Դժվարամատչելիության տարածաշրջանային կենտրոն

16/09/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցը, որում ներառված է աշխարհի երկրների տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշը։

Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը` 10 բալանոց համակարգով ստանալով 3,87 բալ 2008թ. համեմատ՝ մեր երկիրը 11 կետով բարելավել է իր դիրքերը այս վարկանիշում։

«Վերջին երկու տարիներին շատ երկրներ զգալի դրական փոփոխություններ են արձանագրել այս ոլորտում, ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական առումով։ Այդ դինամիկ երկրներից են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը եւ այլն»,- ասված է զեկույցում։ Հարավային Կովկասի մյուս երկրները` Ադրբեջանն ու Վրաստանը, զիջում են Հայաստանին, զբաղեցնելով համապատասխանաբար 74-րդ եւ 77-րդ հորիզոնականները։ Թուրքիան 59-րդն է, իսկ Իրանը` 87-րդը։ ԱՊՀ առաջատարը Ռուսաստանն է, որին հետեւում են Բելառուսն ու Մոլդովան։ Նշենք, սակայն, որ բացի բուն վարկանիշից` ITU-ն հրապարակում է նաեւ առանձին վարկանիշ` ըստ տեղեկատվական զամբյուղի մատչելիության (աղյ.1)։ Այսինքն՝ այդտեղ երեւում է, թե որ երկրներում է տեղեկատվական զամբյուղն ավելի էժան։ Զամբյուղում ներառված է 3 բաղադրիչ՝ ֆիքսված հեռախոսակապի գինը, բջջային կապի գինը եւ լայնաշերտ ինտերնետի գինը։ Ընդ որում, ցանկը կազմված է ոչ թե, ասենք, բջջային հեռախոսակապի կոնկրետ գնի վրա՝ դոլարային արտահայտությամբ, այլ դիտարկվում է, թե տվյալ ծառայության գինը մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի քանի՞ տոկոսն է կազմում։

Օրինակ՝ 2010թ. տվյալներով Լատվիայում ֆիքսված հեռախոսակապի ծառայության տարեկան միջին արժեքը մոտ 124 դոլար է։ Հայաստանում՝ շատ ավելի էժան` 50 դոլար։ Սակայն Լատվիայում մեկ շնչին ընկնող եկամուտը 12.390 դոլար է, Հայաստանում՝ 3100 դոլար։ Հետեւաբար, գործակալությունը համարում է, որ Լատվիայում ֆիքսված հեռախոսակապն ավելի մատչելի է լատվիացու համար (քանի որ կազմում է համախառն եկամտի 1.1%-ը), քան Հայաստանում՝ հայաստանցու համար (ՀԱԵ-ի 1.6%-ը)։

Աղյուսակ 1-ում ITU-ի վարկանիշից առանձնացրել ենք նախկին ԽՍՀՄ երկրների տվյալները (բացի Թուրքմենստանից)։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը տեղեկատվական ծառայությունների մատչելիությամբ 14 երկրների մեջ զբաղեցնում է 10-րդ տեղը եւ ինդեքսը կազմում է 5.9։ Իսկ ամբողջական ցուցակում՝ 152 երկրների շարքում` 102-րդ տեղը։ Հետաքրքրվողների համար նշենք, որ տեղեկատվական զամբյուղի մատչելիության առումով առաջին տեղում Մոնակոն է (ինդեքսը՝ 0.2), ամենաթանկը՝ Նիգերը (71.6)։ Բոլոր 152 երկրների միջին ինդեքսը 2010թ. կազմել է 12։ Այնպես որ, կարելի է ասել՝ Հայաստանի ՏՏ զամբյուղի մատչելիությունը միջին մակարդակի վրա է։

Գործակալության ներկայացրած տվյալների հիման վրա մենք փորձեցինք հաշվել, թե ԱՊՀ առանձին երկրներում ՏՏ ոլորտի ծառայությունները որքան արժեն բացարձակ՝ դոլարային արտահայտությամբ։ Ֆիքսված հեռախոսակապի ամսական գինը, ըստ այդ հաշվարկի, Հայաստանում կազմեց 4.13 դոլար։ Այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում 9-րդ տեղում ենք։ Բջջային կապի գների առումով՝ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում գտնվում է 6-րդ տեղում։ Բջջային կապի ծառայությունների միջին ամսական գինը 8.7 դոլար է։ Ամենաէժանն այդ առումով Տաջիկստանն է՝ 1.8 դոլար։ Ամենից վատ ցուցանիշն արձանագրվել է ինտերնետի վճարի մասով։ Ինչպես տեսնում եք` աղյուսակ 2-ում՝ ինտերնետի թանկությամբ զբաղեցնում ենք 10-րդ տեղը՝ տարեկան 387.5 դոլարով։ Այս տվյալները հետաքրքիր են հատկապես ՀՀ կառավարության` տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գերակա ճյուղ հռչակելու փաստի ֆոնին: Այսինքն` անուղղակիորեն եւս մեկ անգամ բացահայտում են կառավարության հերթական «փուչիկ ծրագիրը»: