Ի՞նչն է զսպում Ադրբեջանին

17/09/2011

«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը Ղարաբաղի շուրջ նոր բախումների հնարավորության մասին զեկույց է հրապարակել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն անմիջականորեն սպառնացող գործոն է: Ըստ կենտրոնի փորձագետների` այն է՛լ ավելի վտանգավոր եւ արյունալի կլինի, եթե խնդրին միջամտեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը: Նրանց կանխատեսումներով` դա կունենա ավելի ավերիչ հետեւանքներ, քան Հարավային Օսիայի շուրջ 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը: Կենտրոնի հրապարակած զեկույցում նշված են երեք հիմնական սպառնալիքները: Առաջին` բախումների վերսկսումը կվտանգի էներգակիրների փոխադրման ուղիները, դա նախեւառաջ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Արդյունքում` միջազգային շուկաներում շեշտակի կաճի նավթի գինը: Երկրորդ` պատերազմը կվտանգի միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի օդային տարածքով, եւ որով Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականացնում է Աֆղանստան ռազմական փոխադրումների ավելի քան 70 տոկոսը: Երրորդ` Ռուսաստանը կարող է միջամտել կոնֆլիկտին եւ հզորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի հետեւանքով Վրաստանը կհայտնվի է՛լ ավելի մեկուսացված վիճակում: Բացի այդ, ըստ փորձագետների` դա կդառնա խոչընդոտ Հայաստանում եւ Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների համար: «Oxford Analytica»-ի վերլուծաբանների փոխանցմամբ` Ադրբեջանը հետզհետե ավելի է ընկճվում, քանի որ բանակցային գործընթացում էական առաջխաղացում չկա: Նրանց դիտարկմամբ` վերջին ժամանակաշրջանի լարվածությունը եւ առավել հաճախակի դարձած բախումները վկայում են պատերազմի վերսկսման էական վտանգի մասին: Փորձագետների համոզմամբ` Կազանի հանդիպման ձախողումն է՛լ ավելի է խթանել Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանությունը. Բաքվում սկսել են ավելի բացահայտ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելու անխուսափելիության մասին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված ուժերի սահմանափակ կարողությունը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի մերվել պարտության հետ եւ շարունակելու է բանակի հզորացման քաղաքականությունը: Ադրբեջանի համար անցած դարի 90-ական թվականներին կրած նվաստացուցիչ պարտությունը սոսկ հայաբնակ տարածքի կորուստ չէ: Ադրբեջանը 1994 թվականին զրկվել է նաեւ Ղարաբաղին հարող շրջաններից: Այդ պարտությունը ցավ պատճառող համազգային նսեմացում է: Սակայն, ըստ կենտրոնի վերլուծաբանների, ադրբեջանցիների մեծ մասը հավատում է, որ պարտությունը վերջնական չէ, նրանք համոզված են, որ «Հայաստանը շահել է ընդամենը ճակատամարտը, այլ ոչ թե ամբողջ պատերազմը, որն Ադրբեջանի համար բնավ չի ավարտվել»: Զեկույցում ասվում է, որ այս անորոշությունը նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որում առավել ակտիվ է նախեւառաջ Ադրբեջանը: 2004թ. այդ երկիրը զինված ուժերին 175 միլիոն դոլար է հատկացրել, իսկ այս տարի այդ գումարը հասել է արդեն 3.1 -3.3 միլիարդ դոլարի, ինչը հավասար է պետական բյուջեի 20 տոկոսին: Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, թեպետ Ադրբեջանը բանակին փոխանցում է շատ միջոցներ, դրանք արդյունավետ կերպով չեն տնօրինվում, քանի որ, չնայած այդ հատկացումներին` զինված ուժերի իրական մարտունակությունը տպավորիչ չէ: Պատճառներից մեկը, ըստ զեկույցի հեղինակների, Ադրբեջանի զինված ուժերում համատարած կոռուպցիան է: «Oxford Analytica»-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով տեղակայված ադրբեջանական ուժերի ցածր որակն ինքնին վտանգավոր գործոն է, քանի որ անորակ ստորաբաժանումների ոչ պրոֆեսիոնալ եւ վատ հաշվարկված անկանխատեսելի գործողությունները կարող են հանգեցնել նոր պատերազմի: