Հայաստանը դո՞ւ ես

20/09/2011

Պարզվում է՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների գլխավոր կարգախոսը՝ «Հայաստանը դու ես», ոչ թե հայրենի PR-շչիկների ստեղծագործ մտքի արգասիքն է, այլ փոխառնված է գերմանացիներից։ Մասնավորապես, դա գերմանական «Du bist Deutschland» (Գերմանիան դու ես) կարգախոսի բառացի թարգմանությունն է, որը օգտագործվել է տարիներ առաջ, միջազգային խաղերի ժամանակ։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է գերմանահայ գիտնական, PR-ի ճանաչված մասնագետ Վազրիկ Բազիլը։ «Գերմանիայում, ի դեպ, այդ լոզունգը միայն ցուցադրելով չէին սահմանափակվում։ Բանվորն էր խոսում, երեխան, ֆուտբոլիստը եւ այլն… Իմաստն այն էր, որ նրանք ցանկանում էին ասել՝ նաեւ մենք ենք պատասխանատու մեր երկրի համար, Գերմանիան միայն նախագահները չեն, Գերմանիան աբստրակտ մի բան չէ։ Գերմանիան մենք ենք։ Մի խոսքով՝ զարմացա, քանի որ պարզապես թարգմանել են մեկ այլ երկրի լոզունգը»,- ասել է Բազիլը։ Հիշեցնենք, որ իշխանական PR-շչիկների կարողությունների հարցում կասկածներ էին ծագել նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Մասնագետները նշում էին, որ Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսի նախատիպը Իտալիայի նախագահական ընտրություններում Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիան» է։