«Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը մեթոդական ճիշտ աշխատանքի մեջ է»,- ասում է PR-ի մասնագետ Վազրիկ Բազիլը

20/09/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վազրիկ Բազիլը գերմանահայ գիտնական է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր եւ Գերմանիայի՝ PR-ի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը։ Հայաստան կատարած այցի ընթացքում հասցրել է ասուլիս տալ, որտեղ բավականին սուր քննադատել էր մեր պաշտոնյաներին՝ ՀՀ-ն արտերկրում պատշաճ կերպով ներկայացնել չկարողանալու համար։ Վ. Բազիլի հետ մեր հարցազրույցը սկսեցինք նրա արտահայտած այն մտքից, որ պետք չէ օտարերկրացիներին ներկայանալ միայն հայկական ժողովրդական պարերով, քանի որ եվրոպացու համար վրացական շուրջպարը, հայկականը թե ադրբեջանականը, մեծ հաշվով նույնն են, եւ տարբերվելու համար պետք է առանձնահատուկ բան ներկայացնել։

Բազմաթիվ գրքերի հեղինակ Վազրիկ Բազիլը գլխավորում է Գերմանիայի Ճառ (speech) գրողների միությունը: Նրա ծառայություններից օգտվել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 2003-2005թթ. նա աշխատել է Բունդեսթագում:

– Ինձ համար կարեւոր է, որ Հայաստանը տարաշխարհիկ երկիր չերեւա։ Երբ օտարերկրացին գա Հայաստան, հայաստանցի պաշտոնյաներին ասի՝ ի՜նչ հետաքրքրական էր ձեր ժողովրդական պարը, բայց 2 օր հետո մոռանա։ Ասում են` «very interesting», հայերն էլ ոգեւորվում են, մտածում են՝ ինչքա՜ն բարձր են գնահատում մեզ։ Եվ այդտեղից սկսվում է ինքնախաբեությունը։ Իրականում ֆրանսիացին ու իտալացին մտածում են՝ խեղճ մարդիկ են, էլի, թող ոգեւորվեն, նոր հանրապետություն է, եւ այլն։ Ամեն ինչի մեջ էլ այդպես է։ Հայ նկարիչը Գերմանիայում նկար է ցուցադրում, որի վրա պատկերված է Մասիս սարը։ Երբ գերմանացին նրան մոտենում է, նա սկսում է պատմել Մասիս սարի ու հայ ժողովրդի պատմության մասին։ Դա նորմալ է, բայց չէ՞ որ մի քիչ էլ պետք է խոսել գեղանկարչության մասին։ Օրինակ, իսպանացի նկարիչը երբեք չի սկսի նկարը թողած՝ Իսպանիայի պատմությունը պատմել։ Դա մի կողմից լավ է, որոշ չափով ծանոթացնում ես քո երկրին, բայց արվեստասեր մարդուն ուրիշ բան է պետք։ Պետք չէ անպայման սկսել մեծ-մեծ բաներից խոսել։ Օրինակ՝ արտասահմանցու հետ առաջին հերթին պետք չէ սկսել խոսել Նարեկացուց, կամ այն փաստից, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել։

– Իսկ ինչի՞ց է պետք խոսել։

– Ավելի հետաքրքիր կլիներ, ասենք, Երեւանը ներկայացնել Կարա-Բալայի աչքերով ու արտասահմանցուն էլ ներկայացնել նրա տեսանկյունից։ Երբ ներկայացնում ենք միայն Մատենադարանի ու Մեսրոպ Մաշտոցի մասին խոսելով, դա չի կարող բավարար լինել։ Պետք է կարողանալ հին բաներին նոր ակնոցով նայել։ Եվ դրա համար պետք է ստեղծագործական մոտեցում։

– Հայաստանում բավական մեծ գումարներ են հատկացվում տարբեր հետազոտությունների ու ծրագրերի վրա։ Այդ թվում նաեւ՝ տուրիզմի զարգացման, մեր երկիրը ճիշտ ներկայացնելու։ Այս տարիների ընթացքում եղե՞լ է, որ Ձեզ դիմեն այդ հետազոտություններին մասնակցելու համար, կամ պարզապես խորհուրդ հարցնեն։

– Ոչ, դա չի եղել։ Բայց ես շատ ակտիվ շփվում եմ Գերմանիայում ՀՀ դեսպանության հետ, եթե հարկ է լինում, իրար հետ տարբեր հարցեր ենք քննարկում։ Բայց Հայաստանում՝ ոչ։

– Դուք դասախոսություն եք կարդացել ճեմարանում, եւ ներկաների դիտարկմամբ՝ հոգեւորականների համար անսպասելի է եղել, որ խոսել եք հայ հոգեւորականների շռայլ կենսակերպի անթույլատրելիության մասին։ Այդ ամենը ինչպե՞ս է ընկալվում դրսում։

– Ես, դժբախատաբար, շատ մանրամասնությունների ծանոթ չեմ, բայց սա, բնականաբար, հակասում է նրան, որ հպարտությամբ հայտարարում ենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգ լինելու մասին։ Այսօր շատ է խոսվում աղանդների ուժեղացման մասին։ Իրականում ոչ թե աղանդներն են ուժեղ, այլ Հայ Առաքելական եկեղեցին բառիս բուն իմաստով տկար է։ Նման երեւույթներն ուժեղացնում են աղանդները։ Աղանդների դեմ պայքարելու փոխարեն` եկեղեցին պետք է ինքն իրենով զբաղվի։ Եվրոպայում եւ մասնավորապես` Գերմանիայում, չեն ընկալում, որ հոգեւորականը հանգրվանում է 5-աստղանի հյուրանոցում։ Կամ, երբ կաթողիկոսի մեքենան (ոչ Հայաստանի) այնպես են ուղեկցում, ասես նախագահի շարասյունը լինի։ Գերմանացին ոչ միայն դա չի ընկալում, այլեւ շատ բացասական է նայում դրան։

– «Wikileaks»-ի հրապարակումները որեւէ կերպ ազդո՞ւմ են երկրի վարկանիշի վրա։ Օրինակ, վերջերս հրապարակվել էր, թե ԱԳ նախարար Էդ. Նալբանյանն ինչպես էր դիվանագետին ոչ վայել «քրթմնջում» ու «փնչացնում» ամերիկացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ։

– Ես էլ նման բաներ բավականին տեսել եմ հայ դիվանագետների մոտ։ Հայաստանն այս հարցով բացառություն չի։ Բոլոր երկրների մասին էլ նման արտահայտություններ եղել են։ Դա, մի կողմից, կարելի է ասել, որ լավ է։ Թեկուզ հենց այն պատճառով, որ այդ հարցի մասին խոսվում է, քննարկվում է։ Դա նպաստում է, որ նույն պաշտոնյաները կամ նրանց հաջորդողները ավելի մեծ ուշադրություն դարձնեն նման բաներին։

– Եթե խոսենք բիզնեսի մասին, Ձեր կարծիքով` բիզնեսի սեփականատիրոջ կերպարը սպառողների կողմից ասոցիացվո՞ւմ է նրանց բիզնեսի, նրանց առաջարկած ապրանքների ու ծառայությունների հետ։ Այսինքն՝ եթե տվյալ բիզնեսի սեփականատերը հասարակության կողմից ընկալվում է որպես անազնիվ ու բացասական կերպար, նրա վաճառած ապրանքը կամ ծառայությունը նո՞ւյնպես կարող է բացասաբար ընկալվել։

– Այո, կա նման բան:

– Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ Հայաստանում բիզնեսի մեծ մասը պատկանում է օլիգարխների, որոնց մեծամասնությունը բացասաբար են ընկալվում հանրության կողմից։ Սակայն նրանց գործերը դրանից ամենեւին չեն տուժում։

– Իսկ ժողովուրդն այլընտրանք ունի՞… (ծիծաղում է.- Բ.Թ.)։ Եթե չունի, ուրեմն ստիպված է խաղողը, մեքենան կամ մեկ այլ բան գնել այդ նույն կերպարներից։ Դրա համար անհրաժեշտ է, որ կամ անձն ու բրենդը փոխկապակցված չլինեն, կամ էլ այդ վարկը, հեղինակությունը ունենան։ Եթե ես դեղորայք եմ գնում, պետք է վստահեմ դեղորայք արտադրող ընկերությանը։ Պետք է վստահ լինեմ, որ այդ դեղը իրականում պարունակում է այն, ինչ գրված է պիտակի վրա։ Եվ հանրային կապի` PR-ի նպատակն այս ոլորտում հիմնականում դա է՝ փորձել վստահություն շահել։ Եթե իրական, արդար մրցակցություն լինի, դա կստիպի բիզնեսմեններին վստահություն շահել։ Եթե մոնոպոլիաներ չլինեն, ու սպառողը ընտրության հնարավորություն ունենա, հանրային կապի արժեքը կմեծանա։ Իսկ եթե միապետական բարքերով ենք ապրում, ապա հանրային կապը բոլորովին իմաստ չունի։ Ընդ որում, ես նկատի չունեմ մրցակցություն միայն բիզնեսի մեջ։ Ամեն տեղ պետք է լինի մրցակցություն՝ կրթության մեջ, պետական գերատեսչությունների միջեւ։ Օրինակ` Գերմանիայում նախարարությունների միջեւ իրական մրցակցություն կա, թե ո՞ր մեկն է ավելի լավ վերաբերվում քաղաքացիներին։ Կարեւոր է նաեւ միջազգային մրցակցությունը։ Հայաստանը որքան միջազգային լուսարձակի տակ լինի, այնքան` ավելի լավ։ Միգուցե քննադատությունը ավելի շատ լինի, բայց դա միայն կօգնի։ Պետք չէ կրիայի նման պատյանի մեջ կծկվել, խուսափել համեմատություններից կամ, լավագույն դեպքում, սահմանափակվել միայն հարեւանների հետ մրցակցելով։ Շատ պաշտոնյաներ ասում են՝ ինչո՞ւ եք մեզ համեմատում Հոլանդիայի կամ Շվեյցարիայի հետ։ Մեզ համեմատեք մեր տարածաշրջանի հետ։ Բնական է, որ այդ առումով համեմատությունը իրենց շատ ավելի հաճելի կլինի, բայց՝ որակական ոստյուն չի լինի։

– Մենք խոսում ենք միջազգային մրցակցությունից, սակայն ակնհայտորեն զիջում ենք անգամ տարածաշրջանում։ Օրինակ՝ միջազգային լրահոսում Հայաստանը գրեթե չի հիշատակվում, մինչդեռ հարեւան Վրաստանի ցանկացած իրադարձություն հայտնվում է արեւմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

– Ուրեմն Հայաստանը պետք է մտածի` ինչպե՞ս փոխել իր նկատմամբ միջազգային վերաբերմունքը։ Օրինակ, կարծում եմ, որ կոնկրետ երկրներում մեր դեսպանատները պետք է հանրային կապերով զբաղվող որեւէ լուրջ կենտրոնի միջոցով ուսումնասիրեն տվյալ երկրի հասարակության կարծիքը Հայաստանի մասին։ Ասենք, Իտալիայի մեջ հարցում անեն շարքային քաղաքացիների շրջանում, թե «Հայաստան» բառն իտալացու մոտ ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում։ Նման տվյալներ, որքան ես գիտեմ, գոյություն չունեն։ Մինչդեռ դա շատ կարեւոր է արտաքին քաղաքականությունը ճիշտ կազմակերպելու, ճիշտ ներկայացնելու համար։ Միգուցե օտարերկրյա առանձին պաշտոնյաների, դիվանագետների կարծիքը մերոնք ուսումնասիրում են, բայց դա միայն մի մասն է։ Կարեւորը մասսան է, որովհետեւ ժողովուրդն ազդեցություն ունի դիվանագետների վրա։ Մասսայի կարծիքն է պետք ուսումնասիրել։ Մինչդեռ այսօր ասում ես` «Armenia», հարցնում են` «Romaniaգ»գ Եթե այդպես է, ուրեմն շատ անելիք կա։

– Դրսի երիտասարդները Հայաստանն ասոցիացնում են նաեւ Քիմ Քարդաշյանի հետ…

– Ինձ համար նման զուգորդումը մի քիչ տարօրինակ է։ Բայց եթե երիտասարդության մոտ Քիմ Քարդաշյանը դրական երեւույթ է, պետք է հույս ունենանք, որ Քիմ Քարդաշյանի շնորհիվ Հայաստանի հետ էլ ինչ-որ դրական զուգակցումներ կստեղծվեն (ծիծաղում է.- Բ.Թ.)։ Ես մեկ ուրիշ բան պատմեմ։ Գերմանացի պաշտոնյաներից մեկի անունը Տիգրան էր։ Ինձ հետաքրքրեց, ես նրան հարցրեցի՝ հա՞յ եք։ Ասաց՝ ոչ, հայ չեմ։ Պարզապես հայրս շախմատի մեծ սիրահար էր, եւ երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ ինձ անվանակոչեց նրա պատվին։ Այս դեպքում, երբ հայն ասոցիացվում է շախմատի հետ, ապա դա միանշանակ լավ է։ Վերադառնալով դիվանագետների թեմային՝ նշեմ, որ նրանք պետք է ոչ թե բնազդի վրա հիմնվելով դատողություններ անեն, այլ պարբերաբար նման ինֆորմացիա հավաքեն։ Դեսպանատունը պետք է տվյալ երկրի մամուլը մանրամասն կարդա ու վերլուծի, թե Հայաստան բառը քանի անգամ է գործածված, ինչ կոնտեքստում, ինչ ոլորտում, ինչ տեղեկություններ են փոխանցվում եւ այլն։ Պետք է վերլուծի ու ԱԳՆ-ին տեղյակ պահի, ոչ թե հիմնվի «ինձ թվում է»-ի վրա։ Միայն այդ դեպքում է հնարավոր ճիշտ որոշումներ կայացնել ու ճիշտ ներկայանալ աշխարհին։

– Իսկ Սփյուռքը պատրա՞ստ է այդ հարցում օգնել Հայաստանին։

– Սփյուռքի հարցում էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Սփյուռքում քիչ հարուստներ կան, ովքեր լեցուն գրպանի հետ` նաեւ լեցուն ուղեղ ունեն։ Այսինքն՝ Սփյուռքի հարուստները հիմնականում շոշափելի բաների վրա են ներդրումներ կատարում (ասենք՝ շենքի), մինչդեռ մենք պետք ունենք ուղեղի վրա կատարվող ներդրումների։ Կրթությունը անշոշափելի է, գլուխդ եթե խփես կրթությանը՝ չի ցավի, համ էլ չունի, բուրմունք էլ չունի։ Դրա համար էլ կրթության վրա ներդրումներ չկան։ Դպրոցի շենքը կկառուցեն, բայց ուսուցչի վրա գումար չեն ծախսի։ Հոգեւորականի ճիշտ կրթության վրա գումար չեն ծախսի, բայց եկեղեցու շենքի վրա կծախսեն։ Սփյուռքահայ մեծահարուստը ճաշարանի վրա գումար կդնի, որովհետեւ ճաշարանը տեսանելի է, եւ ճաշարանի վրա ցուցանակ կդնի իր հոր կամ մոր անունով ու ամբողջ կյանքը կհիանա։

– Կարծիք կա, որ Սփյուռքում հայերը միասնական չեն, եւ դա խանգարում է լուրջ ձեռքբերումների հասնելու գործում։ Այդ մասին ի՞նչ կասեք։

– Այդ հարցում ես իմ տեսակետն ունեմ։ Մարդիկ նույնը չեն։ Օրինակ, Մյունհենի հայ համայնքում ամեն մասնագիտության մարդ կա՝ բժիշկ, դերձակ, բանվոր, ճարտարապետ եւ այլն։ Դժվար է այս բոլոր մարդկանց մեկ հարկի տակ բերել։ Հետաքրքրությունները, նյութական վիճակը տարբեր է։ Կան մարդիկ, ովքեր նույն հայ համայնքի անդամ են, սակայն միմյանց հետ ընդհանուր խոսելու թեմա չունեն։ Դժբախտաբար, մենք ունենք այդ ինքնախաբեությունը, որ մեկ համայնք կա, եւ ուրախ ենք, որ երկուսը չկա։ Բայց ի՞նչ էր արդյունքը։ Եթե համայնքում կար 500 հայ, դրանցից միայն 50-ն էին գալիս մեր ակումբը։ Ես համոզված եմ, որ եթե եւս 2 համայնքային կառույց լիներ, եւս 100-ը կգնային այնտեղ։ Ինձ համար բազմազանությունը նույնիսկ կարեւոր է։ Թող առանձին լինեն մշակութային, հոգեւորական, սպորտային եւ այլ համայնքներ, որտեղ ամեն մեկը իր համար հետաքրքրություն կգտնի։ Իհարկե, թող միմյանց հետ գործակցեն։ Բայց չլինի մեկ համայնք, որտեղ նստած լինեն չածիլված երիտասարդներ եւ շխկոցով նարդի խաղան։ Բնական է, որ շատ ծնողներ կարող են չցանկանալ, որ իրենց երեխան հաճախի այդտեղ։ Այսինքն` ես ասում եմ՝ միությանը՝ այո, մեկությանը՝ ոչ։ Դրա համար կարեւոր չէ, թե քանի համայնքային կառույց կա։ Կարեւորն այն է, որ կարողանան մարդկանց, հատկապես երիտասարդներին, ներառել։ Այնպես որ, Չարենցի խոսքերը` «ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ես կվերաձեւակերպեի՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը մեթոդական ճիշտ աշխատանքի մեջ է։

– Այս օրերին Երեւանում եք ու երեւի նկատել եք աշխուժությունը՝ կապված անկախության 20-ամյակի միջոցառումների տոնակատարությունների նախապատրաստման ու ռազմական շքերթի փորձերի հետ։ Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կգնահատեք այս ամենը։

– Ռազմական շքերթը՝ որպես խորհրդանիշ, միգուցե անհրաժեշտ է, դրանից հրաժարվելը իմաստ չունի։ Սա պետք է որպես խորհրդանիշ մնա։ Բայց ինձ համար ավելի ցանկալի կլիներ առաջին հերթին գումարները ծախսել, օրինակ, զինվորներին (ովքեր խնդիրներ ունեն) հոգեբանական օգնություն ցույց տալու վրա։ Ինձ համար դա ավելի նախընտրելի է, քան շքերթի համար օգտագործվող զգեստների կամ այլնի վրա։

Ինչ վերաբերում է «Հայաստանը դու ես» կարգախոսին, ապա ես զարմացա այն լսելով։ Դա գերմանական «Du bist Deutschland» (Գերմանիան դու ես) կարգախոսի բառացի թարգմանությունն է, որն օգտագործվել է տարիներ առաջ, միջզագային խաղերի ժամանակ։ Գերմանիայում, ի դեպ, այդ լոզունգը միայն ցուցադրելով չէին սահմանափակվում։ Բանվորն էր խոսում, երեխան, ֆուտբոլիստը եւ այլնգ Իմաստն այն էր, որ նրանք ցանկանում էին ասել՝ նաեւ մենք ենք պատասխանատու մեր երկրի համար, Գերմանիան միայն նախագահները չեն, Գերմանիան աբստրակտ մի բան չէ։ Գերմանիան մենք ենք։ Մի խոսքով՝ զարմացա, քանի որ պարզապես թարգմանել են մեկ այլ երկրի լոզունգը։