Ով` ում է ներքաշում

24/09/2011

Վերջերս խմբագրությունը նամակ էր ստացել Սյունիքի մարզից, որում հեղինակը` Գարիկ Հովհաննիսյանը, գրել էր, որ Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները հրաժարվել են իրենց կողմից վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցուն օժանդակելուց: Հուլիսի 30-ին տեղի էր ունեցել Քաջարանի Վերին Հանդի Սրբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, որը վերակառուցել էին Հակոբյանները: Վերակառուցողները, սակայն, ներկա չէին գտնվել օծման արարողությանը: «Հավանաբար պատճառն այն էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հակասության մեջ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ»,- գրել էր հեղինակը: Վերջինս նաեւ գրել էր, որ եկեղեցին վերանորոգողները զլացել են իրենց «համեստ» կարողությունից գոնե եկեղեցական սպասք ձեռք բերել Սուրբ Աստվածածին եկեղեցու համար, որտեղ ժամանակին իրենց պապերն են եղել հոգեւորական: Ըստ նամակագրի` հարցին, թե` Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, մասնավորապես` Մաքսիմ Հակոբյանը, չի՞ օժանդակում, Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ահարոնը պատասխանել է. «Դիմել եմ, բայց մերժում եմ ստացելգ Մաքսիմ Հակոբյանը ձեռքերը լվացել է, մնում է Սյունիքի մարզպետին դիմեմ, ճար չկա, ի՞նչ անեմ, համայնքային կյանք պիտի ստեղծե՞մ, թե՞ ոչ: Աղանդը սկսել է մարդ ուտել, իսկ մենք ափսոսում ենք մեր ազգի հոգեւոր դաստիարակության համար մի բարի գործ կատարել: Քահանան Աստծո ծառան է եւ Եկեղեցու սպասավորը, եւ ամենեւին էլ հաճելի չէ, կամա թե ակամա, ներքաշվել ինչ-որ ճղճիմ հարաբերությունների մեջ»: «Մեր խոսակցության ընթացքում ակնհայտ էր, որ քահանան շատ նեղված էր»,- գրել էր նամակագիր Գ. Հովհաննիսյանը:

Չնայած նամակագրի մտահոգությանը եւ սրտացավ վերաբերմունքին եկեղեցու հանդեպ, այս հրապարակումից հետո բավական տարօրինակ վերնագրով նամակ ստացվեց Տեր Ահարոնից. «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին».

«Մամուլում եւ ինտերնետային կայքերում հրապարակված «Մաքսիմ-Լիսկա հարաբերությունները շարունակվում են» հոդվածը չար կատակ էր ուղղված Եկեղեցու դեմ: Նախ նշենք, որ Մաքսիմ Հակոբյանը դեռեւս Մեղրիում մեր ծառայության ժամանակ մեծ աջակցություն է ցուցաբերել սուրբ Աստվածածին եկեղեցուն. եթե այցելեք, կտեսնեք պարագաների վրա մեծատառերով գրված նրա անուն ազգանունը: Այնուհետեւ, երբ ծառայության կոչվեցինք Կապանի Գեղանուշ գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցում` որպես Հոգեւոր Հովիվ, այնտեղ եւս իր աջակցությունը ցուցաբերեց: Նրա եւ երկու այլ բարերարների անուններով խնձորենիներ են տնկված սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից ծաղկանոց-այգում, խորհուրդ կտանք գնալ եւ տեսնել: Քաջարանի Վերին Հանդի եկեղեցուն այսօր աջակցություն չցուցաբերելը չի նշանակում, որ վաղը չի ցուցաբերի: Մարդկանց արածը ուրանալը մեղք է: Քրիստոսի արած բարերարությանն ի պատասխան`զայրացած ամբոխը` ուրացության քողը գլխին քաշած, մի քանի արծաթի դիմաց գոռում էր. «Խաչը հանիր դրան»: Թե ինչու էր այս «լրագրող» կոչեցյալը մեր խոսքերը զետեղել ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերության մեջ, կարծում ենք, ակնհայտ է. Եկեղեցին քաղաքականացնելու հերթական մի փորձ է: Եկեղեցին չի խառնվում քաղաքականությանը, հեռու մնացեք Եկեղեցուց: Եկեղեցու առաքելությունը մարդկանց հոգիները լուսավորելն ու Քրիստոսի երկրորդ գալստյանը պատրաստելն է»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նամակագիր Գ. Հովհաննիսյանը որեւէ միտում, առավել եւս` եկեղեցին քաղաքականացնելու` չուներ իր նամակով, հետեւաբար Տեր Ահարոնի` նման բովանդակությամբ նամակ-պատասխանից մի բան հաստատ կարող ենք ենթադրել. կամ վերջինս ինչ-որ մեկի դրդմամբ է նման պատասխան ուղարկել, կամ` սխալ է ընկալել նյութը: Եթե եկեղեցականները իրենք իրենց քաղաքականության, բիզնեսի (եւ այլն) մեջ չներքաշեն, ապա որեւէ մեկը նրանց չի ներքաշի: Ինչ վերաբերում է Եկեղեցու առաքելության մասին դասեր տալուն, ապա վատ չէր լինի նման դասեր տրվեին հենց եկեղեցականներին, առնվազն` նրանց ավելի քան 50 տոկոսին:

«168 Ժամ»