Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ…
Մեր լավագույն գրողներից մեկի` Համո Սահյանի այս բանաստեղծությունը կամ նրա գոնե առաջին երկու տողը գիտենք բոլորս անխտիր: Եվ այս տողերից այնկողմ կարծես չկա առավել լուրջ հիմնավորում, թե ինչու է այդքան բարդ թողնել սեփական հողն ու ջուրը, վերցնել գաղթականի գավազանն ու հեռանալ երկրից: Հայրենիքից հեռացողները եւս ունեն իրենց քայլն արդարացնող հիմնավորումներ: Դրանք թեեւ պակաս բանաստեղծական են, սակայն հասկանալի: Այսօրվա հարցազրույցն իզուր չէ, որ սկսեցի Սահյանի տողերից: Իմ զրուցակիցը բանաստեղծի որդին է` Նաիրի Սահյանը: Սակայն տարիներ առաջ նա եւս որոշում է ընդունել հեռանալ Հայաստանից:
– Նաիրի՛, Ձեր հայրը ծնվել էր Սիսիանի Լոր գյուղում, նրա համար բանաստեղծության, ներշնչանքի թեմա էին անգամ քարն ու մասրենու թուփը, հնարավոր չէ, որ ազդեցություն չունենար Ձեզ վրա: Սակայն Դուք, այնուամենայնիվ, տարիներ առաջ որոշում կայացրեցիք հեռանալ Հայաստանից: Ինչո՞ւ:
– Դա իմ կյանքի ամենածանր ժամանակահատվածն էր. կորցրեցի մորս, մեկ տարի անց` եղբորս: Աշխատանք չկար, վիճակս շատ ծանր էր, եւ որոշեցի գնալ: Այլ ելք չէի տեսնում: Անկասկա՛ծ ընդունում եմ հորս պոեզիան, պաշտում եմ, «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունը` նույնպես: Սակայն, երբ հանգամանքները մարդուն կանգնեցնում են անդունդի եզրին, արդեն որակդ էլ այն չէ, որ ընկալես այդ բանաստեղծությունը, ընկալումն էլ այլ է: Դրա համար էլ գնում ես այն ճանապարհով, որով հանգամանքներն են քեզ առաջնորդում:
– Անգամ Ձեր հայրանունն ու ազգանո՞ւնը չէին օգնում:
– Հակառակը` խանգարում էին. շփվում ես մարդկանց հետ, ովքեր նախանձում են այդ ազգանվանը, մի տեսակ` սպիտակ ագռավի ես նմանվում: Թեեւ ինքս երբեք հորս փառքից չեմ օգտվել: Ինքն էլ, ասեմ, թույլ չի տվել: Բայց ազգանունդ բավական էր, որ ատելությամբ լցվեն:
– Մեր գրողներից շատերի զավակները, հարազատները այսօր նախընտրում են բնակվել ամենեւին ոչ հայրենիքում: Սեւակի որդին, Շիրազի կրտսեր որդին… Դուք ինչո՞վ էիք զբաղվում Ամերիկայում, եւ ինչո՞վ են զբաղվում նրա՛նք այնտեղ:
– Բոլորն անսահման կարոտած են, բոլորը քրքրվում են հայրենիքից հեռու: Խոսքս զգացմունքային, մտածող մարդկանց մասին է: Օրինակ` Թադեւոսը` Շիրազի որդին, հրաշալի մի անձնավորություն, երիտասարդ, հայրենիքից խոսելիս` միշտ աչքերը լցնում է: Բայց երեւի կան պատճառներ, որոնք ավելի հզոր են, քան կարոտը: Եվ նա տաքսի էր վարում Լոս Անջելեսում, որպեսզի կարողանա ընտանիքը պահել:
– Կարծում եք` նույն աշխատանքը կամ նմանատիպ աշխատանք Հայաստանում հնարավոր չէ՞ր անել, թե՞ այստեղ ազգանունն արդեն իրո՛ք բեռ է դառնում եւ ստիպում այնպիսի աշխատանք կատարել, որից ձեռքերը չեն սեւանում:
– Անկասկած: Ազգանունը բեռ է դառնում, որովհետեւ ապրում ես ոչ քո կյանքով: Այդ ազգանունը ստիպում է ապրել այնպես, որ հանկարծ բիծ չմնա ազգանվանդ վրա: Եվ դու ստիպված ես մոռանալ քո կյանքն ու ապրել ազգանվանդ թելադրած կյանքով: Կարծում եմ` բոլորի մոտ է այդպես: Դրա համար ստիպված գնում են:
– Մեր նախնական զրույցում ասացիք, որ Ամերիկայում օտարն իրեն մարդ չի զգում, եւ եթե ինչ-որ բան անել գիտես, ուղղակի ստրուկի կարգավիճակում ես: Այդ դեպքում նման հոգեվիճակով օտար երկրում ապրելն ինչո՞ւ է ավելի նախընտրելի, քան հայրենիքում ապրելը:
– Կան քայլեր, որոնք օտար տեղո՛ւմ պիտի անես, այստեղ թույլ չես տա: Բայց հիմա ամբողջ աշխարհում կապիտալիստական համակարգ է, որը բոլորին դնում է նույն այդ վիճակի մեջ: Պիտի անես` մի կտոր հացի համար: Չես կարող անել այն, ինչ գիտես, ինչ կարող ես անել: Ես այնտեղ երեք տարի հեռուստատեսությամբ հաղորդում վարեցի, սակայն դա ինձ մի կտոր հաց չտվեց: Ինձ աշխատանք առաջարկեցին` ավտոմեքենաները լվալ, ապա վերցնել ավտոմեքենաների խալիների փոշին: Չկարողացա համաձայնել, թեեւ չգիտեմ` ճի՞շտ արեցի, թե՞ ոչ:
– Ձեր նկարագրած իրավիճակն ու իրականությունն այնքան իրարամերժ են: Եթե իրո՛ք այնտեղ այդքան վատ է, ինչո՞ւ է հատկապես Ամերիկայի հայկական գաղութն անընդհատ մեծանում, համալրվում Հայաստանից արտագաղթողներով:
– 800 դոլար թոշակ են տալիս, տարբեր օգնություններ, մարդիկ սոված չեն մնում:
– Շնորհալի շատ արտիստներ եւս ժամանակին հեռացել են Հայաստանից եւ այժմ բնակվում են Ամերիկայում: Երբ կարճ ժամանակով վերադառնում են Հայաստան, անմիջապես զգացվում է տարբերությունը. Ամերիկայում, կամ, ավելի ճիշտ ձեւակերպենք, այնտեղի հայկական միջավայրում նրանք դառնում են պարզունակ, անհետաքրքիր եւ ռաբիս:
– Այդպես է: Բայց ոչ միայն այնտեղ: Այստեղ էլ նույն միտումն է` անմակարդակ հաղորդումներ, տափակ հումոր, տխրեցնող հումոր…
– Դուք վերադարձել եք եւ պիտի որ ենթագիտակցորեն (կամ գիտակցաբար գուցե) փնտրեք Ձեր հորը` որքանով են հիշում նրան, նրա բանաստեղծությունները:
– Ցավոք, տաքսիրտ մարդիկ քիչ են, թեեւ, երբ գնացի, կային: Մարդիկ չեն կարդում: Աշխատանքի մեջ են, ժամանակ չեն գտնում ընթերցելու: Ինձ թվում է` ժամանակակից քաղաքակրթությունն այնքան է լցված ինֆորմացիայով, որ մարդուն բթացնում է: Ստիպում է մեխանիզմ դառնալ:
– Մեզ դպրոցից սովորեցնում են Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» եւ նմանատիպ այլ բանաստեղծություններ, սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ այդ բանաստեղծությունները ժամանակի հետ կորցնում են իրենց խորհուրդը: Եվ հայրենիքից անվերադարձ հեռանալիս էլ այլեւս անաքրոնիկ է հարցադրումը` ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
– Մեծերը միշտ մնալու են, որովհետեւ ժամանակի հետ նրանց մեծությունն ավելի է ընդգծվում: Ես այսօր կարդում եմ Պլատոն, ով գրել է մեզնից 2400 տարի առաջ, եւ նրան փոխարինել մեկ ուրիշով անհնար է: Այս 2400 տարվա մեջ նրան չի փոխարինել եւ ոչ մի փիլիսոփա: Եվ մեծերից յուրաքանչյուրն էլ իր անփոխարինելի տեղն ունի: Ի դեպ, մեր ազգում փիլիսոփաներ վաղուց չեն ծնվում: Դա էլ է անբացատրելի:
– Ժամանակակից գրողների հետ շփվո՞ւմ եք: Նրանք պիտի որ Սահյանին չմոռանան:
– Չեմ շփվում ժամանակակից գրողների հետ, որովհետեւ, եթե չեմ սխալվում, Գրողների Միությունն ունի մոտ 400 անդամ, որոնցից 2-3-ին եմ ճանաչում: Եվ դա իմ պրոբլեմը չէ: Փաստն այն է, որ այդ 400 հոգուց քանի՞սն է գրող, ժողովուրդը քանի՞ հոգու է ճանաչում: Այնտեղ գնալ չեմ ուզում, եւ հայրս էլ վերջին տարիներին չէր գնում:
– Սիսիանի Լոր գյուղում Ձեր հայրական տունը կա՞:
– Կա, բայց երեւի թալանված:
– Երեւի՞: Ուզում եք ասել` Դուք այնտեղ չե՞ք եղել:
– Եղել եմ, բայց ամեն օր երեւի այդ թալանը շատանում է: Մեկը դուռ է տանում, մյուսը` պատուհան: Երեւի ոմանց այնքան է պետք, որ սկսում են տանել ամեն ինչ:
– Չե՞ք փորձել այն տուն-թանգարանի վերածել:
– Սահյանը տուն-թանգարան չունի: Այսօր կան մարդիկ, ովքեր դեմ են, որ տուն-թանգարանը լինի մայրաքաղաքում` պատճառաբանելով, թե կան տուն-թանգարաններ, որոնք, սակայն, այցելուներ չունեն: Ես չգիտեմ` ո՞վ է իրավունք տվել համեմատելու` ո՞ւմ է տուն-թանգարանը պետք, ո՞ւմ` ոչ: Եթե Սահյանի ազգանունը քիչ է, ուրեմն չգիտեմ այդ մարդկանց որակն ու ճաշակը:
– Երկու տարի անց կնշվի Սահյանի ծննդյան 100-ամյակը: Ենթադրում եմ, որ պետական մակարդակով կնշվի:
– Ես պլանավորում եմ` ինչ պիտի լինի: Գրավոր կներկայացնեմ մարդկանց, ովքեր հիմա պաշտոն ունեն եւ սիրում են Սահյանի պոեզիան: Նրանք խոստացել են, որ կօգնեն: Ցավոք, ես այսօր փող չունեմ` հակառակ դեպքում ինքս ամեն ինչ կանեի: Եվ հետո` այդ ամենը նախեւառաջ հարկավոր է մարդկանց: Թե չէ` ես ինքս կարդում եմ Սահյան, հուզվում եմ…