Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Ս. Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բարեկամ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում, ամրապնդել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները: Այսօր մենք հաջողությամբ ենք բազմապլան կապեր զարգացնում դաշնակցային գործընկերության ոգով: Համատեղ ջանքերով բացում ենք փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առեւտրատնտեսական, ներդրումային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Հուսով եմ, որ ս.թ. հոկտեմբերին սպասվող Ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ քաղաքական երկխոսությունը, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին, կարեւոր դեր խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում»:
Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Նախագահ, ԱՄՆ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: 20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջեւ առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով: Գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ` հարաճուն: Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով»: