններին պետք է ավելացնենք լավատեսությունը, որի մասին են վկայում միջազգային վարկանիշային ցուցանիշները, ընդ որում` մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները եւ ցուցանիշները հրապարակում են»։

Մի կողմ թողնենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ բանավիճելու էստաֆետը միշտ եղել եւ մնում է կառավարության ձեռքում, եւ ոչ ոք չի պատրաստվում այն խլել։ Բավական է մի թեթեւ թթու խոսք լինի, պաշտոնական եւ պաշտոնամետ փորձագետները, բանուգործը թողած, անարգանքի սյունին են գամում զեկույցի հեղինակներին, ինչպես դա եղավ «Forbes»-ի դեպքում։

Այս ամենը մի կողմ դրած՝ միջազգային հեղինակավոր կառույցների հետ բանավիճելու պատճառ չկա, քանի որ նրանք մատնանշում են ոչ միայն դրական, այլեւ բացասական կողմերը։ Օրինակ՝ Ազգային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը իր մրցունակությամբ զիջում էր տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ կառավարության կողմից առաջնահերթություն հռչակված ճյուղերի առումով (օրինակ՝ նորարարական տնտեսություն), ընդհանրապես գտնվում էինք աղյուսակի ստորին մասերում։ Կամ՝ Էլեկտրակապի միջազգային միության վարկանիշում, ճիշտ է, մեր հարեւանների առաջ ենք գտնվում, բայց տեղեկատվական զամբյուղի մատչելիության առումով (ֆիքսված, բջջային հեռախոսակապի եւ ինտերնետի գները) ԱՊՀ երկրների մեջ ամենավերջին տեղերում ենք (այսինքն՝ Հայաստանում տեղեկատվական զամբյուղը թանկ է)։

Առանձին անդրադառնանք «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատականության ինդեքսին։ Սա միշտ եղել է ներկա ու նախորդ իշխանությունների ամենասիրած թեման, քանի որ տնտեսության ազատականությունը ամենեւին էլ պարտադիր չէ, որ կապված լինի տնտեսության լավ վիճակի հետ։ Այսինքն՝ կարելի է ունենալ թույլ տնտեսություն, սակայն՝ շա՜տ ազատական։ Հենց դրա համար էլ Հայաստանի տնտեսությունը ազատականության ինդեքսում ավելի բարձր տեղ է զբաղեցնում (36-րդ հորիզոնական), քան, ասենք, Իսրայելը (43-րդ հորիզոնական)։ Սակայն այս համեմատությունից կարող է ուրախանալ միայն տնտեսությունից անտեղյակ մարդը, քանի որ Իսրայելում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 28.393 դոլար է, Հայաստանում՝ ընդամենը 4966 դոլար։

Այս պարագայում անհասկանալի է Տ. Սարգսյանի այն միտքը, որ ցուցանիշները վատթարացել էին ճգնաժամի պատճառով։ Ինչպես արդեն նշեցինք, տնտեսության ազատականության վարկանիշը գրեթե կապ չունի տնտեսական վիճակի եւ ճգնաժամերի հետ։ Միգուցե վարչապետը կոնկրետ այդ ցուցանիշը նկատի չուներ, բայց նրա խոսքի շարադասությունից այդպես է հասկացվում։

Եվ վերջապես, անգամ ազատականության ինդեքսում, որտեղ առաջ ենք անցել աշխարհի շատ զարգացած երկրներից, ամեն ինչ չէ, որ փայլուն է ներկայացված։

Այսպես, գնահատման համար օգտագործվող 10 չափանիշներից մեր վարկանիշը (միավորները) ավելացել են միայն 3 առումներով՝ առեւտրի ազատականություն, մոնետար ազատականություն եւ աշխատանքային հարաբերություններ։ 3 այլ ցուցանիշների գծով՝ ներդրումների ազատականություն, ֆինանսական ազատականություն եւ սեփականության իրավունքներ։ Իսկ նահանջ ապրել ենք 4 ցուցանիշների գծով՝ բիզնեսի ազատականություն, ֆիսկալ ազատականություն, պետական ծախսումներ եւ կոռուպցիա։ Մասնավորապես, կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի հեղինակները նշում են, որ կոռուպցիան համատարած է եւ արմատավորված, պաշտոնյաները կաշառք են վերցնում, իսկ իշխանությունների հետ կապված բիզնեսմենները մենաշնորհային դիրքերից ներմուծում են կենսական նշանակություն ունեցող ապրանքները։ Բիզնեսի ազատականության մասում նշված է, որ չնայած լիցենզավորման պահանջները նվազեցվել են, եւ սնանկության պրոցեդուրան արդիականացվել է, սակայն բիզնեսի կարգավորիչների բյուրոկրատական կիրառումը՝ կոռուպցիայի հետ միասին, լուրջ խոչընդոտ են հանդիսանում բիզնեսով զբաղվելու համար։

Տեսնո՞ւմ եք, թե այս հեղինակավոր միջազգային կառույցի գնահատականները որքան «համահունչ» են մեր կառավարության գեղեցիկ ճառերին՝ մոնոպոլիաների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ բիզնես միջավայրի բարելավման մասին։ Այնպես որ, կառավարության ընդդիմախոսները բանավիճելու առիթ չունեն, առավելեւս՝ միջազգային կառույցների հետ։ Նրանք կարող են ընդամենը հանրությանը տեղեկացնել այդ զեկույցների «գաղտնի» հատվածների մասին (որոնց մասին պաշտոնյաները գերադասում են չխոսել) եւ կողքից հետեւել, թե կառավարության անդամներն ինչ ջանասիրությամբ են դուրս գալու այդ քննադատության տակից։ Ի դեպ, սա շատ նման է «Wikileaks»-ի հրապարակումներին` եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը դրանցից ներկայացնում են միայն այն հատվածները, որոնք իրենց ձեռնտու են: Մնացածի մասին` ոչ մի խոսք: