«Ոսկյա գրքույկ. օգտակար նույնքան, որքան եւ զվարճալի»

20/09/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Քաղաքական գործչի ելույթները շփման կարեւոր գործիք են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է հիշեցնեն Կառլոս Մեծի սուրը` լինեն երկար եւ տափակ: Համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթ երեւալու ցանկությունը հակառակ տպավորությունն է թողնում, երբ խոսքը ծանրաբեռնվում է բազմաթիվ եւ իրարամերժ անուններով: Ելույթն իր նպատակին ծառայում է հատկապես այն դեպքում, երբ բանավոր է ու անկեղծ: Լավ հռետորները տիրապետում են նաեւ ժամանակին կանգ առնելու արվեստին: Մեր երկրի նախագահի ելույթներից շատերի ավարտին ամենահաճախ ծագող հարցը հետեւյալն է` ո՞վ է նախագահի համար գրում այդ տեքստերը: Տարիքային ո՞ր խմբում է: Ի՞նչ կրթություն ունի: Հայաստանո՞ւմ է բնակվում, թե՞ ոչ: Եվ, վերջապես, ի՞նչ տեսողություն ունի այդ ելույթները գրողը:

Այս հարցերը դարձյալ սկսեցին անհանգստացնել անկախության 20-ամյակի առիթով երկրի նախագահի հերթական ելույթից հետո, որն արտասանեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հարեւանությամբ: «Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ եւ անձեռակերտ (՞- Լ.Ա.) նվաճում: Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն է ստեղծում ու ընդունում այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները»: Այս տեքստի հեղինակն ակնհայտորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չէ, քանի որ հակառակ դեպքում վերոնշյալ տողերն ընթերցելիս` նախագահը կշառագուներ:

Տեսնելով, որ այս միտքը բարձրաձայնելուց հետո առարկություններ չհնչեցին, ներկաները չսկսեցին տարակուսած միմյանց նայել, նախագահը շարունակեց. «Եվ, իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով (քաղաքացին.- Լ.Ա.) պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռեւս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր ժառանգների աչքերում օրինապաշտության եւ իրավունքի կրակը կարդալով` տասնամյակների խորքից կժպտա Թումանյանի հառաչող ծերունին»:

Գրական ճաշակի շուրջ վիճելը պարապ զբաղմունք է: Սակայն նախագահի ելույթի վերջին միտքը թույլ է տալիս պնդել. նա, ով գրում է նման տեքստեր, պետք է րոպե առաջ փոխի աշխատանքի բնույթը: Բացառությամբ մի դեպքի` եթե 14 տարեկանից ցածր է, եւ Դյուման նրա սիրելի գրողն է: Հակառակ պարագայում նա իրեն պիտի թույլ չտար երկրի ղեկավարի ելույթի ամփոփիչ ակորդն այսպես ձեւակերպել. «Եվ, ինչպես Դյուման էր ասում, քանի դեռ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, գալիք հազարամյակների վստահ սպասումով մենք բարձրաձայնում ենք. կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ անկախ երկրի ազատ քաղաքացին»:

Թե ինչ է նշանակում, երբ երկրի նախագահը ցիտում է Ալեքսանդր Դյումային, բարդ է մեկնաբանելը: Դա թողնում է նույն տպավորությունը, ինչ, եթե Սարդարապատի հուշահամալիրի մոտ ունեցած իր ելույթում նախագահն ասեր. «Ինչպես Չարլզ Դիկկենսն է ասում «Դեյվիդ Կոպերֆիլդում», կամ ինչպես իրավացիորեն նշել է Ժորժ Սանդն իր «Կոնսուելո» վեպում»: Սարսափելի վատ չէ, բայց եւ այնպես…

Հրացանակիրների սուսերների անդադար չխկչխկոցի մեջ լսել Դյումայի վերոնշյալ միտքը, դուրս գրել եւ դնել երկրի նախագահի առաջ` ընթերցելու, լուրջ չէ: Թեեւ անկախության 20-ամյա պատմության եւ Դյումայի հայտնի եռագրության միջեւ նմանություններն այնքան էլ քիչ չեն: Տեսանք «Երեք հրացանակիրներին»: Տեսանք անկախության «Քսան տարի անցը»: Առջեւում «Տասը տարի անցն» է: Սակայն, եթե անկախության 20-ամյա ընթացքն այսքան դիպուկ համընկնում է Դյումայի տրամաբանությանը, ապա շարունակությունը պիտի որ չափազանց ձանձրալի լինի:

Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ներկայացրեց իր սիրելի հեղինակին: Եվ նրա անունն էր` Ժյուլ Վեռն: Իսկ Առաջին նախագահի գրական ճաշակը ձգվում է դեպի ոսկեդար:

Սակայն Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ երեք նախագահների ունեցած գիտելիքի պաշարն ու աշխարհայացքի լայնությունը ամենեւին չեն ազդել երկրի կառավարման տրամաբանության վրա: Այն կառավարվել եւ կառավարվում է Ժյուլ Վեռնի եւ Դյումայի ստեղծած ֆանտաստիկ եւ արկածային գրականության ժանրով, 17-րդ դարի կաթողիկոս Եղիազար Այնթապցու` կաթողիկոս ձեռնադրվելու տրամաբանությամբ… Ստացվում է, որ Հայաստանի մասին երկրի նախագահի ստացած ինֆորմացիայի հիմնական աղբյուրը սեփական ելույթներն են: Դրանցում Հայաստանը ներկայացված է առատ լուսավորությամբ: Նրա ելույթների Հայաստանում եւս, ինչպես մեր բոլոր սոցիալական տեսահոլովակներում, բարձրահասակ տղաներն ու բարակիրան աղջիկները դաշտերից երգելով ու պարելով ձմերուկ ու խաղող են հավաքում: Այդ Հայաստանում կադրում բոլորն ուրախությունից գրեթե ճախրում են, իրականում` ցատկոտում բատուտի վրա: Այդ Հայաստանում տարեց մարդիկ չեն երեւում, քանի որ այնքան էլ ֆոտոգենիկ չեն: Կարճ ասած` այդ Հայաստանը մի երկիր է` առանց որի` աշխարհի քարտեզը սոսկ մանկական խզբզանք է:

Հաշվի առնելով մեր ղեկավարների սերը թեթեւ ժանրերի հանդեպ, առաջարկում եմ Դյումայի հատորները ժամանակավորապես ծալել ու դնել մի կողմ: Ձեռքն առնել Թոմաս Մորի «Ուտոպիան» (լրիվ անվանումը` «Ոսկյա գրքույկ. օգտակար նույնքան, որքան եւ զվարճալի` պետության լավագույն կարգի եւ Ուտոպիա նոր կղզու մասին»): Սա գուցե այնքան հեշտ չէ կարդալը, որքան Եղիազար Այնթապցու ձեռնադրման պատմությունը, սակայն անհամեմատ հետաքրքիր է նախագահականում գրվող ելույթի տեքստերից: Թեեւ նույնպես ֆանտաստիկ ժանրից է: