ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել

17/09/2011

ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, շարունակելու է աշխատանքները ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ: Այս մասին, «Trend»-ի փոխանցմամբ` Հարավային Կովկասի անկախության 20-ամյակին նվիրված կոնֆրերանսին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով բաժնի ղեկավար Ջասթին Ֆրիդմանը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ` Վրաստանի ինքնիշխանությանը: Ֆրիդմանը նշել է, որ ամերիկյան վարչակազմը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ինքնիշխանության ամրապնդման հարցում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի վերջիններս կարողանան ապրել խաղաղության պայմաններում, զարգացնել իրենց տնտեսական ներուժը, կառուցել ժողովրդավարական կառավարման համակարգ եւ պաշտպանել ազատությունն ու իրենց քաղաքացիների անձնական ազատությունները: «Տարածաշրջանում խաչվում են 3 գերտերությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը, որոնք Հարավային Կովկասում տարբեր եւ հակասական շահեր ունեն: Հարավային Կովկասի երկրների տնտեսությանն ու ժողովրդավարական կառույցներին հետագա աջակցությունը թույլ կտա այդ պետություններին դառնալ ավելի կայուն եւ լուծել իրենց անվտանգության խնդիրները»,- ասել է Ֆրիդմանը: