Ստալինյան բռնապետական այս տրամաբանությամբ են մեր իշխանությունները շարունակում լուծել իրենց կառավարած երկրի քաղաքացիների խնդիրները: Համենայնդեպս, այլ բնորոշում հնարավոր չէ գտնել, երբ օրեցօր շատանում են սոցիալական ծանր վիճակից բխող ինքնասպանությունները, երբ «պետական կարիքների» անվան տակ մարդկանց «տարականների» նման տրորում ու փողոց են շպրտում, երբ միակ այլընտրանքը մնում է մահը կամ փախուստը Հայրենիքից:
Օրեցօր ավելացող նմանատիպ փաստերի ֆոնին գուցե արդեն շատ աննշան թվա այն, որ «պետական կարիքների» համար սեփական բնակարանից զրկված 67-ամյա մի կին կաթված է ստացել, սակայն այս մի «աննշան» դեպքի ելքով կորոշվի՝ պետության «հոգսը» մեկով կպակասի՞, թե՞ նույնը կմնա:
Բուզանդի փողոցի 22 բնակարանի բնակիչ Լիլյա Ղազարյանը կաթվածահար տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երկու ժամ տանից բացակայելուց հետո Լ.Ղազարյանը վերադարձել եւ տեսել է` տարիների քրտինքով ստեղծած տունն այլեւս գոյություն չունի: Թեեւ ԴԱՀԿ-ն 24.10.2005թ. որոշել էր պետական կարիքների համար վերցվող այս բնակարանի տիրոջը վտարել 18.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ փոխհատուցելուց հետո, սակայն հետո հավանաբար մտածել են, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում՝ կարելի է նաեւ վտարել, հետո՝ փոխհատուցել: Եվ առանց բնակչին տեղյակ պահելու` դատարկել են բնակարանը, քանդել աստիճանավանդակը, որպեսզի ծեր կինը որեւէ կերպ չկարողանա հասնել երրորդ հարկի իր բնակարանը: Փողոցում հայտնված 67-ամյա կինը գիշերել է ընկերուհու մոտ, որտեղից եւ շտապօգնության մեքենան նրան, կաթվածահար վիճակում, տեղափոխել է հիվանդանոց: «Ես ու քույրս ստալինյան բռնապետությունից հրաշքով փրկված մարդիկ ենք, ուրիշ ոչ մի հարազատ չունենք»,- պատմում էր Լիլյա Ղազարյանի 65-ամյա քույրը՝ Լյալիկ Ղազարյանը: Լյալիկ Ղազարյանն ամուսնու, դստեր եւ թոռան հետ բնակվում է մեկսենյականոց բնակարանում: «Լիլյային վտարելուց հետո որոշեցինք, որ նա գոնե մի քանի օր գիշերի ընկերուհուս տանը, որովհետեւ մեր բնակարանում ընդհանրապես տեղ չկար՝ մինչեւ այդ փոխհատուցման գումարը կստանայինք ու ինչ-որ բան կձեռնարկեինք։ Մենք ուրիշ ոչ մի հարազատ չունենք, որոնց օգնությանը դիմենք,- լաց լինելով պատմում էր տիկին Լյալիկը, ով սարսափած մտածում է նաեւ՝ եթե քույրը բարեհաջող հիվանդանոցից դուրս գա, որտե՞ղ պետք է բնակվի, ինչո՞վ պետք է հոգան բուժման եւ այլեւայլ խնդիրներ:- «Գոնե այդ փոխհատուցման գումարը հիմա տան, ախր նույնիսկ դեղերի փողը չենք հասցնում արդեն, իմ ընտանիքից էլ մենակ աղջիկս է աշխատում»: Լիլյա Ղազարյանի վիճակը բժիշկներն առայժմ գնահատում են կայուն ծանր, հարազատներին նույնիսկ չի թույլատրվում հիվանդասենյակ մտնել, եւ պարզ չէ՝ ստալինյան բռնությունների հետեւանքները հաղթահարած այս կինը կհաղթահարի՞ ազատ, անկախ մեր Հայրենիքի ոչ պակաս բռնապետական բարքերը եւ արդյո՞ք դուրս կգա հիվանդանոցից, թե՞ իր մահով պետության հոգսը մեկով էլ կպակասեցնի:
Բուզանդի փողոցում այժմ «պետական կարիքներին» խիստ անհրաժեշտ՝ չքանդված մի տուն է ընդամենը մնացել՝ Բուզանդի 25, բնակարան 16-ը: Բնակիչներն արդեն չորս օր է ջրազրկված են, անջատված է հեռախոսակապը: Այս ընտանիքի անդամներից երկուսի վերաբերյալ անհատույց վտարման որոշում կա: Խախտելով «Ժառանգության մասին» օրենքը՝ եւ առաջին ատյանի, եւ վերաքննիչ դատարանները որոշել են բնակիչներից երկուսին անհատույց վտարել: «Մորս մահից հետո տունը ժառանգել ենք ես ու եղբայրս,- պատմում է Բուզանդի 25, 16 բն. տանտեր Սեդրակ Բաղդասարյանը,- եւ թեեւ մորս մահից հետո՝ 15.02.2005թ., մենք, պատշաճ կերպով ընդունելով ժառանգության իրավունքը, կատարել ենք կադաստրային համապատասխան վճարումները (բոլոր այդ փաստաթղթերը պահպանվում են), սակայն Կադաստրը ժառանգության համապատասխան վկայական չի տվել եղբորս եւ մեր խնամքի տակ գտնվող մորաքրոջս՝ զրկելով նրանց սեփականության իրավունքից»: Առիթից օգտվել է ԾԻԳ-ը՝ դիմել է դատարան` Ս. Բաղդասարյանի եղբորն ու մորաքրոջը տվյալ հասցեից վտարելու պահանջով: Դատարանը, առանց պատասխանող կողմին տեղյակ պահելու, ոչ միայն որոշել է ԾԻԳ-ի հայցը բավարարել, այլեւ 14.000 դրամ տուգանք է նշանակվել Բաղդասարյանների ընտանիքին՝ հօգուտ ԾԻԳ-ի: Բաղդասարյանները դեռ դիմադրում են՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները, սակայն չի բացառվում, որ մի օր իրենք էլ գան ու տան տեղում ավերակների հանդիպեն: