Երեկ Լոռվա մարզի դատախազ Կարեն Շահբազյանը պատասխանել է մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Թանկարժեք նվեր դատախազին» վերտառությամբ հրապարակմանը: Հիշեցնենք, որ այդ տեղեկատվությունը մենք արտատպել էինք henaran.am կայքից: «Սեպտեմբերի 10-ը, այո, իմ ծննդյան օրն է, սակայն որեւէ պաշտոնատար անձից, այդ թվում` Վանաձորի քաղաքապետից կամ գեներալ Երանոսյանից, որեւէ թանկարժեք նվեր, առավել եւս` ավտոմեքենա չեմ ստացել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց նա: Նաեւ տեղեկացրեց, որ «Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա ունի արդեն մի քանի տարի, որը գնել է անձամբ` օտարելով իր նախորդ ավտոմեքենան` շեշտելով, որ մեքենայի համար վճարել է քառակի էժան` մամուլում նշված գնից: Հարցին, թե կարծիք կա, որ ինքն այնքան «ազդեցիկ» է մարզում, որ տեղական բարձրաստիճան չինովնիկները փորձում են խնդիրներ չունենալ իր հետ` Կ.Շահբազյանը պատասխանեց, որ հենց այդ կարծիքն էլ եւս մեկ անգամ վկայում է թանկարժեք նվերի մասին շրջանառության մեջ մտցված լուրի սնանկությունը: «Մարզի պաշտոնատար անձանցից թանկարժեք նվեր ստացող դատախազը չի կարող ազդեցիկ լինել, քանի որ նման պայմաններում դատախազն էլ փորձելու է խնդիրներ չունենալ նման անձանց հետ եւ դառնալու է նրանց «գերին»: Իսկ ինչ վերաբերում է Լոռու մարզի նորանշանակ մարզպետին իր տիրույթում պահելու փորձերին, ապա Կ.Շահբազյանն ասաց, որ դատախազը նիստեր չի հրավիրում, հետեւաբար` ոչ նախկին եւ ոչ էլ ներկայիս մարզպետին չի հրավիրել չանցկացվող նիստերին մասնակցելու, իսկ մարզի բոլոր պաշտոնատար անձանց հետ գտնվում է զուտ պաշտոնական, աշխատանքային հարաբերությունների մեջ: