Մամուլը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, Panorama.am լրատվական կայքը զրուցել է պետավտոտեսուչների հետ եւ գրել, որ նրանց պատմածով` Մարգար Օհանյանը պաշտոնավարման ժամանակ պայմանագիր է կնքել ավտոլվացման կետերից մեկի հետ եւ ճանապարհային ոստիկանների մեքենաները լվանալու համար պետբյուջեից փոխանցվող հսկայական գումարներ յուրացրել: «Այսպես, պետբյուջեից օրական 2500 դրամով 200 ավտոմեքենա լվանալու համար փոխանցվել է 500 հազար դրամ (1330 ԱՄՆ դոլար), որը հենց Մարգար Օհանյանն էլ յուրացրել է: Հատկանշականն այս պատմության մեջ այն է, որ նույն Օհանյանը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, պարտադրել է ճանապարհային ոստիկաններին իրենց միջոցներով` 1000 դրամով, նույն ավտոլվացման կետում լվանալ իրենց մեքենաները: Եվ այդպես, նա ավտոլվացման կետի ղեկավարությանը խոստացել է, որ նրանց համար կապահովի օրական Ճանապարհային ոստիկանության 200 ավտոմեքենա»,- գրել է կայքը: Եթե Մ. Օհանյանի մեղադրանքները հաստատվեն, ապա կստացվի, որ նա պետությունից յուրացրել է ոչ թե խոշոր, ոչ թե առանձնապես խոշոր, այլ «գերառանձնապես խոշոր» չափերի գումարներ։ Սակայն միայն նրա անձի վրա կենտրոնանալը, համակարգի մյուս աշխատակիցներին «ձեռքի հետ» ներկայացնելով որպես բանից անտեղյակ, միամիտ մարդիկ, առնվազն ծիծաղելի է։ Ստացվում է, որ միայն ավտոլվացման համար նախատեսված գումարներից ՃՈ նախկին պետը յուրացրել է տարեկան մոտ 500 հազար դոլար։ Եթե սրան էլ գումարենք բենզինի գործից գրպանված գումարը եւ դեռեւս չբացահայտված գումարները, ապա թիվը կարող է գերազանցել 1 միլիոն դոլարը։ Եվ ինչ, Մ. Օհանյանը տարիներ շարունակ յուրացրել է տարեկան շուրջ 1 միլիոն դոլար, ու ոչ ոք այդ մասին չի՞ իմացել (նկատի ունենք այն մարդկանց, ովքեր պարտավոր էին իմանալ ու համապատասխան քայլեր ձեռնարկել)։ Եթե իմացել են ու ոչինչ չեն ձեռնարկել, ապա նրանց կարելի է ՃՈ նախկին պետի համար նախատեսված պատժից ոչ պակաս խիստ պատիժ տալ։ Եթե չեն իմացել, ապա պետք է պատժել անգործության համար։ Սա՝ Մ. Օհանյանի վերադասների կամ նրան ստուգելու իրավասություն ունեցողների մասով։ Ինչ վերաբերում է Մ. Օհանյանի ենթականերին՝ ՃՈ աշխատակիցներին, ապա նրանք, փաստորեն, իրենց հաշվին ամեն օր լվացել են ծառայողական մեքենաներն ու բենզին լցրել։ Հարց է առաջանում՝ ՃՈ աշխատակիցները իմացե՞լ են, որ պարտավոր չեն դա անել, որ պետությունը դրա համար առանձին գումար է հատկացնում։ Եթե իմացել են ու ոչինչ չեն արել, ապա դա նշանակում է` հանցագործությունը կոծկել։ Իսկ եթե չեն իմացել, ապա եզրակացությունը պակաս տխուր չէ. այդ դեպքում ստացվում է, որ իրավապահ համակարգի աշխատակիցները, ովքեր պետք է իրե՛նք ապահովեն օրենքի կիրառումը, տեղյակ չեն անգամ սեփական հիմնարկի գործունեությունից եւ իրենց իրավունքներից։ Մի խոսքով, Մ. Օհանյանի գործը ոտքից գլուխ ի ցույց է հանում այն ամբողջ խայտառակ պատկերը, որն առկա է ոստիկանական ամբողջ համակարգում։ Եվ ոչ միայն։ Այս ամենը կարելի է տարածել ոչ միայն Ոստիկանության, այլ պետական ամբողջ համակարգի վրա։ Եթե ոստիկանը օրենքը շրջանցելով գումարներ է յուրացնում, ապա մյուս ոլորտի չինովնիկներն ինչո՞ւ չպետք է նման կերպ վարվեն հնարավորության դեպքում։ Առավելեւս, որ կոնկրետ պաշտոնյայի օրինակն արդեն կա (Վազգեն Խաչիկյանը)։ Եվ վերջապես, այս ամբողջը վկայում է այն մասին, որ պետական այրերը ամենայն անպատասխանատվությամբ են մոտենում հարկատուների գումարներին։ Այդ մասին վկայում է թեկուզ այն փաստը, որ բյուջեով մեկ մեքենայի լվացման համար տրամադրվում է 2500 դրամ։ Այն դեպքում, երբ «մոյկայի» գինը «սեդան» տիպի ավտոմեքենաների համար տատանվում է 1000-1500 դրամի սահմաններում, «ջիփերի» համար՝ 2000-3000։ ՃՈ-ում հիմնականում սեդաններ են։ Այս ամենը զավեշտալի է այնքանով, որ բոլորովին վերջերս ֆինանսական ոլորտի պատասխանատուներից մեկը պարծենում էր, որ պետությանն այս տարի հաջողվել է պետական ծախսերի կրճատման հաշվին զգալի գումարներ տնտեսել։