Եվս մեկ մանկապարտեզ կքանդվի

20/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ «Facebook» սոցիալական ցանցը ողողված էր Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի մասին նյութերով եւ մեկնաբանություններով: Երեկ խմբագրություն էին դիմել մանկապարտեզի սաների որոշ ծնողներ։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանն օրեր առաջ թիվ 26 մանկապարտեզի սաների ծնողներին հրավիրել է հանդիպման: Հանդիպումն իր բնույթով շատ հետաքրքիր է եղել, քանի որ նա մանկապարտեզի սաների ծնողներին հրավիրել է ոչ թե նրանց կարծիքը լսելու եւ քննարկելու, այլ ծնողներին իր որոշման մասին տեղեկացնելու: Այն է` թիվ 26 մանկապարտեզը մեկ ամսից քանդվելու է: Էդ. Մուշեղյանը, սակայն, դիմելով խորամանկության` շատ հեռվից է եկել, մասնավորապես ահազանգելով, որ մանկապարտեզի շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, հետեւաբար այնտեղ հաճախող երեխաների կյանքը վտանգված է: «Մենք շատ վիրավորված եւ վրդովված ենք, որովհետեւ չի կարելի հանուն սեփական շահի նման տագնապ առաջացնել ծնողների մոտ: Չէ՞որ մեր մեջ մարդիկ կան, ովքեր իրենց երեխաներին 8 տարի շարունակ այդ մանկապարտեզին են վստահում: Հիմա հանկարծ պարզվեց, որ էդ շենքը կարող է ցանկացած պահի փլվել ու մեր երեխաների հետ էլ անկանխատեսելի բան կատարվել: Կեղծիքի ու վախի միջոցով փորձում են այս շենքին տիրանալ»,- ասում են սաների ծնողները, ովքեր Մուշեղյանի հայտարարած տագնապից հետո մանկապարտեզի ղեկավարությունից շենքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր են պահանջել: Պարզվել է` մանկապարտեզի շենքը վաղուց ճանաչվել է 3-րդ աստիճանի վթարային, որը, ճիշտ է` վերանորոգման կարիք իսկապես ունի, սակայն այն վիճակում չէ, որ անհրաժեշտություն կա հիմնովին քանդելու եւ նորը կառուցելու: Ինչեւէ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը մանկապարտեզի սաների ծնողներին տեղեկացրել է, որ մեկ ամսից երեխաները տեղաբաշխվելու են տարբեր մանկապարտեզներում, որպեսզի թիվ 26 մանկապարտեզը քանդեն: Այնուհետեւ տեղեկացրել է, որ նախապատրաստվում է բիզնես ծրագիր, համաձայն որի` կառուցապատողը մեկ տարում 220 մլն դրամ ներդնելով` մանկապարտեզի նոր շենք է կառուցելու: Ընդ որում` մանկապարտեզը կառուցվելու է 600քմ ընդհանուր մակերեսի վրա, որը նախատեսված է 120 երեխաների համար: Հետաքրքիրն այն է, որ թիվ 26 մանկապարտեզի միայն շենքը զբաղեցնում է 1200քմ, իսկ բակային տարածքը ներառյալ` ընդհանուր մակերեսը 2400քմ է: Նոր մանկապարտեզի շենքի կառուցապատողին ոչ ավել, ոչ պակաս տրամադրվելու է մանկապարտեզի 2400քմ կազմող հողատարածքի 1200քմ տարածքը` բազմաբնակարան, էլիտար շենք կառուցելու համար: Մանկապարտեզի սաների ծնողները վստահեցնում են, որ Փափազյան 8 հասցեում գտնվող այս մանկապարտեզը եկող-գնացող թաղապետերի համար «յուղոտ պատառ» է եղել, եւ շենքի քանդման վերաբերյալ տեղեկություններն արդեն 10 տարվա վաղեմություն ունեն: Համառ պայքարի արդյունքում այն չի քանդվել, սակայն Էդ. Մուշեղյանը վճռական է տրամադրված, եւ այդ բիզնես-ծրագիրն արդեն գուցեեւ հաստատված է: «Թույլ չենք տալու, դիմելու ենք բոլոր հնարավոր պետական մարմիններին, եւ եթե անհրաժեշտություն լինի` նաեւ հասարակական շարժում ենք ստեղծելու: Ով եկավ` աչքը տնկեց էս շենքի վրա: Արաբկիրում էլ ազատ տեղ չի մնացել, հիմա էլ երեխաների հաստատությունն են վերացնում, ինչ է թե` բիզնես շահ ունեն: Մանկապարտեզի բակային տարածքի այս խաղահրապարակի տաղավարները մենք մեր միջոցներով ու մեր ձեռքերով ենք ներկել ու կառուցապատել: Անգամ սանհանգույցը ծնողների հովանավորությամբ է գնվել եւ տեղադրվել: Էդ. Մուշեղյանը երկու կոպեկ ներդրում չի արել, որ հիմա էլ տարածքը զավթում է: Նա մեզ կանչել էր տեղեկացնելու, ոչ թե մեր կարծիքի հետ հաշվի նստելու: Հարցը տալիս էինք, բայց պատասխանելու փոխարեն` շատ ագրեսիվ տոնով իր որոշումն էր պարզաբանում»,- ասում է մանկապարտեզի սաներից մեկի ծնողը` Աննա Կարապետյանը, ով, ինչպես եւ մյուս բոլոր ծնողները, շատ վիրավորված է թաղապետի վերաբերմունքից: Ի դեպ, արժանանալով ծնողների դիմադրությանը` Էդ. Մուշեղյանը նրանց անվանել է էգոիստներ` բացատրելով, որ պետք է նաեւ մտածել ապագա սերնդի մասին: «Մեզ ասում է` ինչքանո՞վ է ձեզ հաճելի, որ չորս երեխա բոմժի պես հետեւներիցդ գցած` տանում եք մանկապարտեզ: Այսինքն` եթե մեր երեխաները հաճախում են անվճար մանկապարտեզ, ուրեմն` բոմժե՞ր ենք: Շատ ագրեսիվ եւ անհարգալից պահվածքով, ոչ կոռեկտ արտահայտություններով դիմեց մեզ: Նախ` հարցը տալիս էինք, բայց այդպես էլ պատասխան չէինք ստանում, երեք անգամ միեւնույն հարցը հնչեց, բայց նրան ձեռք չէր տալիս պատասխանելը: Ասաց, որ շենքն էնպիսի վթարային վիճակում է, որ ամեն վայրկյան կարող է փլվել երեխաների գլխին: Երեք անգամ հարցրեցի` պրն Մուշեղյան, եթե էդպիսի վտանգ կար, չէ՞ որ ես ութ տարի շարունակ իմ երեխաներին բերում եմ այդ մանկապարտեզ, ինչո՞ւ որեւէ անգամ չի զգուշացվել այդ մասին, ի՞նչ իրավունքով են ընդունել իմ երեխաներինգ ոչ մի պատասխան: Ելնելով իր շահերից` նա օդի մեջ հայտարարություն արեց, որպեսզի ծնողները խուճապահար լինեն»,- ասում են ծնողները` պնդելով, որ ՀՀ բոլոր պետական մանկապարտեզների շենքերը գրեթե նույն վիճակում են եւ վերանորոգման անհրաժեշտություն ունեն, բայց խիստ վթարային չեն: Ծնողներից Մարինե Հարությունյանն էլ վստահեցնում է, որ նախատեսված 600քմ հողատարածքի վրա մանկապարտեզի նորակառույց շենք եւ կից տարածքում էլ` բազմաբնակարան շենք կառուցելու դեպքում մանկապարտեզն ընդհանրապես կզրկվի բակային տարածքից: Ծնողներից շատերը հավաստիացնում են, որ երեխաներին բերում են մանկապարտեզ զուտ նրա համար, որ իրենց բնակելի տարածքում խաղահրապարակներ չկան, հետեւաբար երեխաները գոնե մանկապարտեզում անվտանգ տեղաշարժվելու, վազվզելու հնարավորություն ունեն: «Թող վերանորոգեն, մենք միայն շնորհակալ կլինենք: Միայն թե պետք չի վերանորոգման պատրվակով շենքը քանդել ու դրա վրա բիզնես անել: Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե մեր երկրում` ինչ` ինչպես է կատարվում: Որեւէ երաշխիք չկա, թե մանկապարտեզը քանդելուց հետո ինչ ճակատագիր կունենա այն»,- վրդովված ասում է Նառա Սերոբյանը` հավելելով, որ մանկապարտեզի սաների բոլոր ծնողները միակարծիք են եւ պայքարելու են մինչեւ վերջ: Ծնողներից Արթուր Ղազարյանը հիշեցնում է Նալբանդյան փողոցի թիվ 106 մանկապարտեզի շենքի պատմությունը, որի կառուցապատման նախապատվությունը հանձնեցին «Ավագշին» կազմակերպությանը. «Օրենքն այնտեղ հակասություն չառաջացրեց` հաշվի առնելով մանկապարտեզի գերատեսչական պատկանելությունը: Թիվ 26 մանկապարտեզը համայնքային սեփականություն է: Ըստ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30 հոդվածի 4-րդ կետի` «Պետական, համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատության շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով: Այսինքն, եթե պրն Մուշեղյանն ուզում է օտարել գոնե կես քառակուսի մետր հող նախադպրոցական ուսումնական հաստատության նյութական բազայից, ուրեմն` նա պետք է դիմի Ազգային ժողով: Նա իրավունք չունի օրենքը շրջանցելով բիզնես անել մանկապարտեզի շենքի հաշվին»:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդ. Մուշեղյանը թիվ 26 մանկապարտեզը քանդելու եւ նորը կառուցելու որոշումը բացատրում է նաեւ սաների մեծ թվաքանակով: Վերջինս ասել է, իբր այս մանկապարտեզն ի զորու է ընդունել 100 երեխա, մինչդեռ դիմողների թիվն ավելին է: Ըստ նրա, նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար: Մեր տեղեկություններով` Արաբկիրի թիվ 30 եւ 32 պետական մանկապարտեզների շենքերում գործում են նաեւ մասնավոր մանկապարտեզներ: Հետեւաբար հարց է ծագում` ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը թույլ տալիս նման գործունեություն, եթե պետական մանկապարտեզների պահանջարկն ավելի մեծ է, իսկ պետական շենքերը ծանրաբեռնված են մասնավոր գործունեությամբ: Նշյալ երկու պետական մանկապարտեզների շենքերում գործող մասնավոր մանկապարտեզների ամսական վարձավճարը 50.000-60.000 դրամ է: Ասում են` մասնավոր մանկապարտեզի սաներն օգտվում են հենց այդ նույն պետական մանկապարտեզի խոհանոցից եւ որեւէ առավելություն չունեն: Արաբկիրում նաեւ մի հետաքրքիր ավանդույթ կա. Երբ պետական մանկապարտեզների տնօրենների կենսաթոշակային տարիքը լրանում է` այդ պաշտոնը նրանք հանձնում են իրենց աղջիկներին, իսկ իրենք դառնում են նույն տարածքում գործող մասնավոր մանկապարտեզի տնօրեն: Ճիշտն նույն մոդելն է գործում թիվ 30 եւ 32 մանկապարտեզների պարագայում: Նաեւ նշենք, որ Արաբկիր վարչական շրջանը համարվում է մասնավոր մանկապարտեզներով գերծանրաբեռնված համայնք, եւ պետական մանկապարտեզի կարիք իսկապես կա:

Հ. Գ. Մեր տեղեկություններով` թիվ 26 մանկապարտեզի տնօրեն Զվարթ Զաքարյանը երեկ թաղապետարանում հրավիրված ժողովին չի մասնակցել: Էդ. Մուշեղյանը հրահանգել է տնօրենին նկատողություն տալ: