Հնագույն թզենին
Թզենին հին աշխարհում հայտնի մշակովի ծառատեսակներից երեւի թե առաջինն է։ Բնության մեջ այն չի հանդիպում անտառներում, ապրում է մոտ 100 տարի, բարենպաստ պայմաններում` մինչեւ 300։ Դրա տերեւներով են ծածկել Ադամը եւ Եվան իրենց մերկությունը։ Հնագույն ժամանակներից թուզը հայտնի է եղել Հնդկաստանում: Ըստ հնագույն մի զրույցի` թզի սերմի մեջ է թաքնված «կյանքի սկզբի գաղտնիքը»։ Հետաքրքիր է իմանալ, որ 1 գրամ պտղամսի մեջ «թաքնված» է 500-900 սերմ, ընդ որում, թզի օգտակարությունն աճում է սերմերի քանակին համապատասխան։ Արաբական թերակղզում թուզը, ինչպես եւ խուրման, փոխարինել են շաքարին, այստեղից թզենին հասել է Եգիպտոս։ Թզենու պտուղների մեջ են թաքցրել այն օձերին, որոնց թույնով ինքնասպան է եղել Կլեոպատրան։ Ըստ Հին Հունաստանի առասպելներից մեկի` զոհաբերությունների աստվածուհի Ցերերան նվիրում է թուզը իրեն բարձրակարգ հյուրասիրության արժանացրած Ֆիտալինային։
Թզենու ճյուղը, տերեւը, պտուղը պատկերված են բազմաթիվ քանդակների եւ որմնախորշերի վրա, դրանցով պարգեւատրել են հին օլիմպիական խաղերի հաղթողներին։ Թզենին պատկանում է թթազգիների ընտանիքի ֆիկուսների ցեղին, գիտական անվանումն է` Ficus carica։ Հայրենիքն է Միջերկրական ծովի Արեւելյան մասը։ Առաջինը բույսը սկսել են մշակել Զմյուռնիայի (Փոքր Ասիա) մոտակայքում, այս մարզը հնում կոչվել է Կարիա (carica)։
Կարծիք կա, թե բույսը Ռուսաստանի հարավ են բերել Գենուայի վաճառականները, մեր ժամանակներում այն մշակվում է Ղրիմում, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մարզերում։
Մեր հայրենիքում թուզը լավ է հարմարվել Մեղրիի, Տավուշի եւ Լոռու մարզերի ցածրադիր գոտու քարքարոտ լանջերին եւ կիրճերում։ Խոնավ գետահովիտներում թզենու բարձրությունը կարող է հասնել 8-10 մետրի, բերքատվությունը հասնում է 20 տոննայի` 1 հա, արմատը տարածվող է, այդ պատճառով այն հաճախ տնկում են հողի հոսունությունը կանխելու նպատակով։ Պտղի մեջ բարձր է խաղողաշաքարի եւ մրգաշաքարի պարունակությունը։ Քաղցր տեսակներում այն կարող է հասնել 20-30 տոկոսի, չրի մեջ` 70։ Թարմ թուզը գրեթե անհնարին է տեղափոխել` դրա շուտ փչանալու պատճառով, լավագույն չիրը ստացվում է ծառի տակից հավաքված գերհասունացած թարմ պտուղներից։ Թարմ թզի կալորիականությունը` 100 կկալ (100 գրամ հումքի մեջ), սպիտակուցի պարունակությունը` մոտ 1,3 տոկոս, չրինը` 210 կկալ եւ մոտ 5 տոկոս` համապատասխանորեն։
Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում եւ ֆոսֆոր։ Այս տարրերի փոխհարաբերակցությունը բարենպաստ է մարդու օրգանիզմի համար։
Թզի պտուղը պարունակում է նաեւ ենթավիտամին A, ասկորբինաթթու, B1, B2, D վիտամիններ, ֆլավոններ, ճարպ, մոտ 1% օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, բորի, թրթնջուկի)։ Տերեւները պարունակում են կումարին։ Հայաստանում թուզը դեռեւս հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժական նպատակներով: Օրինակ` հազի դեպքում օգտագործվել է տերեւների եփուկը` ջրի, կամ պտուղներինը` կաթի մեջ։ Բազմաթիվ օգտակար խորհուրդներ է տալիս Ա. Ամասիացին։ Վրաստանում թզենու եւ եղինջի տերեւների խառնուրդի եփուկով բուժել են դիզենտերիան։
Թուզը խորհուրդ է տրվում ընդգրկել անեմիայով հիվանդների սննդակարգի մեջ, այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը, օգնում է նոր մայրացած կանանց վերականգնել ուժերը, օգտակար է նաեւ հղիության շրջանում։
Թզից պատրաստված օշարակը լավացնում է ախորժակը եւ մարսողությունը, խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։
Թզենու պտուղը, կալիումի զգալի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյունատար անոթների լարվածությունը, լայնացնում եւ թուլացնում դրանք։ Թուզը օգտակար է հիպերտոնիայի եւ վարիկոզի դեպքում։ Պտղամսում պարունակվող ֆերմենտը (ցինին), իջեցնում է արյան մակարդելիությունը եւ նպաստում թրոմբների ներծծմանը։ Թուզն օգնում է տախիկարդիայի դեպքում, ունի արյունաստեղծ հատկություն, օգտակար է լյարդի եւ փայծաղի հիվանդությունների դեպքում։
Թուզը հակացուցված է շաքարախտի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրացման շրջանում։
Հազի դեպքում. 500 գրամ թզի թարմ պտուղները 10-15 րոպե եփեք 1 լ ջրում։ Ավելացրեք 250 գրամ մեղր, 250 մլ կոնյակ։ Խառնեք, պահեք սառնարանում կիպ փակված վիճակում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Օշարակ. Թզի 20 թարմ պտուղը 20 րոպե եփեք 500 մլ եռջրում։ Պտուղները հեռացրեք, վերականգնեք հեղուկի նախնական ծավալը` ավելացնելով եռջուր։ Թուրմի մեջ լցրեք կես կգ շաքարավազ եւ կրկին եփեք` պարբերաբար խառնելով։ Ստացված եփուկի մեջ ավելացրեք 1 ճ/գ կոճապղպեղի փոշի եւ 2 կիտրոնի հյութ։ Լցրեք շշի մեջ եւ պահեք սառնարանում։ Խմեք մեկական դեսերտային գդալ, օրը 3-4 անգամ։
Երիկամախիթ (Ծակծկոց). 2 ճ/գ մանրացրած թզի չիրը 5 րոպե եփեք (ոչ ավել) 300 մլ կաթի մեջ, թրմեք 3 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, մինչեւ վիճակի բարելավում։
Անգինա, բրոնխիտ, տրախեիտ. 2 ճ/գ թզի չրի միջուկը 15 րոպե եփեք 200 մլ կաթի կամ ջրի մեջ։ Հովանալուց հետո ողողեք կոկորդը։ Բրոնխիտի եւ տրախեիտի դեպքում խմեք 100 մլ, առավոտյան եւ երեկոյան։ Օգտակար է նաեւ երիկամներին, խմեք 100-ական մլ, օրը 2-4 անգամ։
Դիզենտերիա. Խառնեք մեկական ճ/գ թզենու եւ եղինջի տերեւները, եռացրեք 15 րոպե 500 մլ ջրում։ Քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 2-3 անգամ, գոլ վիճակում։
Փորկապություն. 250-ական գրամ թզի եւ սալորի չիրը կիսով չափ եփեք 1,5 լ ջրի մեջ, խմեք 100-ական մլ սնվելուց 30 րոպե առաջ եւ հետո, պտուղները կերեք։
Ստենոկարդիա. Մանրացրեք 150 գրամ թզի թարմ պտուղը եւ 2 խոշոր կիտրոն կեղեւով, ավելացրեք 250 գ մեղր, 100 մլ օղի։ Խառնեք։ Խմեք մեկական թ/գ ճաշից եւ ընթրիքից հետո։
Լնդապալար (ֆլյուս). 2 ճ/գ մանրացրած թզի պտուղը 10 րոպե թրմեք տաք ջրի մեջ, եռացրեք 15 րոպե, քամեք։ Կատարեք ողողումներ 2-3 ժամը մեկ` գոլ թուրմով։
Հաստ աղիի բորբոքում (կոլիտ). Մանրացրեք եւ խառնեք 100-ական գրամ սեւ սալորի, ծիրանի, թզի չրերը։ 1 ճ/գ սեննայի տերեւը (Cassia angustifolia), 100-ական գրամ մեղր եւ արեւածաղկի յուղ։ Պահեք սառնարանում, ապա տարայի մեջ։ Կերեք մեկ ճ/գ քնելուց առաջ։ Մեղմացնում է ցավերը։
Մազերն ամրացնող միջոց. 3-4 հատիկ թզի չիրը կտրատեք եւ եփեք արծնապատ տարայում 200 մլ կաթի մեջ։ Թուլացրեք կրակը եւ թողեք եփվի այնքան ժամանակ, մինչեւ ստացվի համասեռ շիլա։ Հովանալուց հետո ներմերսեք մազարմատներին։ Ծածկեք մազերը սրբիչով, 20-30 րոպե անց լվացեք գոլ ջրով։