Անկախ է, բայց ժողովրդավարությունից

20/09/2011

«Հայաստանն իսկապես անկախ է, սակայն անկախ է ժողովրդավարությունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Հայաստանի անկախության թերություններին: «Մինչդեռ Հայաստանն այսօր կախյալ է եւ կախյալ է կոռուպցիայից: Զարմանալի չհնչի` կոռուպցիայից եւ օլիգարխներից կախյալ է հենց կառավարությունը, քանի որ իրենք` օլիգարխներն են որոշում, թե որքան հարկ պետք է վճարեն պետությանը»,- ասել է նա: Ըստ Կիրակոսյանի` Հայաստանի 20-ամյա անկախության հաջորդ` ոչ պակաս էական թերությունը` դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների բովանդակությունն է: «Հայաստանը թերեւս աշխարհի միակ երկիրն է, որն իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայման դիմաց ոչ միայն փող չի վերցնում, այլ նաեւ ծախսեր է կատարում դրա համար»,- նշել է նա` ավելացնելով, որ Հայաստանն այսօր չի վերահսկում իր սեփական սահմանների զգալի մասը: «Սա սուվերենության կոպիտ խախտում է` անկախ հանգամանքից, թե որքանով են բարեկամական կամ ոչ այնքան բարեկամական Հայաստանի հարաբերությունները իր սահմանները վերահսկող օտար պետության հետ»,- ասել է քաղաքագետը: