ՀՀ իշխանությունների կողմից այդքան գովազդվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության աշխատանքների մեկնարկից առաջ ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարել, որի արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի վերջին: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ներկայումս վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում է այդ պաշտոնում իր հորեղբոր որդուն «նշանակելու» համար: Խնդիրն այն է, որ սա սովորական ԾԻԳ չէ եւ տնօրինելու է հայաստանյան չափանիշներով աստղաբաշխական գումարներ: Պատկերացնելու համար, թե խոսքն ինչ ծավալների մասին է, նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 962 մլն դոլար, որից 500 մլն դոլար վարկը տրամադրելու է Ասիական Զարգացման բանկը (ԱԶԲ):