Հայաստանը ՀՀ քաղաքացին է

20/09/2011

Վաղը Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Ավելի պայծառ ու լուսավոր տոն անհնար է գտնել Հայաստանի առնվազն նորագույն պատմության ամբողջ ընթացքում: Ցավոք, անկախության տոնակատարություններին նվիրված արարողությունները, պաշտոնական ելույթներն ու շնորհավորանքները այնքան են լցված կեղծ պաթոսով, որ քաղաքացուն, անկախության իսկական կրողին մի տեսակ հեռացնում են տոնի զգացողությունից: Չնայած, դա որքան ցավալի, նույնքան օրինաչափ խզում է, քանի որ այդպիսին է ոչ միայն անկախության տոնակատարությունը, այլեւ Հայաստանի կյանքն ընդհանրապես: Անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններն այնքան կտրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որքան Հայաստանի իրական, ամենօրյա կյանքն է կտրված իշխանություններից: Այնպես որ, անկախության տոնի առթիվ հնչող ամենակարեւոր բարեմաղթանքը պետք է լինի անկախության ու պետության զգացողությունը քաղաքացուն հասցնելը, ինչը, բնականաբար, նաեւ մեր` քաղաքացիներիս, պարտավորությունն է: Անկախ ամեն ինչից, անկախ անցած 20 տարիների ու ներկայիս բոլոր թերություններից ու դժվարություններից, անկախ իշխանությունների ու ընդդիմության տարաձայնություններից, շնորհավորում ենք բոլորիս ու յուրաքանչյուրիս Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ եւ մաղթում, որ անկախության յուրաքանչյուր հաջորդ տարում մենք ապրենք ավելի ժողովրդավարական, ավելի բարեկեցիկ, ավելի քաղաքակիրթ երկրում: