Սարգսյանների ԾԻԿ-երը

20/09/2011

ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ էր հայտարարել:

ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Կարեն Բադալյանն է: Թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի վերջին: Մեր տեղեկություններով, սակայն, «մրցույթը» տվյալ դեպքում ձեւական է լինելու, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է պաշտոնում տեսնել իր հորեղբոր որդուն` Հրայր Սարգսյանին, ով «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրենն է: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանի հարազատ եղբայրներից մեկը` Արմեն Սարգսյանը, 2008թ. նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան: Մյուս եղբայրը` Աշոտ Սարգսյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ֆինանսական գծով փոխտնօրենն է:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 962 մլն դոլար, որից 500 մլն դոլար վարկը տրամադրում է Ասիական Զարգացման բանկը (ԱԶԲ): Միջոցները Հայաստանին հատկացվում են 32 տարով, որից 8 տարին` արտոնյալ ժամկետով: Արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, իսկ հետագայում` 1,5%գՎարկային պայմանագրով նախատեսված է յոթ տարվա ընթացքում վերակառուցել Ագարակ-Կապան-Երեւան-Բավրա ավտոմոբիլային ճանապարհը:

Հայկական կողմից այս ծրագրի համաֆինանսավորումը կկազմի 462 մլն դոլար: Այդպիսով, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 962 մլն դոլար: Ասիական բանկի վարկային միջոցները Հայաստանին կհատկացվեն առանձին տրանշներով: 2011թ. մայիսին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենը վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր ստորագրեցին քաղաքային ենթակառույցների եւ կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ: Ծրագրի առաջին մասնաբաժինը` 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, հատկացվելու է Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար: Ըստ համաձայնագրի` նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ եւ տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաեւ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում:

ՀՀ կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», որի ընդհանուր արժեքը 1-1.5 միլիարդ դոլար է, նախատեսվում է իրականացնել առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Ծրագրի կառավարումն իրականացնում է ՀՀ վարչապետին կից ստեղծված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհուրդը: Ծրագիրը իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներքո հիմնադրել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունը» (ԾԻԿ), որն անմիջականորեն հաշվետու է Կառավարման խորհրդին: Գործադիր տնօրենի հետ պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով` հետագայում երկարաձգվելու հնարավորությամբ: Գործադիր տնօրենի պաշտոնը չի հանդիսանում քաղաքացիական ծառայության պաշտոն:

Հիշեցնենք, որ ժամանակին վարչապետ Տ. Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի ընդունվելու կարծրատիպն այլեւս անընդունելի է իշխանությունների համար: Շատ կարճ ժամանակ անց, սակայն, նրա հարազատներն էլ հասկացան, որ պարտադիր չէ, որ նրա ամեն ասածն իրականությանը համապատասխան լինի: Նրա այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Տ. Սարգսյանի մյուս եղբայրը` Արմեն Սարգսյանը, նշանակվեց Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: