Ի՞նչը կարող է հանգեցնել նոր պատերազմի

17/09/2011

«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը Ղարաբաղի շուրջ նոր բախումների հնարավորության մասին զեկույց է հրապարակել: Ըստ կենտրոնի վերլուծաբանների` Կազանի հանդիպման ձախողումն է՛լ ավելի է խթանել Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանությունը. Բաքվում սկսել են ավելի բացահայտ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելու անխուսափելիության մասին: Զեկույցի հեղինակների դիտարկմամբ, սակայն, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված ուժերի սահմանափակ կարողությունը: Եվ չնայած Ադրբեջանի բանակին պետբյուջեից տրվող խոշոր հատկացումներին, զեկույցի վերլուծաբանների պնդմամբ` զինված ուժերի իրական մարտունակությունը տպավորիչ չէ: Միաժամանակ «Oxford Analytica»-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով տեղակայված ադրբեջանական ուժերի ցածր որակն ինքնին վտանգավոր գործոն է, քանի որ անորակ ստորաբաժանումների ոչ պրոֆեսիոնալ եւ վատ հաշվարկված անկանխատեսելի գործողությունները կարող են հանգեցնել նոր պատերազմի: